Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի ապրիլին երկարացրեց Ադրբեջանին ռազմական տեխնիկա և զինամթերք վաճառելու արգելքի կասեցումը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Բաքու զինամթերքի արտահանումը կարևոր է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Վաշինգտոնի ջանքերին սատարելու տեսանկյունից, սակայն մեծ թվով փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածամտորեն են մոտենում Սպիտակ տան դիրքորոշման նպատակահարմարությանը: Մասնավորապես ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, քննադատելով Ադրբեջանին զենքի մատակարարման արգելքը վերացնելու որոշումը, արձանագրում է, որ ադրբեջանական իշխանությունները, պարբերաբար ռազմական աջակցություն ստանալով ԱՄՆ-ից կամ ԵՄ անդամ որևէ երկրից, ոչ միայն թաքցնում են փաստը, որ Լեռնային Ղարաբաղում զինամթերքն ուղղվելու է հայերի դեմ, այլև այդ զենքի որոշ մասը վաճառում են երրորդ երկրներին, ահաբեկիչներին կամ սև շուկայում:
Ռազմական ու պաշտպանական լուրերի բուլղարական հետազոտական ու վերլուծական Bulgarian Military հարթակը «Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը» խորագրով անդրադարձել է Ադրբեջանի կողմից սև շուկայում զենք վաճառելու փաստին՝ փորձելով հասկանալ, թե որքանո՞վ է նպատակահարմար Արևմուտքի երկրների կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին ու թե որտե՞ղ ու ի՞նչ նպատակներով դրանք կարող են կիրառություն ստանալ:
«Շատ ապացույցներ են արդեն հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի կողմից սև շուկայում զենքի անօրինական շրջանառության փաստը: Օրինակ, Բաքուն 2017 թվականին, որպես կանոնավոր զորավարժությունների մաս, ցույց տվեց չեխական MLRS RM-70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ինչը, համաձայն չեխ պաշտոնյաների հայտարարությունների, այդ երկիրը պարզապես չէր կարող ունենալ՝ հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության գործող օրենքները: Այդ ժամանակ Հայաստանն արդեն իսկ բարձրաձայնում էր Լեռնային Ղարաբաղում այդ ռազմական համակարգերի հայտնվելու մասին, և այդուհանդերձ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց նման գործարքի անհնարինության մասին: Որպես արդյունք, ռազմական փորձագետները սկսեցին տեսակետներ հայտնել այն մասին, որ զինամթերքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով»,- գրում է Bulgarian Military-ն:
Հարթակը փաստում է, որ շատ վերլուծաբաններ հիմնավոր կասկածներ ունեն, որ Բաքուն Սիրիայում և այլ թեժ կետերում զենք ու զինամթերք է մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին: Այդ մասին հետաքննական հոդված հրապարակեց բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևան՝ բացահայտելով Anonymous Bulgaria հաքերային խմբի կողմից ստացված գաղտնի տեղեկատվությունը, համաձայն որի ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությունը զինամթերք է տեղափոխել Սաուդյան Արաբիա, իսկ այդ երկրից զենքը փոխանցվել է Եմենի սաուդամետ ուժերին, Սիրիայի ջիհադիստներին, ինչպես նաև տեղափոխվել Մալի, Բուրկինո Ֆասո և Աֆղանստան:
Ուշագրավ է, որ այս տեսակետը պաշտպանում են նաև Ադրբեջանի ընդդիմադիր վերլուծաբանները: Համաձայն Timeturk գործակալության տվյալների՝ Ադրբեջանը ձևավորել է «Մահմութ» զինյալ խմբավորումը, որը մասնակցում է Սիրիայում Բաշար Ասադի դեմ ռազմական գործողություններին: Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մեծ մասը նմանօրինակ խմբավորումների միջոցով, ոչ առանց թուրքական կողմի աջակցության, հայտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման ձեռքում ու այդպիսով տարածվում ողջ աշխարհում:
«Հետևաբար առաջանում է ողջամիտ հարց՝ արդյոք ԱՄՆ-ին անհրաժեշտ են նմանօրինակ օրենքներ, որոնք օրինականացնում են ավտորիտար ռեժիմներին զինամթերքի մատակարարումը: Ամերիկացի պատմաբան, Antiwar վերլուծական կայքի խմբագիր Դանիել Լարիսոնը վստահ է, որ ԱՄՆ-ն դրա կարիքը չունի: Նա կոչ է արել Վաշինգտոնին սկսել մշակել իրավական մեխանիզմներ, որոնք թույլ կտան արգելել ՆԱՏՕ-ի զինամթերքի մատակարարումն Ադրբեջանին, քանի որ Բաքվին ռազմական աջակցության ցուցաբերումը իրական վտանգ է Կովկասում իրադրության խաթարման տեսանկյունից:
Այսինքն, եթե ԱՄՆ-ն և եվրոպական երկրներն իսկապես ցանկանում են արդարացնել արտաքին քաղաքական ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության իրենց հանձնառությունը և հակազդել միջազգային ահաբեկչությանը, նրանք պետք է սկսեն բարեփոխել իրենց օրենսդրական համակարգերը, մասնավորապես, դադարեցնելով ցանկացած ռազմական աջակցությունն Ադրբեջանին»,- գրում է Bulgarian Military-ն:
Հարթակն անդրադարձել է նաև փաստին, որ Սիրիայում թուրքերի կողմից աջակցություն ստացող զինյալ խմբավորման անդամներն ադրբեջանական կողմից հայտնվել էին 2020 թվականի Արցախում ծավալված պատերազմական գործողությունների կենտրոնում: Վաշինգտոնում գործող CNA հետազոտական կենտրոնի ռազմական փորձագետ Մայքլ Քոֆմանի կարծիքով՝ օգտագործելով «Իսլամական պետություն» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիացի զինյալներին Արցախում՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել նվազագույնի հասցնելու սեփական կորուստները: Իսկ Վաշինգտոնում գործող մեկ այլ կենտրոնի՝ Center of global policy-ի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, ով հարցաքննել է հակամարտությանը մասնակից մի քանի տասնյակ սիրիացիների, հաստատում է, որ նրանք արցախյան վերջին պատերազմում օգտագործվել են որպես «թնդանոթի միս»՝ մասնավորապես հարավային հատվածներում ռազմական գործողությունների ժամանակ:
«Կասկածից վեր է, որ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հետ մարտահրավեր են նետել համաշխարհային հանրությանը՝ բացահայտ շահագործելով ջիհադիստներին: Բաքուն հազիվ թե կարողանա մաքրել հեղինակությունն ահաբեկիչների հետ համագործակցության ստվերից, համագործակցություն, որի նպատակն էր գրավել Լեռնային Ղարաբաղը: Իսկ Հյուսիսատլանտյան դաշինքում Թուրքիայի գործընկերներն իրենց հերթին պետք է մտածեն, թե որքանով է նպատակահարմար հետագա ռազմական ու տեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ, հատկապես հունիսին ռազմական համագործակցության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական համաձայնագրի կնքման ֆոնին, որը Բաքվի համար ընդլայնում է ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքերի հասանելիությունը: Ո՞վ իմանա՝ վաղն ում դեմ դրանք կարող են օգտագործվել»,- եզրափակել է հոդվածը Bulgarian Military-ն: