Թշնամու՝ իր ներքին կամ արտաքին լսարանի համար մեր ուղղությամբ նետված ոչ մի արտահայտություն մեր ականջի կողքով չպետք է բաց թողնենք։ Առավելեւս՝ թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերին չպետք է «արկածախնդրություն» բառը վերագրենք, որովհետեւ նախ այդ բնորոշումը բառացիորեն թուլացնում է մեր զգոնությունը, եւ հետո՝ կյանքը ցույց է տալիս, որ այդ իբր արկածախնդրությունը իրականում ճիշտ հաշվարկված քայլեր են։ Տառացիորեն՝ ագրեսիա եւ ահաբեկչություն բոլոր ոլորտներում՝ մշակութայինից սկսած մինչեւ քաղաքականություն։ Տնտեսական շեշտադրությամբ ահաբեկչական քայլերին «ՀՀ»-ն մշտապես անդրադառնում է։ Թշնամին կարեւորագույն ոլորտներ է ընտրել դրա համար՝ ջրային, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության։ Վերջինիս մասով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը ամենատարբեր հայտարարություններ է անում։ «minval.az»-ը վերջերս տպագրել էր Ալիեւի՝ «AzTv»-ին տված հարցազրույցը, որում Ալիեւը նշում է, թե փոխհատուցում է պահանջում «ազատագրված տարածքներում ոսկի արդյունահանած ընկերություններից»։
Խոսքը մեր հայրենիքի մի հատվածի՝ Արցախի այն տարածքների մասին է, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության ներքո են։ Փոխհատուցում էլ պետք է տան այն ընկերությունները, որ աշխատել են Կովսականում եւ Քարվաճառում։
«Այդ ընկերությունները երկու տարբերակ ունեն. կամ նրանք մեզ կփոխհատուցեն, կամ մենք հարցը կլուծենք իրավական հարթությունում։ Ես ուզում եմ ասել, որ նրանք պետք է կամավոր վերականգնեն վնասը եւ միայն այդ դեպքում կարող են հանգիստ ապրել։ Այլապես այդ ընկերությունների գործարար համբավը ծանր հարված կստանա»,-ասել էր Ալիեւը՝ միաժամանակ հավելելով, թե հրավիրել են միջազգային խորհրդատուների։
Սրա պատասխանը չտրվեց հայկական կողմից։ Բայց զուգահեռ յուրօրինակ պատասխան եղավ (հենց Ալիեւի ասածի նույն օրը) ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած ընդամենը երկու փաստաթուղթ, որոնք հստակ ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ հատուցելով մեր գյուղացիներին պատճառած վնասները։ Ա. Թաթոյանի հրապարակած փաստաթղթերից մեկը Կապանի Դավիթ Բեկ գյուղի բնակչի ոչնչացած այգու վնասների հաշվարկն է, իսկ մյուսը Վարդենիսի բնակչի գյուղատնտեսական նպատակով հողամասի վարձակալության պայմանագիրն է, բայց որի հնարավորությունից նա այլեւս զրկված է:
«Փաստաթղթերն օրինակ են, որ ապացուցում են. Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի այս բնակիչների սեփականության, սոցիալական ապահովության եւ մյուս օրինական իրավունքները խախտված են ադրբեջանական զինված ուժերի անօրինական ներկայության պատճառով: Ադրբեջանական իշխանությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները: Պետք է հատուցեն նրա համար, որ անվտանգության լրջագույն վտանգներից բացի, խաթարել են մարդկանց բնականոն ու խաղաղ կյանքը, նրանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»,- նշել էր ՄԻՊ-ը՝ հավելելով, թե այս փաստերը եւս մեկ անգամ ապացուցում են, որ սահմանային հարցերը չեն կարող դիտարկվել սահմանային բնակիչների իրավունքներից կտրված: Ավելին, դարձյալ ՄԻՊ-ի խոսքերով, այս հարցերում ինչ քաղաքական մեխանիզմ էլ ուզում է լինի, չի կարող հաջողություն ունենալ, եթե հաշվի չառնի մարդու իրավունքները: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, պետք է առանց վհատվելու ու հետեւողական քայլերով հասնենք խախտված իրավունքների վերականգնմանը: «Անպատժելիությունն առավել ծանր խախտումների կրկնության վտանգը դարձնում է իրական»,- եզրափակում է Ա. Թաթոյանը:
Սա ընդամենը մեկ օրինակ էր։ Մենք ամեն օր կարող ենք հաշվարկել վնասները՝ առանձին-առանձին, ի մի բերել նաեւ այդ վնասների հետեւանքով կորուստները՝ բերքի, եկամուտների։ Մենք պետք է միջազգային հարթակներում աշխատենք բոլոր ուղղություններով՝ այբ-ֆե՝ տարածքների հայապատկանությունից սկսած մինչեւ կյանքի իրավունք։ Եվ ցույց տանք, թե ինչպես է այդ իրավունքը խախտվում թշնամու կողմից ամեն օր։ 44-օրյա պատերազմից հետո թուլացած քաղաքացին շատ արագ ոտքի կկանգնի, եթե տեսնի թշնամու հանդեպ հակազդեցությունը։ Ազգի համար հոգու թուլությունը մեկ այլ պատերազմ է՝ դարձյալ վտանգավոր հետեւանքներով։ Ինչից էլ օգտվում է թշնամին։ Իսկ մենք պարտավոր ենք սա թույլ չտալ՝ չանտեսելով ոչ մի հարց, այո, հենց թեկուզ գյուղացիներին պատճառած վնասները։ Այս աշխատանքի մեջ կարեւոր է ամեն քայլ, եւ այդ ամենի հանրագումարը կարող է լրջորեն հակազդել թշնամուն։