Ետպատերազմյան շրջանում հոգեբանական աջակցության պետական ծրագրի շահառուների թիվն արդեն անցել է 700-ից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ծրագրի կատարման ընթացքի մասին մանրամասներ հայտնեցին պատասխանատուները:
«Առաջին փորձն է մեր իրականության մեջ: Պետությունը, ելնելով ժողովրդի ստացած հոգեբանական ազդեցություններից, անկումային տրամադրություններից, նպատակահարմար գտավ կազմակերպել ժողովրդի լայն զանգվածների հոգեբանական առողջության խնդիրը»,- ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:
Կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվից Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացրել է 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար: Հայտարարված մրցույթում շահել է Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Հիմնադրամը փոխադարձ համաձայնության պայմանագրով աշխատում է նաև հոգեբանական այլ կազմակերպությունների հետ: 8 հոգեբանական կազմակերպությունների կողմից մոբիլիզացվել են 60-ից ավելի որակավորված հոգեբաններ: Բուն աշխատանքները սկսվել են դեռ հունիսի 1-ին, պետք է իրականացվեն 6-ամսյա ժամկետում: Մինչև ծրագրի մեկնարկը ԱԻՆ-ի համապատասխան մասնագետները ևս աշխատել են բնակչության հետ, նախարարությունը հարյուրավոր զանգեր է ստացել: «Եվ սեփական վերլուծության արդյունքում նախարարության հոգեբանները հասկացել էին, որ բավականին լայն խոցելի շերտեր ունենք»,- ասաց Հակոբյանը:
ԱԻՆ հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանը նշեց, որ ծրագրի համապատասխան թիրախային խմբեր են հանդիսանում անհետ կորածների և ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամները, պատերազմին մասնակցած զինծառայողները և կամավորականները, տեղահանվածները: Հոգեբանական աջակցության ընթացքում այդ անձինք ծառայություններ են ստանում մի շարք ուղղություններով՝ անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, մատուցվում են նաև հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ: Բացի այդ, իրականացվում են նաև առցանց, հեռախոսային հոգեբանական ծառայություններ:
Գրիգորյանը, սակայն հավելեց, թե դեռևս ձևավորված չէ այն գիտակցությունը, որ պետք է դիմել հոգեբանի, նման դեպքում նախաձեռնությունն առավելապես հոգեբանների կողմից է լինում, որոնք փորձում են հայտնաբերել շահառուներին, աշխատել նրանց հետ: Սակայն ցանկացած շահառու կարող է կապ հաստատել հոգեբանական ծառայություններ մատուցող կոնսորցիումի անդամ որևէ կազմակերպության հետ կամ կապվել հատուկ ծրագիրը սպասարկելու համար ստեղծված հոգեբանական ծառայությունների մատուցման թեժ գծով, որն իրականացնում է համապատասխան խորհրդատվություն, ուղղորդում դեպի համապատասխան հոգեբանական ծառայություն: Թեժ գծի համարն է 060 834 777:
Նախորդ օրվա տվյալներով արդեն 700-ից ավելի շահառուներ ստանում են հոգեբանական ծառայություններ: Ծրագրով նախատեսվում է առավելագույնը մինչև 8 սեանս հոգեբանական ծառայությունների մատուցում: 70-ից ավելին արդեն ավարտել են:
ԵՊԲՀ֊-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանն էլ հավելեց, որ ոչ միայն Հայաստանում, նաև եվրոպական շատ զարգացած երկրներում կա այդ խնդիրը, երբ մարդիկ հապաղում են դիմել հոգեբանի: 20-25 տոկոս դեպքերում առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են և աստիճանաբար կարող են խանգարել ոչ միայն անձին, այլև նրա շրջապատի մարդկանց և հասարակությանը: Հիմնադրամի սոցիալական աշխատողը զանգահարում է շահառուներին և տեղեկացնում, որ ստեղծվել է այդպիսի ծառայություն, կարող են դիմել: