ՀՀ վիճկոմիտեի տվյալների համաձայն՝ 2020-ին 2019 թ. համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1,0 տոկոսով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել են համապատասխանաբար 15,3 եւ 17,0 տոկոսով։ Վերջին տարիների ընթացքում հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019 թ. այն կազմել է 25,9 տոկոս 2015 թ. 49,5 տոկոսի դիմաց։ Միաժամանակ վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2-349,7 հազար տոննա ցորեն։ Կորոնավիրուսի տնտեսական եւ ռազմական դրության հետեւանքները մեղմելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում, տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել ինքնաբավության մակարդակն ու նպաստել պարենային անվտանգության ապահովմանը։ Գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։
Երեկ հաստատվեց Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թ. պետական աջակցության ծրագիրը եւ ուժը կորցրած համարվեց 2020 թ. համապատասխան որոշումը։ Ինչ է նախատեսում այս տարվա ծրագիրը, որ մարզերում է այն իրականացվելու, ովքեր կարող են լինել շահառուները, ինչ է ենթադրում պետական աջակցությունը. այս եւ այլ հարցերի պատասխանները ստանում ենք էկոնոմիկայի նախարարությունից։
Այս անգամ ծրագիրը վերաբերում է ոչ թե ընտրված մարզերի, այլ երկրի բոլոր մարզերին։ Ծրագրի մասնակիցներն են նախարարությունը, սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, գյուղատնտեսությունում տնտեսավարողները։ Ծրագրի շահառուներ կարող են լինել 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները։ Ընդ որում՝ յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 35000 կգ-ն (1 հա-ի հաշվով առավելագույնը՝ 350 կգ), իսկ ցանքատարածությունների հանրագումարը 100 հեկտարն է։ Գրանցված սերմարտադրողները բացառապես սերմարտադրության նպատակով կարող են եւս մինչեւ 100 հա տարածքում ցանք կատարել՝ հստակ նշված սորտերի էլիտային սերմերով։
Ծրագրի շրջանակում ձեռք բերված սերմերով պետք է պարտադիր ցանք կատարվի մինչեւ տվյալ տարվա նոյեմբերի 1-ը, իսկ եղանակային պայմաններով պայմանավորված ցածրադիր շրջաններում՝ մինչեւ նոյեմբերի 1-ին տասնօրյակ:
Սուբսիդավորման կամ փոխհատուցման ենթակա է կառավարության 2005 թ. որոշման համաձայն հավաստագրված եւ նույն տարվա մեկ այլ որոշմամբ տնտեսական օգտակարության պետական սորտափորձարկում անցած եւ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված՝ օրինակ «Վելենա», «Բագրատ», «Ստեպ», «Դավիթ-1», «Նժդեհ» սորտերի էլիտա կամ 1-ին վերարտադրության սերմերի վաճառքի գինը, ինչպեսեւ մատակարարի եւ շահառուի կողմից ցանք կատարելու համար ձեռք բերված սորտերի սերմերի գինը։ Սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրվի միայն հավաստագրված, պիտակավորված, ախտահանված եւ ՀՀ-ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի համար։
Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը: Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 30 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր եւ ցանք անել: Սուբսիդավորման կամ փոխհատուցման չափերի սահմանումը պայմանավորված է շուկայական միջին գներից ցածր գին ապահովելու հանգամանքով։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ։
Ծրագրի ֆինանսավորումը պետբյուջեից է արվելու։ Ծրագրի բյուջեն 2021 թ. համար կկազմի շուրջ 329,0 մլն դրամ (գնահատման հիմք է դարձել մարզերից ստացված սերմացուի պահանջարկի շուրջ 60 տոկոսը): Ծրագրի շրջանակում այս տարվա սերմացուի պահանջարկը կկազմի շուրջ 4700 տոննա` 2700 տոննա էլիտա եւ 2000 տոննա 1-ին վերարտադրության։
Ակնկալվում է, որ ծրագրի իրագործման հետեւանքվ ցորենի բերքատվության մակարդակը կբարձրանա՝ մինչեւ 30 տոկոս, նաեւ շուրջ 16,0 հազար հա աշնանացան ցորենի ցանք կարվի։