Հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիս Առնո Բաբաջանյանի 100-ամյակի կապակցությամբ «ՀայՓոստ»-ը մարեց և շրջանառության մեջ դրեց «Մեծանուն հայեր. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը» թեմայով նամականիշ-գեղաթերթիկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարումն իրականացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի խոսքով՝ գեղաթերթիկն իր ձևաչափով եզակի է իր ձևաչափով:
«Առաջին անգամ թողարկել ենք տեսաձայնային նամականիշ: Շարունակելու ենք մեր նորամուծությունները հայկական ֆիլատելիայում, և, վստահ եմ, որ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնեն նամականիշերի նկատմամբ»,- նշեց Կարապետյանը:
Դավիթ Սահակյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց նամականիշի ստեղծողներին:
«Նման նամականիշները լավ PR-գործիք են մեր մշակույթն ամբողջ աշխարհում տարածելու համար, որպեսզի տեղեկացնենք մեր մեծերի կատարած աշխատանքների մասին»,- ասաց ԲՏԱ փոխնախարարը:
Արա Խզմալյանն էլ բարձր գնահատեց ՀայՓոստի հետ համագործակցությունը:
«Մենք փորձ ունենք հուշարձանների հանրային իրազեկմանն ուղղված նամականիշների թողարկման առումով, վերջերս թողարկեցինք Սպենդիարյանին նվիրված նամականիշը: Այսօր մարում ենք մեր մեծանուն կոմպոզիտորին նվիրված նամականիշը, ում անունը դարձել է լավատեսության ու կենսասիրության խորհրդանիշ: Կարծում եմ՝ հիմա առավել ևս անհրաժեշտ է հնչեցնել Բաբաջանյանի անունն ու նրա երաժշտությունը»,- ասաց Խզմալյանը:
Հովիկ Մուսայելյանը նշեց, որ Բաբաջանյանին նվիրված նամականիշի մարումով մեծարվում է ազգային հպարտություններից մեկը:
«Բոլոր ազգերն էլ ունենում են մեծություններ, բայց քչերն են լինում խարիզմատիկ: Առնո Բաբաջանյանը եղել է հենց այդ քչերից, և հպարտ եմ, որ մի ամբողջ սերունդ դաստիարակվել է նրա երաժշտության շնորհիվ»,- ասաց Մուսայելյանը և հավելեց, որ մեծ ուրախություն է նոր տեխնոլոգիաների գործածությամբ նման նամականիշ ունենալը:
1000 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը: Գեղաթերթիկի վրա պատկերված է Արամ Խաչատրյանի համերգասրահը, «100-ամյակ» և «Առնո Բաբաջանյան» գրառումները՝ հայերեն և անգլերեն: Գեղաթերթիկի ստորին աջ անկյունում տեղադրված է ARLOOPA հավելվածի նշանը: Ներբեռնելով հավելվածը և սկանավորելով գեղաթերթիկը՝ հնարավոր է վայելել Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը՝ իր իսկ կատարմամբ: Ընդհանուր առմամբ, թողարկվել է 30 հազար նամականիշ: