Հայաստանի եզդիական համայնքը և աշխարհում ապրող յուրաքանչյուր եզդի իր պարտքն է համարում եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը՝ ընդգծելով, որ իրենց ցավն այսօր խորն է, և եզդի ժողովուրդը քաջ գիտակցում է, որ այսօր էլ կանգնած է ոչ միայն արյունոտ, այլև սպիտակ ցեղասպանության վտանգի առաջ:
«2014 թվականի օգոստոսի 3-ից սկսած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում գործեց եզդիաբնակ Շանգալ տարածաշրջանի վրա՝ ցեղասպանության ենթարկելով տեղի եզդիներին: Այո´, նրանք զոհվեցին, որովհետև ազգությամբ եզդիներ էին: Այո՛, նրանք զոհվեցին, որովհետև դավանում էին Շարֆադինի կրոնը: Նրանք չուրացան իրենց ազգությունն ու ազգային արժեքները: Նրանք գնդակահարվեցին, բայց չուրացան այն, ինչ ժառանգել էին իրենց հերոս մեծերից: Այսօր մենք մեզ վրա պարտք ենք զգում հիշելու և ոգեկոչելու մեր անմեղ զոհերի հիշատակը: Փառք նրանց: Նրանք կան ու կլինեն, և եզդի ժողովուրդը եղել է, կա ու կլինի», – հայտարարեց եզդիների առաջնորդը:
Խդր Հաջոյանը նաև շեշտեց, որ 2015 թվականին Կամերային երաժշտության տան հարևանությամբ տեղադրված հուշակոթողը, որի մոտ տեղի էր ունենում ոգեկոչման արարողությունը, վկայում է այն մասին, որ Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն ազատ և անվտանգ է զգում:
Օղակաձև զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողի մոտ, տեղի ունեցավ եզդիների ցեղասպանության 7-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին Հայաստանի եզդիական, քրդական համայնքների ներկայացուցիչները, այդ թվում՝ Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը և Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ինչպես նաև հայության ներկայացուցիչները, մասնավորապես՝ «Ծիրանի ծառ» պարային համույթը, եզդի ժողովրդի բարեկամներ՝ գեներալ Վաչագան Չիբուխչյանը, գնդապետ Նվեր Գալստյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ցեղասպանությունից մազապուրծ եղած եզդիներ: Մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին եզդիների ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին և հանդես եկան ելույթներով:
Եզդիների ցեղասպանությունը տեղի է ունեցել 2014 թ. օգոստոսին, եզդիների պատմական բնօրրանում՝ Իրաքի Սինջար քաղաքում: Եզդիների զանգվածային կոտորածները կազմակերպել են «Իրաքի և Լևանտեի իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման զինյալները՝ 2014 թ. ամռանը Իրաքի հյուսիսային շրջանները գրավելուց և այդ տարածքում «Իսլամական խալիֆայություն» հռչակելուց հետո: Իսլամիստ ահաբեկիչները կոտորեցին հազարավոր եզդիների, իսկ երիտասարդ աղջիկներից շատերին ենթարկեցին սեռական ստրկության: Ցեղասպանության հետևանքով Իրաքի հյուսիսային շրջաններից տեղահանվել է մոտ 200 հազար եզդի: Այդ դեպքերից հետո՝ ամեն տարվա օգոստոսի 3-ին, ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին:
2018 թ. հունվարին Հայաստանի խորհրդարանը ճանաչել է եզդիների ցեղասպանությունը: