ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է արձակագիր
ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Հեռավոր 1975-ի սեպտեմբերյան մի խաղաղավետ երեկո համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Սմբատ Ավագյանը ինձ ու համակուրսեցուս` Կարինե Արամյանին «Արմենիա» հյուրանոց տարավ՝ հանդիպելու Մոսկվայից ժամանած հայտնի գրականագետ, պրոֆեսոր Արշավիր Արշարունուն: Մոտ երկու ժամ տևած զրույցն ասես մեր համալսարանական դասի շարունակությունը լիներ` ակադեմիական կոկիկ խոսքով ու ոճով, և, անկեղծ ասած, այսօր այդ հանդիպումից սրտումս էական բան չի մնացել: Այ, ուրի՜շ էր քիչ անց Ամիրյան փողոցում Հովհաննես Շիրազի հետ մեր` թեկուզև շատ կարճատև, «ոտքի վրա» պատահական հանդիպումը: Հախուռն, բնական, մարդկային ջերմությամբ առլեցուն այդ քաղցր հուշ-պատառիկը հիմա էլ վառ է իմ սրտում…
…Մաշտոցի պողոտան ողողած լույսերի միջով դեպի մեզ է գալիս ժողովրդի պաշտելի բանաստեղծը` առյուծաբաշ ճակատը վեհորեն աջ ու ահյակ թեքելով, մարդկանց սրտազեղ ողջույններին պատասխանելով:
Մեր դասախոսը, ձեռքերը լայն տարածած, մոտեցավ Շիրազին, ողջագուրվեց ու հանդիսաձայն ասաց.
– Ջերմագին ողջո՛ւյն արդի հայ պոեզիայի Առյուծին:
Պոետական ինքնասիրությունից փոքր-ինչ շոյված` Շիրազը ուսերը թեթև ցնցեց, լայն ժպտաց ու.
– Գիտեք, ոմանք ինձի Առյուծ կանվանեն, որ ես իրենց աղվես չըսեմ… Դու էդոնցից չես, չէ՞, Սմբա՛տ:
Թնդաց բոլորիս առողջ ծիծաղը:
– Սե՛րժ, հիմա մեր անունները կհարցնի ու քո ոչ հայկական անունը «պայթյուն» կառաջացնի, ճարդ տես,- ականջիս տագնապ հնչեցրեց Կարինեն:
Մենք, իհարկե, ծանոթ էինք Շիրազի նաև այն բանաստեղծություններին, որոնցում հայրենապաշտ պոետը երգիծել է ոչ հայեցի անձնանունները, խարազանել մեր բնակավայրերի խորթ, օտարաշունչ անվանումները:
Ով խուժել է` մի բան տիրել,
Իր անունն է վրան դրել…
– Սմբա՛տ, էս սիրուն ջահելները ուսանողներդ ե՞ն,- հարցրեց մեր դասախոսին, ապա դարձավ մեզ:
– Ձեր անունները ինձի կբաշխե՞ք:
Լսեց Կարինե անունը, և աչքերը նկատելիորեն ժպտացին:
Հարցական հայացքը հիմա էլ ինձ վրա հառեց.
– Սեր,- ասացի` անվանս «աղմկահարույց» վերջին տառը ուղղակի «կուլ տալով»:
– Սերո` չէ, Սերոբ էլ` չէ, ճի՞շտ լսեցի, հենց Սե՞ր:
Ես հաստատեցի: Եվ նա շիրազավայել ընդհանրացումով եզրափակեց «նոր» անվանս հետ կապված «խնդիրը»` ասելով.
– Սե՛ր: Լա՜վ է: Էս աշխարհում ամեն լավ բան սիրուց կծնվե…
…Ճշմարիտ է, «պայթյունը» չկայացավ, սակայն մինչև օրս հոգուս խորքում կռիվ ու վեճ կա` ինչո՞ւ ստեցի մեծն Շիրազին: Սակայն նույն պահին ներսումս հակընդդեմ մի ուրիշ ձայն էլ է հնչում` իսկ ինչո՞ւ վիշտ ու զայրույթ պատճառեի սիրելի պոետին…
***
ԴԵՊԻ ՎԵՐ՝ ԱՐԵՎԻ ԼՈՒՅՍԸ ՈՐՈՆԵԼՈՎ
Ով նոր է ծանոթանում Սերժ Մանուկյան մարդու, քաղաքացու, բնապաշտի
հետ, նույն ակնթարթում կուզենա ընթերցել նրա գողտրիկ պատմվածքները, գեղարվեստական
սքանչելի ակնարկներն ու էսսեները. կարճ ասած՝ Սերժ Մանուկյանի՝ մինչև
օրս ստեղծած գրական բոլոր գործերը: Ես չեմ թաքցնում, այդպես եղել է ինձ
հետ, դրա համար էլ այս տողերը համոզմունքով եմ գրում, վստահ եմ գրում:
Մոտ երեք տասնամյակ առաջ Աշտարակի տարեցներից Ռաֆիկ Մովսիսյանը մոտեցավ
ինձ ու հարցրեց.
– Ազա՞տ եք, ժամանակ ունե՞ք մի տեղ գնանք միասին, հետաքրքիր բանի ականատես
կլինեք:
– Ազատ եմ թե ոչ, կապ չունի, իհարկե կգամ,- ժպիտով պատասխանեցի անծանոթին,
և երկուսով գնացինք դեպի նրա մեքենան:
– Գնում ենք Աշտարակի գերեզմանոց,- ասաց, երբ արդեն տեղավորվել էինք
նրա մեքենայում:
Գերեզմանոցի կենտրոնական մասերում, որտեղից երևում էին քաղաքը, Արարատյան
դաշտը, փոս ընկած մի տեղում՝ խոտերի մեջ, վարդագույն տուֆից գեղեցիկ ու
մեծ տապանաքար կար: Տապանագիրը այնպես էր ընթեռնելի, որ թվում էր՝ այն
օրեր առաջ էին տեղադրել: Դրոյի թիկնապահն էր՝ 26-ամյա Հովհաննես Երկանյանը
Շապինգարահիսարից: Զոհվել էր Ապարանի ճակատամարտում 1918 թ. մայիսի
18-ին և Դրոյի հրամանով ամփոփվել աշտարակյան այդ բարձունքում:
Հետագայում այդ տապանաքարի տեղը կորցրի, իսկ Ռաֆիկ Մովսիսյանը մահացել
էր: Շատ որոնեցի, ու հերթական որոնումներից մեկի ժամանակ մի համեստ
տապանաքար հանդիպեց՝ Միհրան Զաքարյան, Անդրանիկի զինվոր: Ու զարմանալիորեն
այդ տապանաքարից երեք քայլ այն կողմ Հովհաննես Երկանյանի տապանաքարն
էր:
Անդրանիկին զինվոր Միհրանի մասին ես կարդացել էի Սերժ Մանուկյանի ստորագրությամբ,
երբ իրեն դեռ չէի ճանաչում: Եվ ահա հայդուկի տապանաքարը, նրա մասին
գրված ակնարկը առիթ եղավ, որ փնտրեմ, գտնեմ հեղինակին ու շուրջ երեսուն
տարի նրա հետ ընկերություն անեմ:
Լինելով մարզային «Կանթեղ», «Դարձ» թերթերի, այժմ «Ծիրանավոր» գրական-մշակութային
պարբերականի խմբագիր` այդ թերթերի լույսընծայումը չեմ պատկերացրել
ու պատկերացնում առանց Սերժ Մանուկյանի ստորագրության: Նա այնքան է
ձուլված հայրենի բնաշխարհին, այնքան կապված հայ մարդուն, նրա տառապանքներին
ու հույզերին: Ծնունդով գյուղից՝ նրա պատմվածքները, ակնարկները հայ շինականի,
նրա ապրումների, երազանքների մասին են այնքան, որ նրա հերոսները դառնում
են հարազատ մարդիկ, ինքդ էլ ապրում ես նույն հույզերով ու երազանքներով,
և այդտեղ է, որ նրանց կերպարով հառնում է իրական հայրենիքը, այն հայրենիքը,
որի բոլոր երազանքների խտացումների, նրա սկզբի, գոյության շարունակականության,
հոգևոր արժեքների էպիկենտրոնը կարծես սկսվում է իր ծննդավայրով, որից
ընդամենը մի քանի տասնյակ ոտնաչափ էն կողմ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աճյունն
է, մի քիչ ավելի հեռու՝ հոգևոր կենտրոն Էջմիածինը, Սարդարապատը, Էրեբունին…
Եվ այս ամենի «մեղավորը», ինչպես հարցազրույցներից մեկում նշում է Ս.
Մանուկյանը, իր նախնիների ծննդավայր Խոյ-Սալմաստն է, Մակուն, իր ծննդավայր
Ոսկեվազը, իր մանկավարժ-գյուղատնտես հայրը, մի խոսքով, այն ամենն, ինչ
իր շրջապատում է, որոնք օժտված են դրական ու հավերժական էներգետիկայով,
ինչպես հողը, ինչպես ջուրը, ինչպես հայրենի եզերքի երկինքը:
Սերժ Մանուկյանի որսորդական պատմվածքները բնությունը խորհրդանշելուց,
տողատակերով բնապահպանական խնդիրներ արծարծելուց բացի, մի հետաքրքիր
խորհրդով են առանձնանում. նրա չորքոտանի կամ երկոտանի կենդանիներն ու
թռչունները կարծես օժտված են նաև մարդկային բնավորության լավ ու վատ գծերով:
«Աղվեսի շնորհակալությունը» պատմվածքում աղվեսը երախտամոռ մարդու
բնույթով է օժտված, և հեղինակին հաջողվել է նուրբ ու բնորոշ գծերով վեր
հանել աղվեսի կերպարը, որը համոզիչ է, քանզի հեղինակը վարպետության
պակաս չունի, հիմնովին ճանաչում է մայր բնությունը, գիտե կենդանիների,
թռչունների հոգեբանությունը: Եվ նյութը, բացի լրջագույն փաստերից, ներկայացնում
է ճոխ, բնական ու ոչ սարքովի լեզվով, իսկ միջավայրն այն է, ինչը կարող է
տեսնել միայն որսորդ-բնապաշտ գրողի աչքը, և մատուցել այնպես` գեղագիտական
հաճույք ստանալուց զատ նաև ճանաչես մայր բնությունը, կենդանիներին,
թռչուններին, և ամենակարևորը՝ այն բնապահպանական յուրօրինակ դաս է:
Ժամանակին Սերժ Մանուկյանը արժանացել է մեր ամենաբնապաշտ գրողի՝ Վախթանգ
Անանյանի դրվատանքի խոսքին և նրա հրատարակած «Հայաստանի կենդանական
աշխարհը» կոթողային հատորներում զետեղվել են Ս. Մանուկյանի մի շարք
հոդվածները: Դրանք գիտական, գեղարվեստական ընդգրկուն, յուրօրինակ աշխատություններ
են, որոնք հրատարակել է ՀՀ Գիտությունների ակադեմիան:
Այդ հոդվածներից մեկի առիթով նա հետաքրքիր մի հուշ ունի Վախթանգ Անանյանից
և Մուշեղ Գալշոյանից. «Վախթանգ Անանյանը հանձնարարեց գրել Քասախ գետի
ձկների և ջրի որակի մասին: Գրեցի, շատ հավանեց՝ առաջարկելով, որ նախ
այն տպագրվի «Ավանգարդ» թերթում: Տարա բաժնի վարիչ Մուշեղ Գալշոյանի
մոտ: Օրեր անց, կարդալուց հետ ասաց՝ շատ լավ է գրված, փոփոխություն չեմ արել,
միայն մեկ բառի տակ եմ ընդգծել՝ բարբարոսություն. արդյոք խիստ չէ՞ ասված:
Երբ ասացի՝ իսկ ի՞նչ անուն տանք ձկնաշխարհի նման ոչնչացմանը, Գալշոյանն ասաց՝
բարբարոսություն: Նյութը տպագրվեց առանց բառի փոփոխության: Այս հոդվածը
ևս զետեղվեց «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքի չորրորդ հատորում»:
Այսպես եմ ես տեսել ու ճանաչել վաստակաշատ լրագրող, բնական գիտությունների
Եվրոպական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, բնության և հասարակության
մասին միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Սերժ Մանուկյանին, ավագ
ընկերոջս, ով նույն երիտասարդական ավյունով շարունակում է զարմացնել
իր սքանչելի պատմվածքներով ու հոդվածներով, իր որսորդական ուղևորություններով,
բնության հետ մերձենալու, ներդաշնակության վերջին սահմանագծին հասնելու
իր զարմանալի կարողությամբ: Կուզեի այս հրապարակումն ավարտել իր և Վախթանգ
Անանյանի մի հետաքրքիր զրույցի մեջբերմամբ. «Վախթանգ Անանյանը Լուսակերտի
իր ամառանոցում ցույց տվեց խաղողի մի վազ, որը աճել էր շենքի բազալտե
հիմքի մեջ: «Նայե՛ք, թե որտեղից է դուրս եկել, ես իմ սփյուռքահայ բարեկամներին
բերել եմ այս վազի մոտ ու ասել՝ սա նման է աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին,
ովքեր ապառաժից են քամում իրենց կենսահյութը և ձգտում դեպի վեր՝ արևի
լույսը որոնելու»:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ