Գրեթե 8 ամսվա պատմություն ունի «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպությունը, որը զբաղված է պատանիներին, երիտասարդներին մարզելով։ 2020թ․ սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրվանից Գոռ Մանուկյանն ու ընկերներն Արցախում էին․ զբաղված էին կարևոր առաքելությամբ։ Պատերազմի ավարտից հետո Գոռն ու տղաներից շատերը դարձան սահմանապահ զինվոր ու դիրքերում էին մինչև տարվա ավարտը։ Սկզբում «Միհր»-ը ճամբար հիմնեց Կոտայքի մարզում։ Այժմ նվիրյալների ռազմամարզական ճամբարը մասնաճյուղեր ունի ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերում։ Օգոստոսի 2-ից Սևանա լճի ափին կազմակերպվել է «Միհր»-ի ճամբար-բանակումը, որին մասնակից են դարձել բոլոր մասնաճյուղերում մարզվող պատանիներ՝ մոտ 40 հոգի: Օգոստոսի 6-ին՝ կեսօրին, ճամբարականների մոտ էի, ծանոթացա պատանիների առօրյային, ներկա եղա մարզումներին, զրուցեցի ճամբարի ղեկավար Գոռ Մանուկյանի, հրահանգիչների, պատանիների հետ։ Հանգստի ժամ էր․ պատանիների մի մասը՝ հրահանգիչների հսկողությամբ, լողանում էին լճում, մի մասը հանգստանում էր, որոշները վոլեյբոլ էին խաղում։ Իսկ ճամբարի ղեկավար Գոռն ու հրահանգիչ -ը ճաշն էին պատրաստում։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ հիմնական ճամբարները գործում են շաբաթը 3 օր՝ 2 գիշերակացով։ Այդ ընթացքում պատանիները, հաճախ նաև աղջիկներ, մասնակցում են ռազմամարզական տարբեր մարզումների, որոնք անցկացնում են հիմնականում զինվորական կրթությամբ և թոշակի անցած պահեստազորի սպաներ, ովքեր նաև անցել էն Արչցախյան պատերազմի ճամփաներով, մասնակցել 2016թ․ ապրիլյան և 2020թ․ Սեպտեմբերյան պատերազմներին։ «Միհր» Հկ-ի նպատակն է նաև Բանակ-Հասարակություն-Ռազմամարզական ճամբար-խմբեր/ջոկատներ/ ՀԿ-ների միասնությունը կայանա։ Մեր ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել իր տունը։ Այս առումով «Միհր»-ի ղեկավարությունը շատ է կարևորում նման ճամբարների դերը և համագործակցում են «Հայքյան» ասոցիացիայի, «Փոքր Մհեր» ռազմամարզական զինավանի, «Վահագն» ռազմահայրենասիրական ՀԿ-ի, ՈՄԱ-ի, «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի և նման այլ կառույցների հետ։
-Ցանկանում ենք համագործակցել նաև ՀՀ ՊՆ-ի և ԿԳՄՍ նախարարության հետ, -ասաց Մանուկյանը: Յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կազմակերպում ենք նման ճամբար-բանակումներ, որին մասնակից են դառնում բոլոր մասնաճյուղերի սաները. սա ունի մի քանի առավելություն․ բացի մարզումներից և դասախոսություններից, ճամբարի մասնակից պատանիները ծանոթանում են, ճանաչում միմյանց, ընկերանում, և հաճախ շատ դժվար են իրարից բաժանվում։ Կապը միմյանց հետ միշտ պահում են։ Գ․ Մանուկյանը կարևորեց նաև այն, որ հրահանգիչները նույնպես տարբեր մարզերից են եկել։ Մարզումներից բացի շատ է կարևորվում պատանիների աշխարհահայացքի ձևավորումը, հայեցի դաստիարակությունը, Հայի արժեհամակարգն ուսանելը։ Այն հարցին՝ որ տարիքի պատանիներ են մարզվում 7-օրյա այս ճամբար-բանակումում, Գոռը տեղեկացրեց՝ ամենափոքրը 8-ամյա 3-րդ դասարանցի Հայկ Շահինյանն է՝ 4-րդ դասարանցի եղբոր՝ Արամի հետ․ եկել են Աբովյան քաղաքից։ Ամենատարիքովը 17-ամյա 2 տղաներ են։ Կան մասնակիցներ նաև՝ արտերկրից եկել են հայրենիք արձակուրդ և սիրով միացել են ճամբարականներին։
-Նման ճամբարները նպատակ ունեն նաև՝ մինչ զորակոչվելը՝ հայ պատանիներին պատրաստել որպես զինվորացու։ Պետք է այնպես դաստիարակենք մեր տղաներին, որ բանակի 2 տարին դառնա նրանց կյանքի լավագույն շրջանը, -ասաց Գ․ Մանուկյանը և ուրախությամբ նշեց՝ «Միհր»-ի սաներից կան տղաներ՝ արդեն ծառայում են Հայոց բանակում, և աչքի են ընկել իրենց կարգապահությամբ, բարեխիղճ ծառայությամբ։
Հավատում է նաև՝ նույն տղաներից շատերը կդառնան Հայոց բանակի վաղվա սպաները, որ ՀՀ-ում գործող ռազմական ուսումնական հաստատություններ շատ դիմողներ կլինեն և արդեն պատրաստի ուսանողներ։ Բանակը պետք է լինի Հայոց ամենամաքուր կառույցներից մեկը։ Ներկայացնելով ճամբարի առօրյան՝ Գ․ Մանուկյանը տեղեկացրեց՝ առավոտյան ժամը 7-ին զարթնում են պատանիները «Սարդարապատ» երաժշտության հնչունների ներքո։ Վարժանք, վազք, լվացվել, նախաճաշ։ Օրվա ընթացքում 3 անգամ սնվում են։ Մասնակցում են հիմնականում մարզումների, ունկնդրում տեսական դասախոսություններ՝ ռազմարվեստ, պատմություն, առաջին բժշկական օգնություն, մարտավարություն և այլն։ Երեկոյան խարույկի շուրջ տեղի են ունենում մշակութային տարբեր միջոցառումներ, հաճախ ճամբար են այցելում երգիչներ, դերասաններ, մարզիկներ, ռազմական գործիչներ, այլոք։ Գոհ է Գոռը․ արդեն չի զգացվում՝ տղաներից ովքեր որտեղից են եկել, բոլորը բարեկամացել են։
-Ճամբար-բանակումը կհամարեմ հաջողված, եթե գան ավտոբուսները և տղաներին տանեն, կտեսնեմ, օրինակ, Տավուշ մեկնող ավտոբուսում գորսեցի է նստել, և հակառակը։ Հրահանգիչ Արտակ Բադալյանը քառորդ դարից ավելի ծառայել է հայոց բանակում, հետախույզ է։ Ավարտել է Մ․ Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնուհետև՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Իր գիտելիքներն է փոխանցում պատանիներին։ Բացի մարտավարություն սովորեցնելուց, կարևորում է տեղանքում կողմնորոշվելը և մի դասաժամ նվիրեց այդ նպատակին։ Կարևորում է՝ Հայոց դպրոցներում նոր ձևաչափով դասավանդվի ռազմագիտությունը։ Տղաների հետ մարզվում էր նաև մի աղջիկ՝ Սեդան։ Գտնում է՝ հայ աղջիկները նույնպես պետք է պատրաստ լինեն կռվելու թշնամու դեմ։ 15-ամյա Գարիկ Սիմոնյանն ու Էրիկ Գյուլինյանը համադասարանցիներ են, Տավուշի մարզի Նորաշեն գյուղից են եկել։ Գոհ են, ուրախ, որ նման հնարավորություն է տրվել մարզվելու և հանգստանալու Սևանա լճի ափին, շփվել իրենց տարեկից տղաների հետ, որ ՀՀ տարբեր վայրերից են։ Հատկապես կարևորում են հրահանգիչների դերը, որ մարզվում են նման ռազմական փորձ ունեցող զինվորականների կողմից։ Կապան քաղաքից է 11-րդ դասարանի աշակերտ Ռոման Մովսիսյանը։ Գիտակցում է՝ ինչքան կարևոր է այսօր իր հայրենի քաղաքը պաշտպանելը, և որոշել է դառնալ զինվորական։ Կարոտելու է արդեն նոր ձեռքբերած ընկերներին՝ Տավուշից, Աբովյանից, Հրազդանից, Գորիսից, բայց նաև ուրախ է. ունի նման ընկերներ, որ տուն ունի նշված բնակավայրերում։ Հրազդանցի Վահե Մարտիրոսյանը սովորում է 10-րդ դասարանում, չի որոշել՝ ինչ մասնագիտություն է ընտրելու, բայց Հայոց բանակի զինվոր դառնալու է հաստատ։ Պոնչը՝ Արտակ Մինասյանը, «Միհր»-ի առաջին սաներից է։ Սովորում է Հրազդանի դպրոցներից մեկում՝ 8-րդ դասարանում։ Նա էլ է հաստատ որոշել՝ Հայոց բանակի լավագույն սպաներից է դառնալու։ «Միհր»-ի շատ համախոհներ երբեմն այցելում են ճամբար, հնարավորության դեպքում աջակցում։ Օգոստոսի 6-ին ճամբար այցելեցին ամուսիններ Հակոբ Ճաղարյանն ու Զարուհի Մուրադյանը՝ հայ նշանավոր նկարիչ Սարգիս Մուրադյանի դուստրը։ Ճաղարյան-Մուադյանների ընտանիքը նույնպես մեծ աշխատանք կատարեց պատերազմի ողջ ընթացքում և շարունակում է աջակցել արցախահայությանը մինչ օրս։ Գոռ Մանուկյանը պատանիներին և հրահանգիչներին ներկայցրեց հայրենասեր այս ամուսսիններին՝ տեղեկացնելով նրանց հայրենանվեր աշխատանքի մաստն։ Հ․ Ճաղարյանը «Վահագն»-ի կողմից արժանացավ մեդալի, իսկ Զ․ Մուրադյանը՝ պատվոգրի։ Երեկոյան հրաժեշտ տվեցի «Միհր»-ականներին, ովքեր այստեղ կմանան մինչև օգոստոսի 9-ը։ Այդ օրը կկայանա ճամբար-բանակումի հանդիսավոր փակումը։