Աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումներն այսօր նոր խնդիրներ են դնում պետությունների ու ազգերի առջև։ Մեր աչքի առաջ տեղի են ունենում քաղաքակրթական բախումներ՝ իրենց ամենատարբեր դրսևորումներով, ամեն վայրկյան համաշխարհայինի վերածվելու սպառնալիք հանդիսացող լոկալ պատերազմներ, մարդկային զանգվածների խոշորածավալ տեղաշարժեր, աշխարհաքաղաքական հզոր բևեռների փոխադարձ ծայրահեղ անհանդուրժողականություն, ահաբեկչություն։ Այս ամենից անմասն չի նաև Հայ ժողովուրդը։
Հայաստանի Հանրապետությանը և Արցախին ուղղված մարտահրավերներով պայմանավորված՝ 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը ՀՀ-ում անցկացվելու են պահեստազորայինների վարժական հավաքներ։ Հավաքների կազմակերպումը ևս մեկ վկայություն է, որ հայ ժողովուրդը վճռական է հայրենիքի պաշտպանության սրբազան գործում։
Վարժական հավաքների նախապատրաստության և դրա իրականացման արդյունավետ կազմակերպումը պայմանավորված է ինչպես զորահավաքային մարմինների, այնպես էլ հավաքներին ընդգրկված պահեստազորայինների պատրաստակամությամբ ու պատասխանատվության գիտակցումից, և ամեն հայ, անկախ իր զբաղմունքից, նախասիրություններից և հայացքներից, պետք է պատրաստ լինի զենք վերցնելու։
Ունենք ոգի, ունենք կամք, պետք է լծվենք հայրենապաշտպանության սուրբ գործին։ Այս ճակատագրական պահին պետք է կանգնենք զինվորի և սպայի կողքին, ու այդ գործելակերպը պետք է դառնա շարունակական ու մշտական։