Նախորդ շաբաթը հիշարժան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարություններով ու փոխարձագանքներով:
Անհրաժեշտ է արձանագրել, որ դրա նախաձեռնողը Էրդողանն էր: Վերջինս օգոստոսի 26-ին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ապա Թուրքիան համարժեք արձագանք կտա: «Մենք արդեն հայտարարել ենք` եթե Հայաստանը դրականորեն կարձագանքի այդ հնարավորություններին, ապա մենք էլ կանենք անհրաժեշտ քայլեր»,- նկատի ունենալով տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակը՝ ասել էր Թուրքիայի նախագահը:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, մենք այդ ազդակները կգնահատենք եւ դրական ազդակներին դրական ազդակներով կպատասխանենք»: Մեկ օր անց Էրդողանը օդանավում լրագրողներին հայտնեց, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարեւանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը, սակայն, նախկինում արվածների նման կրկին աչքի զարնեց այնտեղ առկա նախապայմաններով: Վերջինիս հայտարարությունից, սակայն, պարզ չդարձավ, թե Հայաստանից ո՞ր երկրի տարածքային ամբողջականության հարգումն է ակնկալում՝ Թուրքիայի, թե Ադրբեջանի: Եթե Թուրքիան կրկին ցանկանում է նախապայմաններ առաջադրել հարաբերություններ հաստատելու համար, ապա Հայաստանի Հանրապետությունն շատ ավելի ծանրակշիռ եւ առաջնային նախապայմաններ կարող է առաջ քաշել՝ 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրից սկսած մինչեւ Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքում գտնվելը եւ ժողովրդավարական հանրաքվեով ինքնորոշված եւ իր ճակատագիրը տնօրինող Արցախի Հանրապետության տարածքները ռազմական ագրեսիայի միջոցով օկուպացիան:
Հետեւաբար՝ նախապայմաններով հարաբերություններ հաստատելու առաջարկները չեն կարող հեռանկարներ ունենալ, քանի որ ցանկացած նախապայման ենթադրում է պատասխան նախապայման, իսկ եթե դրանք մոտ ապագայում ընդունելի չեն լինում կողմերի համար, ապա այդ երկխոսությունն անխուսափելիորեն գնալու է փակուղի:
Թուրքիայի առաջնորդն անդրադարձել է նաեւ տարածաշրջանի 6 պետությունների համագործակցության հարթակի ձեւավորմանը՝ նշելով, որ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, ապա տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։ Մի կողմ թողնենք, որ առնվազն մեկ պետություն՝ Վրաստանը, հրապարակային դեմ է արտահայտվել հարթակի գաղափարին՝ փաստելով ՌԴ-ի հետ ունեցած իր հարաբերությունները: Առողջ տրամաբանությունը եւ այդ առումով համաշխարհային հարուստ փորձը փաստում են, որ ցանկացած համագործակցության համար անհրաժեշտ են համապատասխան հանգստության նախադրյալներ, առավել եւս, երբ երկու տասնյակ հազարի հասնող զոհերով պատերազմի ավարտից դեռ մեկ տարի էլ չի անցել:
Իսկ տարածաշրջանում ոչ հանգիստ մթնոլորտի ձեւավորմանն առաջին հերթին խոչընդոտում է Ադրբեջանը, կարելի է ենթադրել, որ ոչ առանց ավագ «եղբոր»՝ Թուրքիայի համաձայնության: Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ սահմանի երկու ուղղությամբ խախտել են սահմանը եւ չեն ցանկանում այնտեղից դուրս գալ: Ավելին՝ պարբերաբար սադրանքներ են իրականացնում Հայաստանի սահմաններին եւ Արցախի Հանրապետության շփման գծի առանձին հատվածներում, ինչը հանգեցնում է զոհերի ու վիրավորների: Այս իրավիճակում առնվազն տաօրինակ է հարաբերություններ հաստատելու մասին խոսելը: Միանշանակ է, որ համագործակցություն հաստատելու համար տարածաշրջանում դեռեւս չկա համապատասխան մթնոլորտ, ինչի պատճառը պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ ու սադրիչ գործողություններն են, որոնք ստացել եւ ստանալու են հայկական կողմի համարժեք եւ ոչ համարժեք պատասխանը:
Այլ կերպ ասած՝ տարածաշրջանում խաղաղություն եւ համագործակցություն հաստատելու մասին Թուրքիայի հայտարարության ու գործնական քայլերի միջեւ կան տեսանելի մեծ հակասություններ: Հետեւաբար՝ թյուրքական երկրների առաջնորդները խոսքերից բացի պետք է նաեւ գործով ցույց տան, որ իրոք տարածաշրջանային համագործակցության անկեղծ ձգտում ունեն, այլապես հասկանալի էլ չէ, թե ում համար են հնչում նման «կառուցողական» հայտարարությունները: