Ինչպես արցախյան առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմից հետո մեր ժողովրդի մոտ առանձնակի սրությամբ է հառնում անհետ կորած զինծառայողների խնդիրը: Նախորդ դարի 90-ականների սկզբից մինչ օրս դեռ անհետ կորած հարյուրավոր հայ զինծառայողներ ունենք:
Այսօր էլ անհետ կորած զինծառայողներ ունենալու փաստը եւ նրանց թիվը մեր հասարակությանը հուզող առաջնային հիմնահարցերից են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը ներկայացնելու ժամանակ հայտնեց, որ 243 զինծառայողի գտնվելու վայրը դեռեւս անհայտ է: Առողջապահության նախարարության տվյալներով հուլիսի 30-ի դրությամբ դիահերձարաններում չնույնականացված փորձանմուշների թիվը 163 է: Պարզ է, որ այդ մասունքները դեռեւս չնույնականացված զոհված զինծառայողների ամբողջական մարմինները չեն, այն չի համընկնում չնույնականացված աճյունների թվի հետ, ինչն էլ ավելացնում է անորոշության աստիճանը:
Այդ չնույնականացված աճյուններից եւ անհետ կորածներից յուրաքանչյուրը մի հերոսական պատմություն է, իսկ նրանց հետեւում հոգեբանական ծանր վիճակում գտնվող ծնողներ, քույրեր, եղբայրներ, սիրեցյալներ, հարազատներ ու ընկերներ են: Նրանց հոգեկան վիճակն առանձնակի ծանր է, եւ անորոշությունն ու սպասումը հոգեբանական, սոցիալական լուրջ խնդիրներ են առաջացնում հայի ընտանիքներում:
Որդեգրած գործելաոճին հավատարիմ՝ Ադրբեջանը թաքցնում է ոչ միայն սեփական իրական կորուստները, այլեւ իր մոտ պահվող հայ ռազմագերիների իրական թիվը: Նման վարքագիծը հակասում է հումանիզմի գրված եւ չգրված նորմերին, սակայն աչքի առաջ ունենալով արցախյան առաջին պատերազմի փորձը եւ պաշտոնական Բաքվի անփոփոխ գործելաոճը՝ կանխատեսվում է, որ այդ երկրում պահվող ռազմագերիների թիվը դեռ երկար ժամանակ քննարկումների եւ ենթադրությունների առիթ կդառնա:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անհետ կորածների միջազգային օրվա կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել: Նա ընդգծել էր, որ անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում ադրբեջանական կողմը պատշաճ չի համագործակցում հայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ: Ստեփանյանը հայտարարել էր՝ փաստեր կան, որ բազմաթիվ անձինք գտնվում են Ադրբեջանի բանտերում։ Արցախի օմբուդսմենն առաջնային է համարել խնդրի բարձրաձայնումը միջազգային իրավունքի հարթակներում:
Այս կարեւորագույն հարցում միտումնավոր չնպաստելով ճշմարտության բացահայտմանը՝ Ադրբեջանն ուղիղ հարված է հասցնում տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված քայլերին եւ եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը: Բաքվի նման վարքագիծը չի նպաստում նրա իսկ կողմից բազմիցս բարձրաձայնված տարածաշրջանային համագործակցության զարգացման եւ հաղորդակցության ուղիների բացման նպատակների իրագործմանը: Ինչպես արցախյան առաջին պատերազմից հետո մի քանի հարյուր անհետ կորած հայ զինծառայողների հարցը մնացել է օրակարգում, եւ այսօր էլ գործում է այդ նպատակով ձեւավորված ԱՀ անհետ կորած ազատամարտիկների հարազատների միությունը, նույնը, թերեւս, կլինի նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած համարվողների դեպքում:
Նման իրավիճակում ավելորդ կլինի խոսել երկու երկրների միջեւ որեւէ հարաբերության մասին: Նույն իրավիճակն է նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցում: Մյուս կողմից էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես ՄԻԵԴ-ն արդեն Ադրբեջանի դեմ որոշումներ է կայացնում հայ ռազմագերիների հարցով, եւ միջազգային հետաքննությունն անհետ կորածների խնդրով իրեն երկար սպասեցնել չի տա: Դրանց արդյունավետությունն ապահովելու համար հայկական երկու հանրապետությունների դիվանագիտական գործուն քայլերն արտաքին հարաբերությունների առաջնային օրակարգային հարցերի պետք է վերածվեն: