44-օրյա պատերազմից հետո հայտնվել ենք այնպիսի վիճակում, երբ տնտեսության զարգացման տեսանկյունից այլեւս չենք կարող հույսներս դնել դանդաղ ու կայուն առաջընթացի վրա։ «ՀՀ»-ն առիթով շեշտել է՝ մեր երկիրը հիմա դրա ժամանակը չունի, մեզ պետք է արագ եւ որակյալ զարգացում։ Այս համապատկերում էլ պարբերաբար ներկայացնում ենք ամենատարբեր տնտեսագետների ու փորձագետների տեսակետներ ու առաջարկներ։ Չնայած մոտեցումների ամենանուրբ՝ չերեւացող ու ամենաակնառու տարբերություններին, ընդհանուր մի հայտարար կա. մեզ անհրաժեշտ է ռազմարդյունաբերություն։ Կամ՝ հարցին խորքային մոտենալու դեպքում կտեսնենք կարեւոր մեխը՝ Հայաստանի զարգացման շարունակականությու՛նն ապահովելու անհրաժեշտությունը։ Իսկ սա կարող է լինել միայն համակարգատար ու խոշոր ռազմավարական ծրագրերի պարագայում։
Տնտեսագետ Կարեն Ադոնցը, օրինակ, իր «Զարգացման ծրագրով» ամենատարբեր քայլեր է առաջարկում՝ հաշվարկներով եւ արդյունքով։ Այլ կերպ՝ ինչպես պետք է եւ կարող է զարգանալ մեր երկիրը։ Սկսենք պետական պարտքի հատվածից։
Մասնագետի խոսքերով՝ 2026 թ. պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ չպետք է գերազանցի 50 տոկոսի շեմը (այսօր շուկայում հաստատված դրամի նոր փոխարժեքով այն արդեն հատել է 70 տոկոսի մակարդակը). «Մինչդեռ սա չի նշանակում, թե անհրաժեշտ է խուսափել արտաքին միջոցներ ներգրավելուց։ Նպատակադրվելով 5 տարում եռապատկել տնտեսության ծավալը` հասցնելով այն 40 մլրդ դոլար մակարդակի, կնշանակի՝ գեներացնել մոտ 11 մլրդ դոլար արտաքին միջոցներ ներգրավելու պոտենցիալ՝ չգերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության 50 տոկոս մակարդակը»։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է նա, պետական պարտքն այսուհետ չպետք է ուղղվի պետական բյուջեի պակասորդի ծածկմանը։ Այդ միջոցները պարտատոմսերի գնման եղանակով պետք է տրամադրվեն համահայկական կորպորատիվ համակարգին՝ կրկնակի անգամ առավել մեծ ծավալով ներդրումներ ներգրավելու նպատակով։ Հաշվի առնելով, որ, ըստ Կ. Ադոնցի առաջարկած ծրագրի, զարգացման առաջնային «շարժիչ ուժը» արտաքին սպառումն է, իսկ միջոցների ներգրավումն ու ներդրումների խթանումը բխելու են նոր գոյացող պահանջարկից, ներգրավված միջոցների օգտագործման ռիսկայնությունը հասցված է նվազագույնի։
Հաջորդ կարեւոր հարցը, Կ. Ադոնցի խոսքերով, զարգացման կազմակերպված ընթացքն է. «Այն խառնաշփոթը, այն խճճված օրենսդրական հիմքերը, որ ստեղծվել են տնտեսական հարաբերություններում, որեւէ հնարավորություն չեն տա մեզ արագ շարժվել առաջ։ Հետեւաբար՝ զուգահեռ անհրաժեշտ է արագ «քարտեզագրել» արդյունաբերության եւ գյուղատնտեսության ապագա կառուցվածքը, հզորությունների ռացիոնալ տեղաբաշխվածությունը, բնապահպանական խնդիրները»։
Անդրադառնանք կարեւոր մեկ այլ հարցի՝ ներմուծման փոխարինմանը։ Տնտեսագետը նշում է, որ դինամիկ զարգացման եւ ներքին շուկայի ընդարձակման վտանգներից է ներմուծման փոխարինման խնդիրն աչքաթող անելը։ Եվ վստահ է, որ առաջարկվող ծրագիրն արդյունավետ ներդաշնակելու է մեր արտաքին առեւտրի ներկայիս դիսբալանսը, երբ ներմուծումն ավելի քան կրկնակի գերազանցում է արտահանումը։ Ծրագրի մեկնարկից 5 տարի անց Հայաստանի ապրանքների արտահանման ծավալը գերազանցելու է ներմուծումը՝ ներառյալ ներդրումների նպատակով ներմուծվող ապրանքատեսակները։ Սա կարեւոր է նաեւ տնտեսական աճ գեներացնող, ներքին «մուլտիպլիկատիվ» շրջանառության երկարաձգման տեսանկյունից։
Մեկ այլ ծրագրային գերակայություն է իրական ռազմարդյունաբերության ձեւավորումը։ Կ. Ադոնցի խոսքերով՝ չի կարող լինել հիմնավոր ռազմարդյունաբերություն, քանի դեռ տնտեսությունում չեն կայացել եւ արդյունավետ ու համակարգված չեն գործում 5 առանցքային ոլորտներ՝ թե տեխնոլոգիաների յուրացման, թե մասնագետների առկայության նկատառումով։ Այդ ոլորտներն են՝ 1. էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, օպտիկա, 2. էլեկտրատեխնիկա (շարժիչներ, մալուխներ), 3. նավթաքիմիա, նոր նյութերի արտադրություն, 4. թեթեւ ճշգրիտ մեքենաշինություն, 5. ՏՏ ոլորտ։
Գանք Հայաստանի զարգացման շարունակականությանը. այն պայմանավորված է համակարգատար եւ ենթակառուցվածքային խոշոր ռազմավարական ծրագրերի արդյունավետ իրագործմամբ։ Այլ կերպ՝ նոր ատոմակայան, Հայաստան-Իրան ուղիղ երկաթգիծ, Իրան-Հայաստան նավթամուղ, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան էներգետիկ ենթակառուցվածքներ, մաքուր պղնձի վերամշակման գործարան, նավթի վերամշակման արտադրություն եւ այլն։ Ծրագրով նախատեսվում է գեներացնել այս ուղությամբ համապատասխան պահանջարկ եւ մոտ 15 մլրդ դոլար ներդրումների նախադրյալ։
Եվ այս ամենին հավելյալ, իհարկե, հաջորդ մոտեցումն առնչվում է գյուղատնտեսության եւ տարածքային համաչափ զարգացման ոլորտում պետական քաղաքականությանը։ Դարձյալ ըստ մասնագետի՝ հողերի արդյունավետ եւ արտադրողական միավորումը պետության կողմից կառավարվող, ապահովագրված եւ շահավետ գործող կոոպերատիվներում՝ այլընտրանք չունի։
Այլ քայլեր էլ են առաջարկվում տարբեր ոլորտներում ամենատարբեր առանձնահատկություններով։ Բայց նպատակը մեկն է՝ ընտրել զարգացման հստակ ուղենիշ։