Արցախն իր լինելիությունն ապացուցում եւ խոսքն է ասում նաեւ գիտության բնագավառում։ Մայր բուհում սեպտեմբերի 2-ին, ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի, տեղի ունեցավ «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականի նոր՝ 2021 թ. 2-րդ (9-րդ) համարի քննարկումը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը նշեց, որ շարունակաբար աշխատանքներ են տանում տարբեր երկրներից նոր հեղինակներ ընդգրկելու համար։ Նպատակն է հետեւողականորեն ընդլայնել աշխարհագրությունը, քանի որ գիտության հանրայնացման արդյունքն այն պետք է լինի, որ աշխարհի տարբեր երկրներում տեղեկանան «Գիտական Արցախ»-ի մասին, իրենց աշխատանքները տպագրեն պարբերականում եւ դրա շնորհիվ ճանաչեն նաեւ Արցախը։ «Հոդվածները, ինչպես նախկին համարներում, ուղղակի կամ անուղղակիորեն վերաբերում են Արցախին, նաեւ հայկական գրեթե բոլոր հիմնախնդիրներին։ Կան հոդվածներ, որոնք բացառիկ նորույթներ են ներկայացնում»,- ասաց զրուցակիցս՝ հավելելով, որ սա հնարավորություն է ոչ միայն անվանի գիտնականներին, այլեւ երիտասարդներին իրենց աշխատանքները տպագրելու համար՝ դրանով իսկ ապահովելով սահուն սերնդափոխությունը գիտության բնագավառում։
Այս համարում հոդվածագիրները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը։ ԵՊՀ-ի կողմից հիմնադրված «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից սահմանված դոկտորական եւ թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների ու դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական պարբերականների ցանկում: Պարբերականի նոր համարում տեղ գտած հոդվածները համապատասխանում են «Scopus» համակարգի տեխնիկական պահանջներին, նախատեսվում է հետեւողական աշխատանքներ իրականացնել, որպեսզի ապագայում այն ներառվի տվյալ գիտաչափական շտեմարանում։ Ի դեպ,«Scopus»-ը գրախոսվող գրականության ու համացանցային որակյալ աղբյուրներին հետեւելու, տվյալները վերլուծելու եւ հետազոտությունները բացահայտելու հստակ գործիքներով զինված համառոտ նկարագրերի եւ հղումների տվյալների ամենամեծ բազան է: Այն նախագծվել ու զարգացվել է 500 միջազգային օգտագործողների եւ գրադարանների կողմից, թարմացվում է ամեն օր՝ ըստ 4000 միջազգային հրատարակիչների կողմից գրախոսվող 15 հազար ամսագրերի համառոտագրերի եւ հղումների:
Անդրադառնալով «ԼՂՀ հռչակման մասին» հռչակագրի իրավական կարեւորությանն ու արժեքին, Հարությունյանը նշեց, որ հռչակագիրը մշակող գիտնական իրավագետները, որոնք խորհրդակցել են տվյալ ժամանակի հայ եւ օտարազգի մի շարք գիտնակաների հետ, ամենայն մանրամասնությամբ հղում են կատարել ե՛ւ ԽՍՀՄ օրենսդրությանը, ե՛ւ միջազգային իրավական ակտերին, օրինակ՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, այլ կարեւոր կոնվենցիաների։ Հղում կա նաեւ այն մասին, որ մինչեւ ԼՂՀ Սահմանադրության ընդունումը գործելու են ԽՍՀՄ Սահմանադրությունն ու օրենքները։ «Չափազանց կարեւոր արձանագրում է այն, որ Ադրբեջանը վերականգնել է իր անկախությունը 1918 թվականներին գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության հիման վրա։ Սրանով իսկ փաստում ենք, որ 1918-1920 թթ. գոյություն ունեցած արհեստական պետությունը, որի իրավահաջորդն է իրեն հռչակել այսօրվա Ադրբեջանը, բացառել է շուրջ 70 տարի գոյություն ունեցած Խորհրդային Ադրբեջանի ժառանգությունը, մինչդեռ ներկայումս պահանջներ է ներկայացնում Խորհրդային Ադրբեջանի շրջանում ունեցած տարածքների համար, երբ ապօրինաբար տարբեր տարածքներ են տրվել Ադրբեջանին»,- մանրամասնեց նա։
Վտանգավոր է, երբ ասում են, թե Քաշաթաղը, Քարվաճառը չեն եղել ԼՂԻՄ-ի կազմում եւ, հետեւաբար, դրանք իբր մերը չէին։ Հարությունյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ 1918 թ. ստեղծված «Ադրբեջան» արհեստական պետությանն են պատկանում մեր հայկական հողերը, կամ հայ չեն, կամ էլ՝ ճշմարիտ տեղեկատվության խիստ պակաս ունեն, որովհետեւ պատմությունն ուսումնասիրելու դեպքում հնարավոր չէ նման տեսակետ ունենալ, առավել եւս՝ բարձրաձայնել այդ մասին։ «Պատմական իրողություններին ծանոթանալու պարագայում ակնհայտ կդառնա, թե ինչպես է զեղծարարությունների միջոցով Ադրբեջանը հասել այդպիսի հաջողությունների։ Մեր բառապաշարում պետք է ճիշտ եւ հայամետ ձեւակերպումներ անենք, հայկական քաղաքներն ու բնակավայրերը նշենք իրենց ճիշտ անվանումներով։ Դրանից հետո դժվարություն չի լինի իրողությունը ներկայացնել միջազգային հանրությանը, նաեւ պահանջներ դնել»,- շեշտեց նա։
Զրուցակիցս ընդգծեց նաեւ, որ Քարվաճառի, Քաշաթաղի շրջանները եւ մինչեւ Կուր գետի ափը մշտապես եղել են հայկական տարածքներ։ Ներկայումս հետեւողական աշխատանք է պահանջվում առաջին հերթին տեղեկատվական բնագավառում՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ այլ լեզուներով, որպեսզի տվյալ տեղեկատվությունը հնարավորինս տարածվի, ու հանրությունը իրազեկվի։ «Ունենք հայրենակիցներ, որոնք նման կարեւորագույն տեղեկությունների չեն տիրապետում։ Իհարկե, խոսքը պրոֆեսիոնալ իրավաբանի կամ պատմաբանի պես յուրաքանչյուր մանրուքին տիրապետելու մասին չէ, բայց այս հարցի շուրջ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ունենալ նվազագույն գիտելիքներ։ Դա կօգնի անհրաժեշտության դեպքում ուժեղ դիրքերից հանդես գալ տարբեր հարթակներում ադրբեջանցիների (եւ ոչ միայն նրանց հետ) տեղեկատվական պայքարում»,- ասաց «Գիտական Արցախ»-ի գլխավոր խմբագիրը։
Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ բռնազավթված են Ադրբեջանի կողմից։ Թեեւ պետական իշխանությունն իրականացվում է այն տարածքների վրա, որոնք փաստացի գտնվում են ԱՀ իշխանության իրավազորության ներքո, սակայն պետք է նկատի ունենալ, որ տարածքային ամբողջականության վերականգնման (այդ թվում՝ Շահումյանի եւ մյուս տարածքների մասով, որոնք բռնազավթվել են ավելի վաղ) խնդիր ունենք։ Զրուցակիցս նկատեց, որ Ադրբեջանն այն սահմաններով, երբ ԼՂԻՄ-ը արհեստական մտցված էր իր կազմի մեջ, չէր ճանաչվել Ազգերի լիգայի կողմից։ Այսինքն՝ հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները բոլոր առումներով խնդրահարույց են, ուղղակի գործում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ՝ քաղաքական շահերը։