Մի շարք երկրներում արձանագրվել է խոզի աֆրիկական ժանտախտ։ Այդ հիվանդության մուտքը ՀՀ կանխելու նպատակով ներմուծման սահմանափակում է մտցվել՝ համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի։
Այսպիսով՝ երեկվանից ժամանակավորապես արգելվում է 7 երկրից՝ Ռումինիայից, Մոլդովայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Հունգարիայից եւ Բուլղարիայից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակողների) ներմուծումը: Սահմանափակման համար հիմք է ծառայել նշված երկրներում արձանագրված՝ խոզի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունը:
Համապատկերում մեզ հետաքրքրեց ընդհանրապես այս հիվանդության հետ կապված հայաստանյան վիճակը։ Այս պահին Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտ կա՞։ Ըստ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանի վստահեցման, «միանշանակ՝ ոչ, այս պահին չկա։ Որպեսզի չներթափանցի, կանխարգելիչ քայլ ձեռնարկեցինք եւ ներմուծումն արգելեցինք»։
Երբ ուսումնասիրում ենք այս մասով հայաստանյան վիճակն ընդհանրապես, տեսնում ենք, որ ամենատարբեր տարիներին գյուղատնտեսության նախարարությունն այս խնդրին ուշադրություն է դարձրել. մասնագետները մանրամասն պետությանը ներկայացրել են հիվանդությունն ու դրա կանխարգելման միջոցառումները։ Օրինակ՝ 2007 թ. սեպտեմբերի 6-ի կառավարության որոշում ունենք, որով հաստատվել է ՀՀ-ում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը։ Մասնագետները բացատրում են, որ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունը վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է գերսուր, սուր, ենթասուր, հազվադեպ քրոնիկ ընթացքով եւ մեծ անկումներով: Հիվանդանում են ընտանի ու վայրի խոզերը` անկախ հասակից եւ ցեղից:
Մինչեւ 1957 թ. այս հիվանդությունն արձանագրվում էր միայն Աֆրիկա մայրցամաքում, այնուհետեւ սկսել է տարածվել Եվրոպայում եւ մյուս աշխարհամասերում։
Հիվանդության հարուցիչի աղբյուր են համարվում հիվանդ եւ, որ ուշագրավ է, նույնիսկ առողջացած կենդանիները, որովհետեւ վերջիններիս մոտ վարակվածությունը տեւում է ավելի քան 2 տարի: Վիրուսն օրգանիզմից արտազատվում է տարբեր արտաթորանքներով, անգամ արտաշնչվող օդի միջոցով, իսկ վարակումը հիմնականում իրականացվում է ներքին ճանապարհով, ինչպես նաեւ տզերի միջոցով:
Ընդհանրապես խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության նշանները հիշեցնում են դասական ժանտախտին. գաղտնի շրջանի տեւողությունը 2-7 օր է, երբեմն հասնում է 15 օրվա։ Գերսուր ընթացքի ժամանակ մահը վրա է հասնում 2-3 օրվա ընթացքում, երբեմն կենդանին սատկում է անսպասելիորեն, առանց որեւէ նշանի։ Լաբորատոր ախտորոշման ժամանակ պահանջվող փորձերի նմուշները վերցվում են թե կենդանի, թե հիվանդության կլինիկական նշաններ ունեցող խոզերից եւ թե համեմատաբար կարճ ժամանակ առաջ սատկած խոզերից։
2013 թ. հուլիսի 16-ի թվագրությամբ էլ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրաման է եղել՝ խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեմ պայքարի եւ կանխարգելման հրահանգը հաստատելու մասին։ Այստեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ պետք է անել ԽԱԺ-ով վարակվածության կամ կասկածի դեպքում։
Ի դեպ, Կովկասում այս հիվանդությունը հայտնվել է 2007-ին՝ Վրաստանում։ Աստեղից ժանտախտի վիրուսը տարածվել է ամբողջ տարածաշրջանում՝ վարակելով խոզերին Վրաստանում, Ադրբեջանում, Հայաստանում եւ տարածվել դեպի Ռուսաստան: Տարածաշրջանում վիրուսի նույնականացումից նույնիսկ շատ տարիներ անց վիրուսը դեռ շրջանառում է: Ի տարբերություն անդրսահմանային վիրուսային վարակների մեծամասնության, գոյություն չունի պատվաստանյութ խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ: Հետեւաբար, վարակված կենդանիների հայտնաբերումն ու վերահսկողությունը հիվանդության վերահսկման եւ վերացման միակ միջոցն են:
ԽԱԺ-ի մուտքը ՀՀ կանխելու նպատակով ներմուծման ժամանակավոր սահմանափակումների հրահանգ եղավ մեկ էլ 2018 թ. դեկտեմբերի 14-ին։ Որոշումը կայացվել էր՝ հիմք ընդունելով դարձյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքէջում հրապարակված տեղեկությունը։
Հավելենք, որ սուր վարակիչ, վիրուսային արագ տարածվող անբուժելի եւ պատվաստման ոչ ենթակա այս հիվանդությունը՝ ԽԱԺ-ը, ախտահարում է միայն խոզերին: Մարդու համար սա անվտանգ վիրուս է, մարդը ո՛չ մսի, ո՛չ էլ շփման միջոցով աֆրիկյան ժանտախտով վարակվել չի կարող: ԽԱԺ-ի դեպքում խոզերի բուժում չի իրականացվում, իսկ վարակված բոլոր խոզերին ենթարկում են անարյուն եղանակով ոչնչացման: