Ի՞նչ կատարվեց ուղիղ երեսուն տարի առաջ: Հայ ժողովուրդը, լինելով տակավին միասնական պետության՝ ԽՍՀՄ կազմում, օգտվեց միջազգային իրավունքի կարեւոր դրույթներից մեկից՝ ինքնորոշման իրավունքից եւ նույն ԽՍՀՄ օրենքների պահանջների լիակատար պահպանմամբ անցկացրեց անկախության հանրաքվե: Միահամուռ կամքով մենք վերականգնեցինք մեր անկախ պետականությունը, որ երկար ու ձիգ դարերի ընթացքում տարբեր դրսեւորումներ է ունեցել: Նոր՝ ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների վրա խարսխված պետության ձեւը՝ հանրապետությունը, սկիզբ է առել 1918 թ. մայիսի 28-ին:
Այսքանը՝ հիշողությունը թարմացնելու եւ հասկացությունները ճշտելու համար. մեկ էլ նշենք՝ մայիսի 28-ը Առաջին հանրապետության օրն է, սեպտեմբերի 21-ը՝ անկախ պետականության ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ օրն է: ԽՍՀՄ փլուզման ընթացքում որոշ պետություններ, իրոք, անկախություն ՍՏԱՑԱՆ կամ ԱՆԿԱԽԱՑԱՆ, քանի որ մինչ ԽՍՀՄ-ը դրանք որպես պետական միավոր երբեւէ գոյություն չեն ունեցել:
Արդ, խոսենք մեր իրողությունից: Մեկ տարի առաջ մենք չգիտեինք գալիք պատուհասի՝ 1994 թ. հրադադարը խախտելու Ադրբեջանի նենգ մտադրության մասին (թեպետ, համաձայնենք, որ դա չի արդարացնում մեր՝ անակնկալի գալը կամ անպատրաստ լինելը): Մեկ տարի անց մեր պետականության վիճակը եւ բոլորիս հոգեվիճակն այլ է: Ուստի շնորհավորելով Հայաստանի անկախության վերականգնման երեսունամյակը, բնական է, այդուհանդերձ, որ պիտի ավելի շատ անդրադառնանք մեր պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներին, իսկ ավելի ստույգ եթե ձեւակերպենք՝ պետությանը սպառնացող վտանգներին:
Եվ դրանք բոլորիս են հայտնի. իրականությունից միտումնավոր կամ ակամա կտրված հայաստանցին իսկ տեղյակ է վերջին պատերազմի դառը հետեւանքներից, մարդկային եւ տարածքային ցավալի կորուստներից, Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ մեր, մեղմ ասած՝ «անբարյացակամ» հարեւանի անսքող նկրտումներից: Ի լրումն՝ կա՞ արդյոք մի սրտացավ հայաստանցի, հայոց պետության մի գիտակից քաղաքացի, որ չտագնապի ներհայաստանյան կյանքի ներկայի ու ապագայի համար, չտեսնի ու նաեւ իր մաշկի վրա չզգա միջանձնային փոխհարաբերությունների վատթարացումը, անհանդուրժողականության մթնոլորտի խտացումը, անհարկի եւ ամենաչնչին առիթով առաջացող բախումները, պարզապես միմյանց համբերատար լսելու եւ դիմացինին հասկանալ փորձելու հատկության աս-տիճանական վերացումը…
Եվ, իհարկե, տոնական այս օրով մեր նպատակը ոչ թե ամենքին հայտնի խնդիրների նկարագրությունն է, այլ դրանց լուծման ուղու որոնումը: Մենք բնավ դատապարտված չենք մնալու այս վիճակում. ճգնաժամը հաղթահարելի է, ամենախոր անկմանն իսկ հաջորդում է վերելքը, պարտությանը՝ հաղթանակը: Չէ՞ որ նման վիճակներ եղել են հայոց բազմադարյան պատմության մեջ. անմիաբանություն, պառակտվածություն, ապիկար ղեկավարներ, օտարահակ եւ նույնիսկ դավաճան գործիչներ, կառավարչական կոպիտ սխալներ… Երբ հետադարձ հայացք ենք նետում անցյալի որոշ իրադարձությունների, թվում է, թե մենք պարբերաբար կորցրել ենք ազգային պահպանության մեր բնազդը… Բայց չէ՞ որ մենք, իրոք, հաղթահարել ենք այդ ամենը եւ առասպելական այն թռչունի պես կրկին ու վերստին կրակից հառնել ենք «գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր»:
Եվ, բարեբախտաբար, հայոց իմաստուն այրերը շատ են մտորել մեր պատմության ընթացքի վայրիվերումների մասին, որոնել, գտել եւ հիմա մեզ են առաջարկում հերթական անկումից վեր խոյանալու միակ ռազմավարությունը: Ահավասիկ մեծն Գարեգին Նժդեհի ընձեռած բանալի-բանաձեւը. «Մեր պատմութիւնը յետ այսու աղետալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ սրբագրութիւնը: Էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւել է եւ արւում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար. սա՛ պիտի լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը»:
Այո, սա՛ է համազգային աղետը հաղթահարելու եւ վերածնունդ ապրելու, բնավ էլ ոչ մոգական, այլ միանգամայն իրական եւ իրականանալի լուծումը: Մեկ էլ կարդանք Նժդեհի տողերը, հատ-հատ կարդանք բառերը եւ հասկանանք մեր անելիքը:
Կուլ չգնալ վշտին, տառապանքի գերին չդառնալ: Մարդկային տառապանքը նաեւ ազնվացնում է. հաղթահարված, այսինքն՝ ամենից առաջ՝ իմաստավորված վիշտը մարդուն եւ հանրույթին զորացնում է: Սեփական հոգեկան ուժերի գերլարման շնորհիվ ազատվել ներկա թմբիրից, հիշել, թե ո՛վ ենք եւ որտեղից ենք գալիս, քաղա-քակրթական ի՛նչ արժեք ունենք եւ ի՛նչ վաստակ համաշխարհային մշակույթի գան-ձարանում:
Եվ, այո՛, Հայաստանը կարո՛ղ է, կարո՛ղ է, իրոք, դառնալ տարածաշրջանային խաղաղության եւ կայուն գործակցության ինքնուրույն եւ վճռորոշ գործոն, կարող է ի՛ր օրակարգը թելադրել այլոց, եթե հարկ լինի՝ պարտադրե՛լ խաղաղություն, բայց դա կարող է անել միայն որպես տնտեսապես, քաղաքականապես, հոգեպես եւ բարոյապես հզոր պետություն: Սա՛ է մեր իրական ապագան:
Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր