1991 թ. դեկտեմբերի 18-ին ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով փաստացի անկախացան դրա կազմում գտնվող 15, այդ թվում՝ Հարավային Կովկասի երեք հանրապետությունները։ Մինչդեռ Հայաստանը նույն թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքներով արդեն հայտարարել էր իր անկախությունը։ Սակայն միջազգայնորեն այդ հանրապետությունների անկախության ճանաչման գործընթացն սկսվեց 1992-ից։ Նշենք, որ Ադրբեջանը անկախության հանրաքվե է անցկացրել ԽՍՀՄ-ի փլուզումից 10 օր անց՝ 1991 թ. դեկտեմբերի 29-ին։
1992 թ. սկզբին Իրանն առաջիններից էր, որ պաշտոնապես ճանաչեց հարավկովկասյան երեք երկրների անկախությունը, ինչից հետո կողմերն անմիջապես ձեռնամուխ եղան դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատմանը:
ԻԻՀ-ն առաջին երկրներից էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը, իսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նույն թվականի փետրվարի 8-ին, բայց դրանք արտակարգ եւ լիազոր դեսպանի մակարդակի բարձրացան 1994-ին միայն: Հայ-իրանական փոխհարաբերությունները երկու ժողովուրդների միջեւ ծագումնաբանական, պատմամշակութային եւ էթնոհոգեբանական ընդհանրությունների, ինչպես նաեւ քաղաքական ու տնտեսական մի շարք գործոնների առկայությամբ զարգացան եւ ամրապնդվեցին, դրանք ընթացել են բարիդրացիական սկզբունքներով, առանց ելեւէջների։ Ավելին՝ Իրանը ՀՀ-ի 4 հարեւաններից միակն է, որի հետ բացառապես որեւէ ոլորտում ոչ տարածքային, ոչ քաղաքական եւ ոչ էլ այլ բնույթի հարցերի շուրջ տարաձայնություն չունի։ Նույնը կարելի է ասել Իրանի դեպքում՝ այդ երկրի 15 հարեւանների շարքում Հայաստանը միակն է, որի հետ չունի որեւէ խնդիր։
Այսուհանդերձ, երկու երկրների փոխհարաբերություններն ի սկզբանե իրենց վրա կրել եւ կրում են հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների, ինչպեսեւ այլ օտարերկրյա ազդեցությունների կնիքը, որը շարունակվում է առայսօր, ինչի հետեւանքով դրանց մակարդակն այդպես էլ չի բարձրացել պատշաճ մակարդակի։ Մինչդեռ Թեհրան-Բաքու առնչությունները, թեեւ զգալի ելեւէջներով են ընթացել ու կընթանան, բայց եւ այնպես, ներքին ու արտաքին որոշ հարցերով պայմանավորված, Իրանն ակնհայտորեն կարեւորել է Ադրբեջանի հետ փոխհարաբերությունները, որոնք ընդլայնվել եւ բարձրացվել են ենթակառուցվածների մակարդակի։ Իրանը 1992 թ. Ադրբեջանի անկախությունը ճանաչեց հանրաքվեից անմիջապես հետո, իսկ հունվարի 4-ին ձեռնամուխ եղավ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատելուն։ Այդ օրն Իրանի Եվրոպայի և Ամերիկայի հարցերով ԱԳ փոխնախարար Մահմուդ Վայեզիի Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանում Իրանի հյուպատոսությունը վերածվեց Իրանի դեսպանության՝ արտակարգ եւ լիազոր դեսպանի մակարդակով։
Հատկանշական է նաեւ, որ Հայաստան-Իրան փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում ընդլայնելու եւ ցանկալի մակարդակի հասցնելու հարցը մշտապես երկու երկրների փոխարաբերություններում օրակարգային է եղել, սակայն սայլը տեղից չի շարժվել ոչ միայն վերոհիշյալ գործոնների, այլեւ հաճախ կողմերի քաղաքական կամքի բացակայության եւ ավելորդ զգուշավորության պատճառով։ Սա այն դեպքում, երբ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս շեշտել են, թե Թեհրանը խիստ շահագրգիռ է Հայաստանի կայունությամբ, հզորությամբ ու ինքնիշխանությամբ, բայց դրան նպաստող լուրջ քայլեր չեն կատարվել, ինչի մասին վկայում են փաստերը: Հայաստանը եւս, իր հերթին, չկարողացավ օգտագործել 90-ականներին ստեղծված նպաստավոր պայմանները՝ Իրանի հետ փոխհարաբերությունները, մասնավորապես, տնտեսական ոլորտում զարգացնելու նպատակով։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանում իշխում էին ազատականները, ինչը պետք է դիտվեր որպես հնարավորություն, եւ կյանքի կոչվեին Իրանի հետ ստորագրված համաձայնագրերը, այդ թվում՝ գազի խողովակաշարի կառուցումը, մանավանդ որ այդ ժամանակ Վրաստանում հաճախ էր պայթեցվում դեպի Հայաստան ձգվող գազամուղը։
Փաստորեն այդ հարցն այնքան ձգձգվեց, մինչեւ գազատարի տրամագիծը քանիցս նեղացավ ու այլընտրանք չդարձավ։ Հանգամանք, որ պետք է մեկնաբանել ՀՀ իշխանությունների խիստ զգուշավորությամբ, ինչը բացատրվում էր Իրանի եւ Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունների լարվածության առնչությամբ մտահոգություններով։ Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 1996 թ. Իրանից գազ ներմուծելու 20 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագիր կնքեց։ Մինչդեռ ԱՄՆ-ի Սենատում նույն թվականին հաստատվել եւ կյանքի էր կոչվել Դամատոյի (the law of Damato) օրենքը, որի համաձայն՝ օտարերկրյա այն ընկերությունների հանդեպ, որոնք Իրանի էներգակիրների ոլորտում 40 միլիոն դոլար ներդրում կկատարեին, կիրառվում էին սահմանափակումներ։ Նման պայմաններում կառուցվեց Իրան-Թուրքիա գազատարը, որը շահագործման հանձնվեց 2001 թ. եւ առայսօր գործում է։ Իսկ Հայաստան-Իրան համաձայնագիրը կնքվել էր 1992 թ. եւ գործարկվեց 2006-ին՝ խղճուկ խողովակաշարով։
Բացի այդ, նաեւ փոխհարաբերությունները զարգացնելու ուղղությամբ եզակի առիթ էր ստեղծվել 1992-93 թթ., երբ Ադրբեջանում իշխում էր համաթյուրքական գաղափարակիր Ժողովրդական ճակատը (ԱԺՃ), որը հայտարարում էր, թե թուրքերը «մեկ ազգ, երկու պետություն են», չնայած այսօր արդեն կարող են ասել «մեկ ազգ, մեկ պետություն»: Ավելին՝ ԱԺՃ-ի կանոնադրության համաձայն՝ Իրանի Ադրբեջան նահանգի միացումը նորանկախ Ադրբեջանի Հանրապետությանը անհրաժեշտություն է: Իսկ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյն արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել էր ընդգծված հակաիրանական դիրքորոշում՝ տարբեր առիթներով նշելով. «Իրանը ապագայում կմասնատվի, նրա տարածքում կձեւավորվի հինգ՝ քրդերի, բելուջների, արաբների, ֆարսերի ու թուրքերի երկիր»։ Հանգամանք, ինչի պատճառով Թեհրանը, առավել քան երբեւէ բարյացակամ էր տրամադրվել Երևանի նկատմամբ եւ պատրաստ էր բոլոր բնագավառներում սերտ համագործակցության: Սակայն Երևանը չօգտագործեց ստեղծված նպաստավոր առիթը՝ հաշվի առնելով Արևմուտք-Իրան փոխհարաբերությունների լարվածությունը:
21-րդ դարում եւս փոխհարաբերություններն ընթանում են բարեկամական պայմաններում, բարձր մակարդակի գրեթե բոլոր հանդիպումներից հետո վերելքի եւ առաջնթացի խոստումների պակաս չի լինում, այդ թվում՝ իրանական ընկերությունների մասնակցությունը «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցմանը։ Մյուս կողմից՝ վերջին 5-6 տարիներին Իրանը խիստ կարեւորել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, որտեղ իրանցի գործարարները պետք է ներդրումներ կատարեն, սակայն ներկա դրությամբ գործն առաջ չի գնում։ Անշուշտ, առաջընթաց եղել է՝ իրականացվել են նաեւ կարեւոր համաձայնություններ, սակայն 30 տարվա համար դրանք պարզապես բավարար չի կարելի համարել։