Աստված, երբ արարեց աշխարհը, ստեղծեց բնությունը, դրախտում էր ցանկանում պահել մարդ-արարածին: Սակայն նույն մարդ-արարածը գերադասեց ապրել ազատ ու անկախ: Կենդանին ու բույսն էլ են սիրում ազատությունը, եւ պատահական չէ՝ փարթամ ծառերի ստվերում նորատունկ ծառերը մնում են գաճաճ:
Դարեր շարունակ մարդը պայքարի մեջ է: Նույնիսկ այն ժամանակ, երբ նոր էին ձեւավորվում ցեղերն ու տոհմերը, արդեն առաջացավ իշխելու եւ դրա դեմ պայքարելու երեւույթը: Առաջ եկավ իշխող մարդը, իսկ ազատություն սիրողը նույնիսկ պատրաստ է կյանքը զոհել հանուն իր նպատակի՝ ազատության, անկախ ապրելու, արարելու ու գոյատեւելու: Ու մարդկության ողջ ընթացքը պայքար է: Աշխարհի հնագույն ժողովուրդներից է ՀԱՅԸ, ով ունի առաքելություն մարդկային կյանքում: Մեր նախահայրը՝ Հայկը, չցանկացավ ապրել Բելի հովանու ներքո: Տիտանյան Բելն ինքն իրեն հռչակում է աշխարհակալ եւ պարտադրում այլոց պաշտել իրեն, բայց Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը: Իր պատմության ողջ ընթացքում ՀԱՅԸ պայքարի մեջ է եղել՝ հետեւելով իր նահապետին:
Մովսես Խորենացին գրում է՝ Հայկը սերում է Նոյի կրտսեր որդի Հաբեթից, այսինքն՝ Նոյի 5-րդ սերունդն է։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր եւ այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսյան Հայկ։ Նկարագրելով Հայկին՝ Մ. Խորենացին «Հայոց պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկիրը կոչվեց Հայք։ Մեր հայրենիքը, գտնվելով աշխարհաքաղաքական մի տարածքում, որն է Կովկասը, եղել ու մնում է խաչմերուկ եւ՛ պատերազմողների ճանապարհին, եւ՛ առեւտրականների: Ու բազում ասպատակողներ են անցել մեր երկրով, անցել են՝ հանդիպելով մեր ժողովրդի դիմադրությանը՝ հաճախ կրելով պարտություն ու հետ են շպրտվել, հաճախ կարողացել են հաղթել ՀԱՅԻՆ ու տիրել նրա երկրին:
Նորից անդրադառնանք մեր պատմահորը՝ Մովսես Խորենացուն: Հայկից է սերում Հայկազունիների արքայատոհմը։ Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան, զոհվեց Գավգամելայում՝ Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։ Այդ ճակատամարտից հետո, չնայած հաղթանակ է տարել աշխարհակալ Մակեդոնացին, սակայն իր ճանապարհից դուրս է թողել Հայքը՝ տեսնելով հայկական զորախմբի հերոսական կռիվը: Այսպես արարելով ու պայքարելով, գիր ու գրականություն ստեղծելով, գիտություն զարգացնելով՝ ՀԱՅԸ հասավ մ. թ. 20-րդ դար: Մի դարաշրջան, որն առավել վճռորոշ եղավ մեր ժողովրդի համար: Հսկա Մեծ Հայք երկրից, որն ուներ ծովից ծով ձգվող 15 նահանգ, մեզ հենարան էր մնացել մի բուռ տարածք: Հայոց Մեծ եղեռնն Արեւմտյան Հայաստանում, այնուհետեւ թուրքերի արշավանքը դեպի Արեւելյան Հայաստան՝ հերթական անգամ ոտքի հանեցին ՀԱՅԻՆ, եւ 1918 թ. մայիսի վերջին հաղթեցինք թուրքին, հետ քշեցինք Արաքսի մյուս ափ ու կերտեցինք անկախ երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը:
Կերտեցինք Անկախ Հայաստանի Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում՝ Եղեռնից փախած բազմահազար գաղթականներ, սով, համաճարակ, ճանապարհների փակ լինելը, եւ այս ամբողջին ավելացավ քեմալական Թուրքիայի հարձակումը: Առաջին հանրապետությունը գոյատեւեց մինչեւ 1920 թ. դեկտեմբերի 2-ը, երբ հեղափոխական Լենինն Աթաթուրքի հետ կնքեց Մոսկովյան ապօրինի պայմանագիրը: Արդյունքում Հայաստանի Հանրապետության արեւմտյան եւ հարավարեւմտյան գավառները՝ Կարսն ու Արդահանը, Իգդիրն ու Սուրմալուն, Արարատը եւ այլ տարածքներ մնացին քեմալական Թուրքիայի տիրապետության տակ: Բոլշեւիկների առավել հայատյացությունը երեւաց, երբ մեր երկրի արեւելյան գավառներն անցան նրանց տիրապետության տակ: Խորհրդային մեծ պետության կազմում ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը: Իսկ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական արհեստական Հանրապետությանը բռնակցվեցին Նախիջեւանը, Արցախը, Ուտիքը՝ Գարդման-Գանձակով: Բավականին մեծ տարածքներ անջատվեցին նաեւ Սյունիքից ու Տավուշից, Գեղարքունիքից, այլ շրջաններից ու դարձյալ տրվեցին Ադրբեջանին: Հետագայում Արցախն ամբողջովին Մայր հայրենիքից անջատվեց, երբ հայոց Սյունիք եւ Արցախ պատմական աշխարհների տարածքում Ադրբեջանի կազմում գոյացան նոր վարչական շրջաններ՝ Լաչին, Քելբաջար, Կուբաթլու եւ Զանգելան:
Տարիներ շարունակ մեր ժողովուրդը պայքարում էր, որ միավորվի մեր երկիրը, Մայր հայրենիքին միանան Արցախը, Նախիջեւանը, Սյունիքից ու Տավուշից խլված եւ Ադրբեջանին հանձնված տարածքները: Սակայն միշտ էլ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ղեկավարությունը մնում էր Լենինի ու Ստալինի հետեւորդը եւ պաշտպանում Ադրբեջանի շահերը: 20-րդ դարի 80-ական թվականներին ինչ-որ չափով մեր ժողովրդին հնարավորություն ընձեռվեց ավելի ակտիվ գործելու եւ Արցախը Մայր հայրենիքին միավորելու համար: 1988 թ. սկիզբը եղավ մեր ժողովրդի հերթական զարթոնքի ժամանակաշրջանը: Ու ելանք ոտքի՝ պահանջելով Արցախ աշխարհի վերադարձը: Այս պայքարի հորձանուտ մտավ նաեւ մեր սերունդը, երբ ուսանող էի: Արցախյան շարժումը տարիների պատմություն ուներ, սակայն նման թափով ու ողջ ժողովրդով ոտքի ելնելն աննախադեպ էր ու ինչ-որ տեղ անսպասելի:
Իհարկե, Արցախյան շարժումն սկզբում միայն Արցախի պահանջով էր: Դեռեւս 1987 թ. Լեռնային Արցախում եւ Հայաստանում 75-80 հազար ստորագրություն էր հավաքվել Արցախը ՀԽՍՀ-ի հետ միավորելու պահանջով: Դեկտեմբերի 1-ին արցախահայության պատվիրակությունը երջանկահիշատակ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ ստորագրություններ, նամակներ եւ պահանջներ է հանձնել Մոսկվայում ԽՄԿԿ Կենտկոմի ընդունարան։ 1988 թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական եւ Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Նույն օրը Երեւանում տեղի ունեցավ բազմահազարանոց ցույց ի աջակցություն արցախահայության: Նախօրեին բազմամարդ ցույց տեղի ունեցավ Աբովյան քաղաքում՝ ի պահանջ, որ դադարեցվի քիմիական գործարանի կառուցումը: Եվ նույն ժողովուրդն էլ հաջորդ օրն արդեն Երեւանի օպերայի հրապարակում էր՝ պահանջատեր Արցախ աշխարհի: Ընդամենը մի քանի օր անց արդեն նույն ժողովուրդը, որ գլխավերեւում էր պահել Խորհրդային Միության հիմնադիրների ու ղեկավարների նկարները, հասկացավ՝ միայն անկախությամբ կարելի է միավորել Արցախը մայր Հայաստանին:
Սումգայիթյան ջարդերը, «եղբայրական» Ադրբեջանի կողմից այլ վայրագությունները մեզ ստիպեցին բռնել անկախության ճանապարհը: Արդեն պարզ էր՝ Արցախի ազատագրումը զենքով է լինելու, իսկ բանակ ունենալու համար անկախություն է հարկավոր: Խորհրդային Միությունից անկախանալու ծրագիր ավելի վաղ մշակվել էր «Ազգային միացյալ կուսակցություն» ընդհատակյա քաղաքական կազմակերպության կողմից դեռեւս 1960-ականներին: 1966 թ. ԱՄԿ հիմնադիրների ձերբակալումից եւ բանտարկությունից հետո Պարույր Հայրիկյանը դառնում է ԱՄԿ ղեկավար, 1987 թ. սեպտեմբերին դուրս է գալիս ընդհատակից եւ իր համախոհներ Մովսես Գորգիսյանի, Ռազմիկ Մարկոսյանի, Սուսաննա Ավագյանի եւ Մեխակ Գաբրիելյանի հետ ԱՄԿ-ի հենքի վրա ստեղծում Ազգային ինքնորոշում միավորումը՝ նպատակ ունենալով հանրաքվեի միջոցով Հայաստանը հասցնել անկախության:
Կուսակցության համահիմնադիր, Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը եղել է շարժման առաջնորդներից մեկը։ Արցախյան շարժումը 88-ի մարտ ամսին անկում ապրեց, քանի որ խորհրդային իշխանությունները զորք մտցրին Երեւան: Բայց հայ ժողովուրդը պայքարը շարունակեց: Հիշում եմ՝ մարտի 3-ին Գրողների միության տանը, հետագայում Կինոյի տանը տեղի էին ունենում ժողովներ շարժման ղեկավարների մասնակցությամբ: Իհարկե, դրանք չունեին այն բովանդակությունը, ինչ տեղի էր ունենում Օպերայի հրապարակում, որն անվանեցինք Ազատության հրապարակ, որտեղ հարյուր հազարավոր մասնակիցներ միաձայն Արցախ էին կանչում, որտեղ նույն մարդիկ հարազատացել էին, միավորվել, բոլորը մի նպատակով էին եկել հրապարակ: Չնայած հրամանին ու պահանջներին՝ ազգային ոգով էին գործում մեր ոստիկանները, ուժային այլ կառույցներ: Ստիպված դրսից էին ոստիկաններ ու զորք բերել խորհրդային ղեկավարները: Վարար գետի էր վերածվել Արցախյան շարժումը, որը նաեւ բռնել էր անկախության ճանապարհը:
Առաջին անգամ Ազատության հրապարակում մարտ ամսին ծածանվեց Հայոց Եռագույնը՝ Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ: 88-ի մայիս ամսին մի պահ թվում էր անկում էր ապրում Արցախյան շարժումը, եւ մենք՝ Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ ու դասախոսներ, մայիսի 25-ին նստացույց սկսեցինք Ազատության հրապարակում: Առաջին օրվա գիշերը քիչ մարդ կար նստած աստիճաններին, երկրորդ-երրորդ օրերին արդեն հազարավոր ուսանողներ ու այսպես կոչված աշխարհազորայիններ համալրեցին ցուցարարների շարքերը: Նստացույցը պահանջելու էր Հայաստանի Գերագույն խորհրդի արտահերթ նիստ, որտեղ պիտի քվեարկության դրվեր ԼՂԻՄ մարզխորհրդի ընդունած որոշումը` Հայաստանին միանալու մասին: Մեր պահանջը կատարվեց, իհարկե 20 օր պայքարելուց, աստիճաններին նստելուց հետո: Հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն միաձայն կողմ էր քվեարկել:
Հիշում եմ՝ այդ լուրն առնելուց հետո համալսարանականներով ռազմահայրենասիրական երգերով շարժվեցինք համալսարան ու նստեցինք մեր մայր բուհի գլխավոր մասնաշենքի աստիճաններին: Ինչքան հպարտ ու երջանիկ էինք՝ հավատով լի՝ Արցախը մերն է լինելու, ունենալու ենք անկախ միացյալ հայրենիք: Բայց դեռ անելիքներ շատ ունեինք: Մայիսի 28-ին հերթական անգամ ծածանվեց Հայոց Եռագույնը, այս անգամ՝ ԵՊՀ հրապարակում, այնուհետեւ՝ Մատենադարանի մոտ: Հայն արդեն իր մեջ մեռցրել էր ստրուկին, արդեն տեր էր 1918-ի անկախությանը եւ վճռական՝ Հայաստանի Հանրապետությունն անկախանալու է եւ լինելու է Առաջին հանրապետության իրավահաջորդը: Նույն 88-ի նոյեմբերին առաջին անգամ համակուրսեցի ու մինչ օրս հարազատ դարձած ընկերոջս՝ Վոլոդյա-Արին Գալստյանի ու լրագրող Նաիրուհու հետ, որպես «Գարուն» ամսագրի թղթակից, այցելեցի Արցախ: Ստեփանակերտի օդանավակայանում արդեն տեր ու տնօրեն էին խորհրդային բանակի զինվորականներն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ականները: Առաջին խոսքն այն լսեցինք, որ նույն օրը՝ առավոտյան, խորհրդային զինվորականները ծեծել էին ստեփանակերտցիների, վիրավորներ էլ կային:
Մոտ 10 օր մնացինք Արցախում, եղանք տարբեր բնակավայրերում, այդ թվում նաեւ՝ Թալիշ գյուղում, որն այդ ժամանակ Արցախի լավագուն բնակավայրերից էր: Չնայած բռնություններին, պարետային ժամին, վառելիքի, հացի ու այլ սննդամթերքի պակասին, Բաքվից, Սումգայիթից, Շուշիից ու այլ վայրերից փախստականներին, արցախցիները հավատով էին լցված՝ միավորվելու են Մայր հայրենիքի հետ: Խորհրդային իշխանավորներին ու թուրքերին չօգնեցին նույնիսկ Սպիտակի երկրաշարժը, դրանից օրեր առաջ հատուկ դրություն մտցնելը հանրապետությունով մեկ: Հայ ժողովուրդը չվհատվեց նույնիսկ, երբ ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն: 89-ին արդեն ավելի շատացան Արցախում ու Մայր հայրենիքում ստեղծվող զինված ջոկատները: Պարզ էր՝ զենքն է դեր խաղալու, հայրենիքի փրկության համար զինվորներ են պետք: Ու Ազատության հրապարակում նստացույցի ժամանակ ծանոթացած ուսանողներով ու աշխարհազորայիններով սկսեցինք ջոկատներ կազմել: Ջոկատներ, որոնք էլ պետք է հիմք դնեին Հայոց անկախությունը կերտող բանակին, Արցախի միավորմանը եւ դառնային հայ ժողովրդի պաշտպանը: Ճիշտ է՝ դարձյալ միտինգներ ու ցույցեր էին տեղի ունենում հրապարակներում, բուհերի ու այլ հիմնարկությունների դահլիճներում, բայց դրանք չունեին 88-ի սկզբի նշանակությունը:
1989 թ. արդեն զինված ջոկատներ էին անցնում Արցախ: Օգոստոսին Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի (ԲԻԽ, նախագահ՝ Անդրանիկ Հարությունյան, Բերդաձորի Անդո, զոհվեց ավտովթարից) կողմից ղեկավարվող ջոկատներից մեկի կազմում անցանք Բերդաձոր: Մեծ դժվարությամբ էինք կարողանում տեղ հասնել: Հիմնականում ջոկատները կամ անհատներն ինքնաթիռով հասնում էին Ստեփանակերտի օդանավակայան, այնտեղից՝ քաղաք, հետո՝ ըստ անհրաժեշտ ուղղության: Եվ այս ամենն օդանավակայանը հսկող խորհրդային զինվորականների ու թուրք ՕՄՕՆ-ականների մոտով: Հաճախ էին լինում ձերբակալություններ կամ վերադարձ Երեւան: Այդ ժամանակ եւս, ինչպես հիմա է, Բերդաձոր-Ստեփանակերտ ճանապարհահատվածը հսկվում էր խորհրդային (այժմ` ռուսական խաղաղապահ) զինվորների կողմից, բայց դա չէր խանգարում, որ թուրքերը մշտապես քարկոծեին, հետագայում նաեւ գնդակոծեին մեր ավտոբուսն ու մեքենաները: 89-90 թվականներին պարբերաբար էինք հսկում Բերդաձորում՝ հաճախ տեղ էինք հասնում ուղղաթիռով, հաճախ՝ արդեն հիշատակած երթուղով:
1990-ի ամռանը ՀԱԲ-ի անդամ 4 ընկերով՝ ես, Արթուր Ղարագյոզյանը՝ համալսարանական, Երեմ-Արսեն Խաչատրյանն ու Ստեփան Շահբազյանը՝ նստացույցի աշխարհազորայիններից, պետք է Բերդաձոր հասնեինք: ՅԱԿ-40 ինքնաթիռով հասանք Ստեփանակերտ: Օդանավակայանում մեզ ստուգեցին եւ պարզեցին, որ, այսպես կոչված, գրոհայիններ ենք կամ ՀԱԲ-ի զինվորներ: Մոտ 2 ժամ հարցաքննելուց հետո առաջարկեցին վերադառնալ Երեւան, հակառակ դեպքում կձերբակալեին: Պարզ է՝ գերադասեցինք Երեւան վերադառնալ: Նաեւ գրանցեցին մեր անունները, որ այլեւս Ստեփանակերտ չգանք: Պետք է միշտ խոնարհումով հիշենք այդ օրերին աշխատող մեր օդաչուներին, ովքեր անում էին ամեն հնարավորը, որ օգնեին Արցախին ու ազատամարտիկ-կամավորականներին: Նույն ինքնաթիռի հրամանատարն սպասել էր, մինչեւ մեզ բաց թողեցին, ու հետ տարավ Երեւան, նաեւ խորհուրդ տվեց՝ չհակաճառել օդանավակայանի պարետին: Հաջորդ շաբաթ հասանք Բերդաձոր՝ արդեն ուղղաթիռով: Այսօր չկան տղաներից շատերը, որոնց հետ պաշտպանում էինք Բերդաձորը, հսկում Հայոց վտանգված այլ վայրերում: Մեծ ցավով եմ հիշում Առնո Մկրտչյանին՝ բերդաձորցի այդ նվիրյալին, ով դեռեւս խորհրդային տարիներին, Գորիսի ինստիտուտում ուսանելիս Հայոց Եռագույնն էր պարզել բուհի շենքի տանիքին եւ մշտապես ՊԱԿ-ի հսկողության տակ էր: Տարածքի ռազմական ուժերի համակարգողն էր ու ԲԻԽ-ի փոխնախագահը: Ձերբակալվեց 1991 թ. մայիսին, երբ խորհրդային բանակի ու թուրք ՕՄՕՆ-ականների միացյալ ուժերը «Օղակ» ռազմագործողության շրջանակներում շրջապատել էին Բերդաձորի 4 գյուղերը եւ տեղահանել հայ բնակչությանը: Տանջամահ է արվել Բաքվի բանտերում:
Ռազմի ճամփաներին ընկան Վարդան Բախշյանը, Արմենը, Ստեփանը, Պավլոն, Արմիկը, այլք: Բաքվի բանտերում տանջամահ արվեց նաեւ եղցահողցի Հրաչ Պետրոսյանը՝ նույնպես ձերբակալված 91-ի մայիսի կեսերին: Նույն 90 թ. նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հին Շեն գյուղը պաշտպանելիս նահատակվեցին նույն գյուղից Սամվելը եւ երեւանցի հատուկջոկատային Վաղինակ Զաքարյանը: Նույն ժամանակ տարբեր ջոկատներ Շահումյանում էին, Հադրութում, Մարտունաշենում եւ այլ վայրերում: Արդեն պարզ էր՝ խորհրդային իշխանությունն ու բանակը հայի պաշտպան չեն: 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին հռչակագիրը», որը նշանավորեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Հայտարարվեց հանրապետության տարածքում ԽՍՀՄ Սահմանադրության եւ օրենքների գործունեության դադարեցման մասին: 1991 թ. մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշեց անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին եւ համաժողովրդական քվեարկության դնել հետեւյալ հարցը. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմից դուրս»։ Հանրաքվեն կայացավ 1991 թ. սեպտեմբերի 21-ին։ Ընտրողների 99.5 տոկոսը քվեարկեց անկախության հռչակման օգտին՝ 95 տոկոս մասնակցության պարագայում: Հանրաքվեի արդյունքում 1991 թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից:
Հանրաքվեի օրն արշավական խմբի հետ գտնվում էի Լոռիում: Նախօրոք դիմել էի Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ խնդրել, որ ինձ թույլատրվի հանրապետության ցանկացած ընտրական տեղամասում մասնակցել քվեարկությանը: Կեսօրին Սանահինի վանական համալիրից հասանք Ակներ գյուղ: Այստեղ եմ քվեարկել հանուն Հայաստանի Հանրապետության անկախության: 1991 թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը եւ վավերագրվեց նույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեով։ Ծանր եւ պատերազմով եղավ մեր անկախության եւ Արցախի Հանրապետության պաշտպանությունը: 1992 թ. մայիսի 18-ին ազատագրեցինք Արցախը Մայր հայրենիքից բաժանող Լաչին քաղաքը եւ հարակից մի քանի գյուղեր: Այստեղ էլ կայացավ մեր ժողովրդի երազանքը՝ ՄԻԱՑՈՒՄ-ը: Ազատագրեցինք նաեւ 1 տարի թշնամու տիրապետության տակ մնացած Բերդաձորը, Հադրութի շրջանի մի մասը: Բայց շարունակվեց պատերազմը, եւ 1994 թ. մայիսին թշնամին զինադադար աղերսեց:
Սկսեց շենանալ Արցախը, որն արդեն ուներ իր հզոր պաշտպանը՝ Հայոց բանակը: Ազատագրված մնացած տարածքներում, որոնք պատմական Մեծ Հայքի 15 նահանգներից Սյունիքի եւ Արցախի մի քանի գավառներ ու օժանդակ հատվածներ էին, նորից հայը բնակվեց: Արցախի կազմում հիմնվեցին 2 նոր շրջան՝ Նոր Շահումյանը, որը պատմական Քարվաճառն է, եւ Քաշաթաղը, որն իր մեջ էր առել Մեծ Հայքի Սյունիքի եւ Արցախի՝ խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված տարածքները: Եղավ վերաբնակեցում, եւ ավելի քան 26 տարի վերահայացավ Հայոց այս տարածքը, մինչեւ եղավ կործանարար պատերազմը: Նորից կրկնվեց պատմությունը, եւ այժմ, քան երբեւէ, պետք է ամուր կանգնենք մեր հողին, ամեն գնով պահպանենք մեր անկախությունը, ազատագրենք Արցախի կորցրած տարածքները, միավորվենք: Այս ամենին հասնելու համար կա մի պայման՝ միավորվել եւ չտարանջատել Արցախը Մայր հայրենիքից: