Ցիոլկովսկի քաղաքի 60-ամյակի կապակցությամբ «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը հուշատախտակ է տեղադրել առաջին պատվավոր քաղաքացիների պատվին:
Սեպտեմբերին նշում են Ցիոլկովսկի քաղաքի, ինչպես նաեւ Պատվավոր քաղաքացու օրերը: Այդ կոչմանն արժանացած առաջին ութ մարդկանց թվում է նաեւ սանկտ-պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանը, ով իրականացրել է շուրջ տասը բարեգործական ծրագրեր:
Քաղաքը կրում է մեծ տիեզերագետ, հետազոտող ու գյուտարար Կոստանտին Ցիոլկովսկիի անունը: 2014 թ. Հրաչյա Պողոսյանի ջանքերով տեղադրվել է գիտնականի կիսանդրին: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումներն սկսվել են հանդիսավոր ելույթներով ու հուշարձանի մոտ ծաղիկներ դնելու արարողությամբ: Գիտնականի հիշատակը հավերժացել է ոչ միայն քանդակով, այլեւ «Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը» վավերագրական ֆիլմով, որը պատմում է գյուտարարի կյանքի ու գործունեության մասին: Ֆիլմի նախաձեռնողն ու հովանավորը Հրաչյա Պողոսյանն է: Գիտնականի կիսանդրու հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ Լյովա Բեյբությանն է:
Նույնանուն քաղաքում սուրբ Իշխան Վլադիմիրի 1000-ամյակի առթիվ «Հրաչյա Պողոսյան» հիմնադրամի շնորհիվ տեղադրվել է խաչ` խճանկարային պատկերով, որը պատրաստել է Պետերբուրգի խճանկարների արհեստանոցի ղեկավար Օլեգ Կոստենկոն: Բարերարը նաեւ Կազանի Աստվածամոր տաճարի նախաձեռնողներից է, հոգաբարձուների խորհրդի անդամ եւ համաֆինանսավորող: Տաճարն օծվել է 2016 թ.: Ավելի ուշ Հ. Պողոսյանը քաղաքին նվիրեց Կազանից բերված Աստվածամոր սրբապատկերը:
Ցիոլկովսկի քաղաքի օրվա առիթով տեղի է ունեցել նաեւ ««Վոստոչնի» տիեզերակայանի ստեղծման ամուրական տարեգրությունը» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակ Կոստանդին Չմարովը հատուկ ուշադրություն է դարձրել քաղաքային թոհուբոհում հոգեւոր կյանքի վերածննդին` մանրամասնորեն նկարագրելով տաճարի կառուցման փուլերը, օծման ու բացման արարողությունները:
2016-ին «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը դարձել է նաեւ «Մենք Տիեզերքի զավակներն ենք» խորագրով համառուսաստանյան մրցույթի հովանավոր: Մրցույթին մասնակցել է շուրջ 2000 երեխա: ՌԴ հերոս Օլեգ Արտեմիեւի գլխավորությամբ ժյուրին որոշեց մրցանակի արժանացնել Ամուրի շրջանի մասնակիցներին: Որպես պարգեւատրում` դպրոցականների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի «Վոստոչնի» տիեզերակայան:
Ամուրի եւ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին միավորած մեկ այլ իրադարձություն տեղի է ունեցել 2015 թ. Լենինգրադի շրջանի Նեւսկի Պյատաչոկի հուշահամալիրի Հիշողության ու փառքի միջազգային ծառուղում, որտեղ եւս հուշարձան կանգնեցվեց քաղաքի համար իրենց կյանքը չխնայած հերոս մարտիկների հիշատակին: Հ. Պողոսյանը բարեգործական այս ծրագիրն ի կատար է ածել Ամուրի շրջանի հասարակական պալատի դիմում-խնդրանքով: Բարեգործը բազմիցս ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանին: 2013 թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղի ժամանակ հիմնադրամի կողմից դրամական մեծ միջոցներ փոխանցվեցին Ամուրի շրջանին: Հ. Պողոսյանը նաեւ աջակցել է UIA CDC «Վոստոկ» թանգարանի բացմանը եւ այս տարի ֆինանսավորել Ցիոլկովսկի քաղաքի օրհներգի երաժշտության ստեղծման նախաձեռնությունը:
Հարկ է նաեւ նշել, որ բարեգործին չորրորդ անգամ է շնորհվում Պատվավոր քաղաքացու կոչում: Հրաչյա Պողոսյանը նաեւ Լենինգրադի շրջանի, Արագածոտնի մարզի Ագարակ եւ Սյունիքի մարզի Ծավ գյուղերի պատվավոր քաղաքացի է, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների պատվավոր անդամ:
Հրաչյա Պողոսյանի նախաձեռնած 250 նախագծից ավելի քան 100-ը նվիրված են հայ ժողովրդի պատմությանը, նախաձեռնություններ, որոնք իրականացվել են Հայաստանում և արտերկրում: