Չնայած ականազերծման գործընթացը շատ ակտիվ է ծավալվում Արցախի Հանրապետության ողջ տարածքում, եւ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ռուս խաղաղապահ ուժերի, արտակարգ իրավիճակների ծառայության եւ սակրավորների ուժերով հայտնաբերվել ու վնասազերծել են 860 հազարից ավելի չպայթած ռումբեր, հրթիռներ եւ պայթուցիկ այլ նյութեր, այդուհանդերձ, սակրավորական խմբերի աշխատանքային ճակատն ավելի է ընդլայնվում:
Բնակավայրերն ու դրանց շրջակա տարածքներն անվտանգ դարձնելու նպատակով որոնողական աշխատանքներն առավել լայն թափ են ստացել: «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արթուր Ջավադյանի խոսքով՝ եւս մի քանի տարի կպահանջվի թշնամու կողմից երկրին պատճառած վնասները վերացնելու, մասնավորապես՝ անվտանգության տեսակետից հուսալի երաշխիքներ ստեղծելու համար: «Ամեն օր մայրաքաղաք Ստեփանակերտի եւ մերձակա գյուղական համայնքների տարածքներում հարյուրավոր չպայթած մահաբեր հրթիռներ, արկեր եւ պայթուցիկ այլ նյութեր են հայտնաբերվում ու ոչնչացվում,- ասում է նա:- Երբեմն հեռահար հսկա հրթիռների տեղափոխման համար հատուկ մեքենա եւ այլ տեխնիկա է պահանջվում: Ակնհայտ է, որ դրանք պայթեցվում են բնակավայրերից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող անվտանգ վայրերում, «խրամատներում»: Ու մեր սակրավորները ձգտում են հնարավորինս խլացնել հզոր պայթյունների ձայնը, որպեսզի մարդիկ, հատկապես կանայք, ծերերն ու երեխաները վախի զգացում չունենան: Ընդ որում՝ վնասազերծելուց առաջ, բջջային կապի միջոցով, քաղաքացիներին նախապես տեղյակ է պահվում իրականացվելիք աշխատանքների մասին»:
Ըստ պարոն Ջավադյանի՝ սակրավորական խմբերին «առավել լուրջ փորձություններ են սպասում առաջիկում»: Ձգտելով լիովին չբացել փակագծերը՝ նա տեղեկացրեց, որ շուտով ականազերծման կենտրոնը ձեռնամուխ կլինի գործընթացի նոր փուլին: Ասել է թե՝ մակերեսային ականազերծմանը զուգընթաց, մասնագետները կիրականացնեն նաեւ խորքային ականազերծման աշխատանքներ, «ինչը մեծ համարձակություն, արհեստավարժություն եւ լարված ջանքեր է պահանջում սակրավորներից»: Հիմնադրամի տնօրենի համոզմամբ՝ «վտանգը ոչ միայն գետնի երեսին է, այլեւ՝ խորքում», ինչը իսպառ պիտի չեզոքացվի, որպեսզի հատկապես գյուղական համայնքներում մարդիկ կարողանան վստահ շարժվել, հավաքել աճեցված բերքը, վարուցանք անել եւ մշակել:
Որոշ մանրամասներ հաղորդելով իրենց աշխատանքի բնույթի, սակրավորների առաքելության մասին՝ Արթուր Ջավադյանը բնակչությանը, հատկապես երեխաներին զգուշացնում է բակերում, դաշտերում եւ այլուր «անորոշ առարկաների» հանդիպելիս՝ ձեռք չտալ, գունեղ ժապավեններով ագուցված «խաղալիքներով» չգայթակղվել, քանի որ հենց դրանք են մահաբեր, կասետային ռումբերը…