Զբոսաշրջության զարգացման համար Հայաստանի բազմաթիվ վայրերում առկա են բոլոր անհրաժեշտ տարրերը՝ էկոմիջավայր, բնակլիմայական անհրաժեշտ պայմաններ, գեղեցիկ բնություն, ազգային կոլորիտային մշակույթի՝ իրարից տարբերվող ենթամշակույթներ: Մյուս կողմից էլ՝ աշխարհում տուրիզմը մեծ տեմպերով է զարգանում եւ աստիճանաբար վերածվում զարգացող տնտեսությունների կարեւոր ճյուղերից մեկի:
Ոլորտում խոշոր ներդրում ապահովելու համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիրին առաջարկում է հավանության արժանացնել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագիրը: Ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում լեռնային զբոսաշրջությանն ուղղված ներդրումային ծրագիր իրականացնել:
Բանն այն է, որ Հայաստանում զբոսաշրջության այս ոլորտը թույլ է զարգացած եւ զիջում է հարեւան երկու հանրապետություններին: Գործում են երկու՝ Ծաղկաձորի եւ Ջերմուկի հանգստյան գոտիները: Այստեղ առաջարկվում է լեռնադահուկային ժամանց: Ճոպանուղիները հիմնականում պետական կամ համայնքային սեփականություն են, իսկ հյուրանոցները, հանգստյան եւ ժամանցի կենտրոնները՝ մասնավոր ։
Սակայն մրցակցության համար անհրաժեշտ քանակի գործունեություն ծավալողներ չլինելու պատճառով մեր տարածքներում մատուցվող ծառայությունները բավականին թանկ են: Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե շուրջ 25 ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանում՝ 15: Զբոսաշրջության այս ձեւից օգտվող զբոսաշրջիկների մեծ մասը ժամանում է Ռուսաստանից եւ Իրանից: Ռուսաստանի զբոսաշրջիկներին ներգրավելու առումով Հայաստանը շահեկան դիրքում է, քանի որ նրանք կարող են Հայաստան ժամանել ներքին անձնագրերով:
Հայաստանում զբոսաշրջային նոր լեռնային համալիրի ստեղծումը հնարավորություն կտա ձեւավորել մրցակցային գնային միջավայր։ Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ծրագիրը միտված է Հայաստանում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաեւ բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը: Նախագծի իրականացումը բացառիկ է այն բանով, որ նմանօրինակ ենթակառուցվածքային ներդրումներ մասնավոր հատվածի կողմից Հայաստանում երբեւէ չեն իրականացվել, եւ այս համագործակցության հաջողված օրինակը կարող է խթան դառնալ պետություն-մասնավոր համագործակցության հետագա զարգացման համար: