Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետեւանքով հոկտեմբերի 9-ին սպանվել էր Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան, որի հետեւանքով մահացել է խաղաղ բնակիչ. «Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։ Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երեւան, Բաքու, այդ թվում նաեւ՝ Ստեփանակերտ։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով նա փորձում է չեզոքացնել նաեւ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։ Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնեն ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին եւ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները կանխելու ուղղությամբ»։
ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական զորակազմի հրամանատարությունը միջադեպի հետ կապված հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խաղաղ բնակչի սպանությունը համարում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության եւ թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետեւանք. «Այս ողբերգական միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայ բնակչության կյանքի, անվտանգության ու խաղաղ ապրելու, մյուս կենսական իրավունքների երաշխավորում անհնար է ատելության եւ թշնամանքի ադրբեջանական խորքային քաղաքականության պայմաններում, եւ նաեւ քանի դեռ նման հանցավոր արարքների համար պատժված չեն դրանք կատարողներն ու հայատյացությունը հովանավորող ադրբեջանական իշխանությունները»:
Բազմիցս է արձանագրվել ադրբեջանական կողմի ապակառուցողական, ահաբեկչական գործելաոճը, երբ ագրեսիայի թիրախ են դառնում թե հայ զինվորները, թե խաղաղ բնակչությունը։ Թե ինչ խնդիրներ է լուծում Ադրբեջանը նման պահվածքով, անդրադարձել են ինչպես ՀՀ ԱԳՆ-ն, այնպես էլ՝ Արցախի խորհրդարանի ղեկավարն ու ՄԻՊ-ը։ Որքան էլ կարեւոր է պատճառների եւ նպատակների վերհանումը, նույնքան անհրաժեշտ է համապատասխան հետեւություններ կատարելը։ Իսկ հետեւություններն ակնհայտ են՝ Արցախը չի կարող որեւէ կարգավիճակով մաս կազմել Ադրբեջանի Հանրապետությանը, դա կնշանակի Արցախի ամբողջական հայաթափում եւ հայության բնաջնջում։ Երկրորդ՝ Ադրբեջանը սպառնում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ու անվտանգային միջավայրի կայացմանը, հետեւաբար առաջնային է դառնում ագրեսորին պատասխանատության կանչելը։ Երրորդ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության խոցելիությունը, անհրաժեշտ է յուրաքանչյուր չափահաս բնակչին զենք տրամադրել սեփական անվտանգությունը ապահովելու համար։ Չորրորդ՝ Արցախի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի, որը հնարավորություն կտա ապահովել բնակչության խաղաղ եւ անվտանգ գոյությունը։
Չմոռանանք, որ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն այսօր ադրբեջանական օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո է, իսկ Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կերպով շինարարական եւ այլ գործունեություն են ծավալում ԱՀ տարածքում։ Այս մոտեցումները որպես առաջնային լուծման ենթակա հարցեր պետք է դրվեն ինչպես Մինսկի խմբի համանախագահների սեղանին, այնպես էլ բարձրաձայնվեն Մոսկվայում։