Կառավարությանը ենթակա պետական եկամուտների կոմիտեն սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ 2021 թ. հոկտեմբերի 1-ից գործարկելու է «Մեկ պատուհան» համակարգը: Գործընթացն իրականացվում է փուլերով:
«Մեկ պատուհանին» աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն եւ կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն:
Արդյոք կոմիտեն այն կառույցն էր, որ պետք է միանար այդ բաց՝ «Մեկ պատուհան» համակարգին։
«ՀՀ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանից։
«Խնդիրը շատ պարզ է,- ասաց նա,- փորձ է արվում թեթեւացնել ներմուծման-արտահանման գործընթացը գործարարների համար, եւ մենք մեր գործունեության մեջ ունենք նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահանման եւ ներմուծման լիցենզավորում։ Ուսումնասիրելով միջազգային գործընկերների փորձը՝ միացանք համակարգին եւ որեւէ խնդիր չենք տեսնում լիցենզավորման գործընթացը «Մեկ պատուհանով» իրականացնելու համար»։
«Ամեն դեպքում «Մեկ պատուհանը» բաց համակարգ է։ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն էլ այն բաց կառույցը չէ, որ պետք է միանար այս համակարգին». մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ կոմիտեի նախագահը բացատրեց. «Այն գործընթացը, որը փակ է, կատարվում է փակ սխեմայով, միայն վերջին փուլը, երբ արդեն գործարարը պետք է ստանա ներմուծելու թույլտվությունը, միայն դա է բաց։ Մնացածը կատարվում է ԱԷՄԳ-ի պահանջների ու չափանիշների համաձայն եւ մեր օրենսդրությանը համապատասխան։ Կրկնում եմ՝ միայն վերջին փուլն է բաց, երբ ավարտվել են բոլոր գործընթացները, եւ մնացել է միայն թույլատրել սահմանից անցումը։ Մնացած գործընթացը՝ ստուգումները, կանոնակարգումները եւ այլն, կատարվում է կառավարության սահմանած ընթացակարգերով՝ որոշ փուլերում՝ բաց, որոշ փուլերում՝ փակ»։
«Այսինքն՝ Դուք վստահեցնում եք, որ անվտանգության առումով «Մեկ պատուհանին» միանալը որեւէ խնդրի չի հանգեցնի» ճշգրտող հարցին Աշոտ Մարտիրոսյանը հստակ պատասխան տվեց. «Այո, միանշանակ վստահեցնում եմ. անվտանգության հետ կապված որեւէ խնդիր չի կարող ծագել»։
ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Էլեկտրոնային հարթակի ամբողջական կիրարկմամբ թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացը կտեղափոխվի էլեկտրոնային հարթակ, եւ դրանք կիրականացվեն առցանց: