Վերջին օրերին ԱՀ առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հանրապետությունում աճել են «COVID-19»-ով հիվանդանալու դեպքերը: Ոլորտի պատասխանատուները, պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ կայացած հանդիպմանը քննարկելով երկրում առկա իրավիճակը, հանգել են այն եզրակացության, որ ծանր հետեւանքներից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է, եւ բնակչությանը կոչ են արել լրջորեն հետեւել իրենց առողջությանը:
Ըստ վիճակագրության՝ միայն մեկ օրում հիվանդության 36 դեպք է գրանցվել, ինչը հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Զոյա Մաղաքելյանի համոզմամբ՝ մտահոգիչ է եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել վարակի դեմ պայքարն ուժեղացնելու համար: Նրա կարծիքով՝ հիվանդության «աշխուժացման» պատճառը գլխավորապես կանխարգելիչ կանոնների պահպանման բացակայությունն է: Մարդիկ խուսափում են դիմակներ կրել եւ շփումների ժամանակ պահպանել պահանջվող սոցիալական հեռավորությունը, իսկ կազմակերպվող միջոցառումների մասնակիցների թիվը հաճախ անցնում է 300-ից: Հասարակական վայրերում, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտում կանխարգելիչ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում:
Մասնագետի տեղեկացմամբ՝ միայն այն իրողությունը, որ ներկայումս հանրապետական բժշկական կենտրոնում շուրջ հինգ տասնյակ «COVID-19»-ով վարակվածներ են գտնվում, խորհելու առիթ պիտի տա յուրաքանչյուրին: Նրանցից 9-ի վիճակը ծայրահեղ ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են, եւ բժիշկները պայքարում են հիվանդների առողջության վերականգնման համար: 37 քաղաքացի բուժում է ստանում կորոնավիրուսային հիվանդության բաժանմունքում, եւ մասնագետները նրանց վիճակը ծանր են գնահատում: Կանխարգելիչ արդյունավետ պայմանը համարելով պատվաստումը, Զ. Մաղաքելյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այցելել քաղաքային պոլիկլինիկայի լաբորատորիա եւ համապատասխան հետազոտություններից հետո պատվաստվել: Նա ավելորդ չհամարեց հավելել, որ հանրապետությունում կա բավարար քանակությամբ պատվաստանյութ:
Ի դեպ, «COVID-19»-ի կանխարգելման նպատակով կառավարության կողմից հաստատվել է միջոցառումների ցանկ, որի համաձայն, մասնավորապես, սահմանափակվում են մարդաշատ հավաքույթները, հասարակական վայրերում դիմակների կրումը համարվում է պարտադիր: Վարակի սաստկացման դեպքում ուսումնական հաստատություններում նախատեսվում է ուսուցումը կազմակերպել հեռավար ռեժիմով: