Օրերս Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում կայացավ խաչքարի բացման, օծման եւ օրհնանքի արարողություն, որին ներկա էին նաեւ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, տարբեր բնակավայրերի բնակիչներ։
Անցած տարի հուլիսին բանակ զորակոչվեց նաեւ Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղի բնակիչ 18-ամյա Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ով 6 քույրերի միակ եղբայրն էր ու ավագը։ Հպարտ էր, որ արդեն զինվոր է, իր քույրերի, ողջ հայ աղջիկների պաշտպանն է դառնալու՝ եւ ժպիտը դեմքին, մնացած զորակոչիկների հետ նստեց դեպի Ստեփանակերտի հավաքակայան մեկնող ավտոմեքենան։ Նույն օրն էլ մասնակցեց վիճակահանության եւ ծառայության անցավ Ջրականի զորամասում։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը շատ զինվորների կյանք խլեց, շատերը դարձան հաշմանդամ, եղան անհետ կորածներ։ Ընդամենը 2 ամիս ծառայած Ժիրայրն էլ մասնակցեց պատերազմին ու թրծվեց ռազմի դաշտում։ Հոկտեմբերի կեսերից ծնողներն այլեւս չկարողացան կապ հաստատել իրենց որդու հետ։ Սակայն հույս ունեին՝ միգուցե տուն կգա։ Սակայն 9 ամսվա սպասումները չարդարացրին ծնողների ու քույրերի հույսերը։ Բանակ զորակոչվելուց մեկ տարի անց գտնվեց քաջորդու աճյունը։ 2021 թ. հուլիսի 21-ին զինվորական կարգով Վահրամաբերդի գերեզմանոցում հուղարկավորեցին անմահ հերոսին։
Ժիրայր Գագիկի Մարգարյանը ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ եւ Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվեցին եւ բնակություն հաստատեցին Վակունիս գյուղում, որը շրջանի հյուսիսային թեւում է՝ Շալուա գետի ձախակողմյան բարձրադիր հարթության վրա։ Գյուղն ազատագրվել էր 1993 թ. մարտի 31-ին «Սիսական» գնդի մի ջոկատի կողմից։ 11 քաջորդի, այդ թվում նաեւ ջոկատի հրամանատար Վուրգ Ոսկանյանը մարտիրոսվեցին գյուղի ազատագրման համար։ Թշնամու ականանետի արկից պայթած մեքենան, որով ջոկատի տղաները հասել էին Վակունիս, յուրահատուկ հուշարձան էր դարձել՝ ի հիշատակ անմահ հերոսների։ Վակունիսը վերաբնակեցվեց 1995 թ., եւ շուտով այստեղ բացվեց դպրոց, որն անվանակոչվեց ի պատիվ Վուրգ Ոսկանյանի։ Մեքենայի մոտ նաեւ խաչքար տեղադրվեց՝ նահատակ տղաների անուններով։
Վակունիսում հասակ առավ Ժիրայրը, այստեղ ծնվեցին քույրերը։ Գյուղի դպրոցում սովորեց ու ավարտեց միջնակարգը։ Աշխատանքի բերումով հաճախ էի այցելում նաեւ Վակունիս, ներկա լինում դպրոցական հանդեսների։ Վուրգի ու մնացած հերոսների ոգով էին դաստիարակվում դպրոցականները, նրանց հետ էր նաեւ Ժիրայրը, ով միշտ գլխավոր դերում էր, նաեւ ծնողների օգնականն էր տնտեսությունում, ձգտում էր հնարավորինս աջակցել հորը, որ բազմանդամ ընտանիքը բարեկեցիկ կյանքով ապրեր։ Քույրերի հպարտությունն էր, պաշտպանը…
Բայց հոկտեմբերի 15-ին Վահրամաբերդում հոգեւոր հայրը մյուռոնված ջրով ու գինով օծեց, օրհնեց հուշաքար-խաչքարը՝ նվիրված Ժիրայրի եւ բոլոր անմահ հերոսների հիշատակին։ Ներկա էին նահատակ-զինվորի ծնողները, քույրերը, հարազատ-բարեկամներ, զինվորականներ, համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը, վահրամաբերդցիներ, այլք։ Հերոսի փոքրիկ քույրերը՝ Ալիսան, Մարիամը, Ալվարդը, եղբոր նկարով շապիկներ հագած, ներկա էին հոգեւոր արարողությանը։ Տերունական աղոթքով ու շարականներով հոգեւոր հայրը կատարեց խաչի օծման ու օրհնանքի արարողությունը, օգնականները Ժիրայրի բարեկամ երիտասարդներն էին, ովքեր էլ կտրեցին ժապավենը։ Ավարտելով արարողությունը՝ հոգեւոր հայրը փառք տվեց բոլոր նահատակներին՝ նշելով, որ հանուն հայրենիքի ընկածները հերոսներ են եւ ընդունելի Աստծո կողմից։ Նշեց՝ խաչը միշտ է եղել զորավոր, եւ նոր օծված ու օրհնված հուշաքարն այսուհետ սրբատեղի է։
Միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզային զինկոմիսարիատի Ախուրյանի բաժանմունքի պետի տեղակալ, կապիտան Աբգար Ապինյանը, ով Ժիրայրի ծնողներին հանձնեց Արցախի նախագահի կողմից «Մարտական ծառայություն» մեդալը։ ԱՀ նախագահի հրամանը պարգեւատրման մասին ընթերցեց հոգեւոր հայրը։ Հնչեց երգ՝ նվիրված հերոսին։ Արարողությունից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր խոսքում դատապարտեց պատերազմը, որը կործանարար եղավ մեզ համար, որի ընթացքում ունեցանք հազարավոր զոհեր, եւ թշնամուն մնաց մեր հայրենի Քաշաթաղը՝ Վակունիսով հանդերձ։ Նահատակվեց նաեւ Վակունիսի դպրոցի զինղեկ Հարութ Ալեքսանդրի Պետրոսյանը։
Արարողության մասնակիցներն այցելեցին Ժիրայրի շիրիմին, ծաղիկներ խոնարհեցին, խնկարկեցին։ Վահրամաբերդի համայնքապետի հետ զրույցից տեղեկացանք, որ համայնքի 16 բնակավայրերից 44-օրյա պատերազմին մասնակցել են 370 կամավորական ու պահեստազորայիններ՝ չհաշված ժամկետային զինծառայողները։ Համայնքը տվել է 13 զոհ եւ 1 անհետ կորած, 36 վիրավոր ունի։