-Երկաթուղին ունեցել է եւ այժմ էլ իր պատվավոր տեղն ունի բեռնափոխադրումների կարեւոր գործընթացում,- «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական, հնագույն երկաթուղային Ռաֆիկ Սեխլեյանը:- Հիմնականում երկաթուղով են «գալիս» մեր հացը, վառելանյութերը, պարարտանյութերը, հումքը (ալյումին, մետաղե կոնստրուկցիաներ, փայտանյութ), սննդամթերք (շաքարավազ, ալյուր), խտացված անասնակեր եւ այլն: Անցյալ տարվա համեմատ, ցավոք, ներկրված բեռների քանակն այս տարվա անցած ամիսների ընթացքում նկատելի պակասել է: Հուրախություն մեզ, արդեն նկատելի է դրական փոփոխությունը. սեպտեմբերին ավելի քան 20.894 տոննայով ավելացավ հանրապետություն մտնող բեռների քանակը: Դրական միտումը շարունակվում է: Արտահանման ծավալներում մեծ փոփոխություն չկա: Մեր երկիրն արտահանում է պղնձի խտանյութ, սննդամթերք, խմիչքներ, թեթեւ արդյունաբերական արտադրանք, դեղորայք, փայլաթիթեղ: Միայն սեպտեմբերին առաքվել է 373 վագոն արտադրանք: Ավելացել են ներքին բեռնափոխադրումները: Ամեն ամիս Վանաձոր կայարանից մինչեւ 80 վագոն ոսկու հանքանյութ, երկաթբետոնե կոճեր են առաքվում Արարատի եւ այլ կայարաններ: Մեր երկաթուղու կարեւոր ձեռքբերումներից կարելի է համարել բնակչության ամառային հանգիստը ծովափնյա վայրերում անցկացնելու նպատակով մատչելի հնարավորության՝ Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու կազմակերպումը: 3.5 ամիսների ընթացքում միայն մեկ ուղղությամբ երկաթուղին իր գնացքակազմով եւ նոր ձեռք բերված վագոններով անվնաս ու անվտանգ Բաթումի հասցրեց 15.800 ուղեւորի: Գնացքը գործեց ամեն օր, կրճատեց ուղեւորության ժամկետը՝ այն հասցնելով 10 ժամի: Նորություն կա նաեւ Գյումրի-Երեւան էլեկտրագնացքի չվացուցակում: Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին երեքի փոխարեն այժմ ամեն օր չորս էլեկտրագնացք է սպասարկում երթուղին: Դրանց մի մասն արագընթաց են՝ Գյումրիից Երեւան են հասնում ընդամենը 2 ժամ 5 րոպեում:
-Որքանո՞վ է բարձր երկաթուղու անվտանգությունը, հուսալիությունը:
-Մեր երկաթուղին պատրաստ է իր խնդիրը պատվով կատարել: Անվտանգության խնդիրները, ուղեւորաբեռնափոխադրումները բավարար ապահովելու անհրաժեշտ պայմանները մշտապես բարելավվում են: Մեկ-երկու օրինակ: Այս տարի ընկերության ներդրումներով հիմնանորոգվել է ավելի քան 9 կմ երկաթուղագիծ՝ Թումանյան-Սանահին, Ղալթախչի-Ջաջուռ վազուրդներում, Շիրակի դաշտավայրում, Երեւան-Սեւան գծահատվածներում: Աշխատանքների ծավալն ու խիստ հրատապությունը ընդգծելու համար ասենք, որ նշյալ հատվածներում հին գծերը, որ մաշված, քայքայված ու խիստ վտանգավոր էին, ամբողջովին քանդվել-հանվել են, փոխարենը կառուցվել են նորերը: Հաջորդ տարի եւս նախատեսված են նման աշխատանքներ ամենավտանգավոր հատվածներում: Բացի այդ, փոխարինվել են մոտ 8 հազար փայտե, 18.680 երկաթբետոնե կոճեր, 80 թերի ռելսեր: Անցկացվել են լայնամասշտաբ աշխատանքներ՝ գծի, կապի տնտեսության, ազդանշանային եւ ավտոմատացման համակարգերի արդիականացման ու հիմնանորոգումների համար: Ավտոմատացման, հեռամեխանիկայի եւ կապի տնտեսությունում կիսաավտոմատ արգելափակման խափանումների քանակը նվազեցնելու նպատակով Հրազդան եւ Սեւան կայարաններում արդիականացվեցին ավտոմատացումը, հեռամեխանիկայի եւ կապի միջոցները: Ղալթախչի, Մասիս, Արաքս կայարաններում վերականգնվել են գծանցի ավտոմատ ազդանշանային համակարգերը: Անխափան էլեկտրամատակարարման համար նորերով փոխարինվեցին լարման 3 տրանսֆորմատոր, վերանորոգվեցին քարշային 3 ենթակայանի սարքավորումներ, «Երեւան» քարշային կայանի տրանսֆորմատորը: Այդ ամենի մասին հնարավոր չէ խոսել: Իսկ ինչքա՜ն հսկայածավալ աշխատանքներ են կատարվել 2008-ից մինչ օրս: Այդ աշխատանքներն են նպաստել երթեւեկության անվտանգության աճին, անխափան աշխատանքին, այլեւս բացառվում են շարժակազմերի գծերից դուրս գալն ու այլ արտակարգ իրավիճակներ: Օրերս կայացած հաշվետու խորհրդակցությունում տեղեկացվեց, որ հաջորդ տարի ձեռք ենք բերելու բեռնատար 50 նոր վագոններ, 3 էլեկտրաքարշ, կհիմնանորոգվեն 3 ջերմաքարշ, արհեստական կառույցներ, 9 կմ երկաթուղագծեր:
-Նման ծանրաբեռնված աշխատանքին զուգահեռ զբաղվում եք նաև բարեգործություններով: Հակիրճ կներկայացնե՞ք այդ մասին:
-Մեր ընկերության տնօրենն այդ առումով ուղղակի «մեծ թուլություն» ունի: Նրա նախաձեռնությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր ենք իրականացրել: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ոլորտին: Ալավերդու Սանահին թաղամասի թիվ 3 մանկապարտեզը երկաթուղու շնորհիվ հիմնանորոգված, նոր խաղահրապարակով, ճոճանակներով ու կարուսելներով վերջերս հանձնվեց մանուկներին: Հաջորդը Ֆիոլետովոյի դպրոցական շենքը եղավ, բացմանը ընկերությունը դպրոցականներին տրամադրեց նաեւ համակարգիչներ, գեղարվեստական գրականություն: Դրանից մեկ-երկու ամիս առաջ էլ Շահալի կայարանի բնակիչներին նվիրեցինք նոր խաղահրապարակ՝ անհրաժեշտ կահավորմամբ: Նման նվերներ ստացել են նաեւ Գյումրիում, Երեւանում, այլ բնակավայրերում: Ընկերությունը ուշադիր է նաեւ իր իսկ աշխատակիցների նկատմամբ: Այս տարի ուղեգրերով Սեւանի հանգստյան տներում ամառային հանգիստն անցկացրին մեր 593 աշխատակիցներ, երկաթուղայինների 250 երեխաներ հանգստացան գեղատեսիլ Լոռու ձորում՝ «Գուգարք» ճամբարում: Տարբեր քաղաքներից երեխաներին ճամբար անվտանգ ու հուսալի հասցնելու, ետ՝ տուն վերադարձն էլեկտրագնացքներով հոգաց երկաթուղու տնօրինությունը: Երկաթուղային վետերաններին բնակարաններ են հատկացվել, նորոգվել են նրանց տները, տանիքները: Շատ օրինակներ կարելի է հիշել: Մի նորություն եւս. Երեւանի ճարտարագիտական համալսարանում այս տարի բացվեց երկաթուղու գծային տնտեսության ինժեներների պատրաստման ֆակուլտետ, որտեղ այսօր արդեն մասնագիտություն են ձեռք բերում ապագա 18 մասնագետներ: Գործում է նաեւ Գյումրու երկաթուղային քոլեջը, այնտեղ պատրաստվում են երթեւեկության ցանցի, կապի, ազդանշանային եւ գծային տնտեսության մասնագետներ:
Հարցազրույցը՝ Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆԻ