Ընդհանրապես, Գեւորգի մասին երկար կարելի է խոսել։ Նա պարտվող տեսակ չէր։ Նա սկզբունքային եւ մարտնչող տեսակ էր, ով կատարում էր իր պարտականությունները ամենայն պատասխանատվությամբ եւ բարձր մակարդակով»։ Քաշաթաղի շրջանի Ուռեկանի միջնակարգ դպրոցի զինղեկ Գեւորգ Հրայրի Սիմոնյանի մասին է ասում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի (ԿՄՍ) բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը։
30-ամյա Գեւորգը նահատակվեց 2020 թ. հոկտեմբերի 3-ին՝ հերոսաբար կռվելով թշնամու դեմ։ Երկար ժամանակ համարվում էր անհետ կորած, կար հույս՝ միգուցե տուն կգա։ Ծնվել է 1990 թ. մարտի 5-ին Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում։ Ծնողներն Արենի գյուղից էին, տեղափոխվել էին Ջերմուկ: Գեւորգը դեռ երեխա է եղել, որ մնացել է առանց ծնողների։ Կնոջ ասելով՝ շատ էր հպարտանում, որ ծնվել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Ավարտել է Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանը։ Ավարտելուց հետո՝ 2008-2010 թթ., ծառայել է Հայոց բանակի լեգենդար «Եղնիկներ» զորամասում: Ծառայության ընթացքում աչքի է ընկել հայրենասիրությամբ, պարտաճանաչությամբ, ստացել է շնորհակալագրեր, պատվոգրեր, զորացրվել լեյտենանտի կոչումով։
2010 թ. բնակություն է հաստատել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկան գյուղում, որը Հակարի գետի ափին է՝ Բերձորից մոտ 40 կմ հարավ։ Գյուղն ունի պատմական անցյալ, հիշատակվում է Մովսես Դասխուրանցու մոտ։ Այս պատմական գյուղի դպրոցում էլ աշխատանքի անցավ որպես զինղեկ։ Խոսելով նվիրված զինղեկի մասին՝ Վ. Մովսիսյանը նշեց. «Գեւորգը, ի թիվս Քաշաթաղի շրջանի հիսունից ավելի դպրոցական զինղեկների, գրավել էր աչքի ընկնող դիրք՝ իր ռազմագիտական բարձր տեսական գիտելիքներով եւ գործնական պատրաստվածությամբ։ Երիտասարդ ուսուցիչն ուներ զինղեկին վայել կազմակերպչական ունակություն, պատշաճ պահանջկոտություն, զինվորական գործն իր աշակերտներին փոխանցելու մանկավարժական հմտություն։ Մեկ անգամ չէ, որ նրա աշակերտները միջդպրոցական միջոցառումների եւ առարկայական օլիմպիադաների ժամանակ զբաղեցրել են առաջատար տեղեր, ցուցաբերել գերազանց իմացություն՝ մասնակցելով անգամ հանրապետական մրցափուլին։ Ինքը՝ Գեւորգը, ռազմաուսումնական հավաքների ժամանակ ցույց է տվել բարձր առաջադիմություն, արժանացել «Լավագույն զինղեկ» պատվոգրին, այլ գնահատանքների։ Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ Այստեղ՝ Ուռեկանում, 2013 թ. ամուսնացել է մասնագիտությամբ բուժքույր Անուշ Շեգունցի հետ, ով Ուռեկանի գյուղական բուժկետի բուժքույրն էր: Ունեն 2 երեխա՝ Նարեկ (6 տ) եւ Ամալյա (3տ)։ 2010-2015 թթ. ուսանել եւ ավարտել է Արցախի պետական համալսարանի փոխադրումների եւ ճանապարհային երթեւեկության կազմակերպում եւ կառավարում բաժինը։
2016 թ. առաջին կամավորականներից էր, որ մասնակցեց ապրիլյան կռիվներին։ Մշտապես մասնակցում էր ուսումնական զորահավաքներին։ Արցախյան վերջին պատերազմի սկսվելուց առաջ ընտանիքով Երեւանում էին։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեզ զանգահարեցին ու ասացին՝ Ստեփանակերտը ռմբակոծում են։ Գեւորգը մեզ էլ իր հետ տարավ Արցախ։ Ճանապարհին շատ հուզված էի, մեծ տագնապ կար սրտումս։ Ինքը, հակառակի պես, շատ ուրախ էր։ Անընդհատ կրկնում էր՝ գնալու է տղերքի կողքին լինի։ Պիտի բոլորով պայքարեն թշնամու դեմ»,- գրում է Անուշը։ Պատերազմի առաջին օրը՝ առավոտ շուտ, արդեն մարդաշատ էր Քաշաթաղի շրջանային զինկոմիսարիատի մոտ։ Գործել սկսեց քաղպաշտպանության շտաբը։ Շատ կամավորներ էին գալիս՝ առաջնագիծ մեկնելու համար։ Այսպես շարունակվեց օրեր շարունակ։ Սեպտեմբերի 28-ին Գեւորգն էլ, որպես պահեստազորային, մեկնեց առաջնագիծ։ Ընկերները պատմում են, թե ինչպես էր բոլորին ոգեւորում ու հորդորում՝ չընկճվեն, իրենք հաղթանակած են վերադառնալու… Քաջաբար կռվում էին տղերքն առաջնագծում, թիկունքն աշխատում էր, որ զինվորը կարիք չունենա։
Հենց առաջին օրերից ստանում էինք քաշաթաղցի տղաների նահատակության, վիրավորվելու, անհետ կորչելու մասին լուրեր։ Բայց կար հույս՝ հաղթելու ենք։ Իրենց պարտականությունը բարձր էին կատարում բուժաշխատողները շրջանային հիվանդանոցում, գյուղերում։ Ջրականի (Ջաբրայիլ) տարածքում մարտնչող ամուսնու վերադարձին սպասելով՝ Ուռեկանի բնակչությանը բուժօգնություն էր ցուցաբերում նաեւ Անուշը՝ պատերազմի առաջին իսկ օրից իր բժշկական հմտությունները գործի դնելով։ Երեխաների հետ ապրել է Ուռեկանում, օգնել մարդկանց՝ ինչով կարողացել է: «Պարտավորվածություն ունեի օգնելու գյուղում ապրողներին, դա իմ մասնագիտությունն ու պարտքն է,- ասում է Անուշը եւ շարունակում,- գյուղը լքեցինք հոկտեմբերի 17-ին, երբ սկսեցին կրակել մեր ուղղությամբ։ Ամուսնուս եղբայրն օգնեց, եկանք Ջերմուկ, տուն վարձեցինք ու մինչ օրս վարձով ենք ապրում այստեղ»։ Շարունակելով խոսել Գեւորգի մասին՝ ասում է. «Ընտանիքին նվիրված մարդ, լավ հայր, լավ ամուսին, ումից շատ ու շատ բան եմ սովորել եւ ամբողջ կյանքում կուղղորդվեմ, մեր երեխաներն էլ կմեծանան նույն հայրենասիրությամբ, նույն հպարտությամբ։ Մի վայրկյան առանց ինձ ու երեխեքի կյանք չի ունեցել։ Շատ ենք կարոտում Գեւորգին, առանց նրա շատ դժվար է։ Չի լինում համակերպվել այս մեծ ցավի հետ… Մարտի ժամանակ վիրավորում է ստացել, բայց շարունակել է կռվել»։
Ընկերների պատմելով՝ ասում էր. «Դուխով կլինեք, չհանձնվեք։ Մինչեւ վերջ պիտի գնանք։ Պատերազմ է, չենք իմանա՝ ինչ կլինի, բոլորդ մի թղթի վրա ձեր անուն, ազգանունը, տարեթիվը գրեք, դրեք ձեր գրպանում»։ Կռվի թեժ պահերին էլ տղերքին խորհուրդներ է տվել մարտավարության մասին։ Արցախի հարավային սահմանում մարտերն առավել թեժ ընթացք ունեցան հոկտեմբերի սկզբներից։ Հոկտեմբերի 3-ի լուսաբացին ծանր մարտերի ժամանակ վիրավորվել է, եւ ճակատագիրն անհայտ էր։ Ապրիլի 9-ին գենետիկայով հայտնաբերվել է, ապրիլի 15-ին հուղարկավորվել Արենի գյուղի գերեզմանոցում։ Հերոս զինղեկի մասին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ԿՄՍ բաժնի ՆԶՊ գծով տեսուչ Վոլոդյա-Արին Գալստյանը գրում է. «Գեւորգ Սիմոնյանն ազատագրված եւ այժմ թշնամու կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի երիտասարդ եւ անգերազանցելի զինղեկն էր։ Չափազանց հայրենասեր էր եւ սեփական օրինակով էր դաստիարակում մատաղ սերնդին։ Դպրոց ընդունվել էր աշխատելու 22 տարեկանում։ Պատասխանատու եւ նպատակասլաց զինղեկին հաջողվում էր իր առջեւ դրված ցանկացած խնդիր լուծել։ Օլիմպիադաներում բազում մրցանակներ ստացած աշակերտները վառ ապացույցն են նրա նվիրված մանկավարժ լինելուն։ Երիտասարդ, սրտացավ եւ խստապահանջ զինղեկին սիրում էին իր բոլոր աշակերտները։ Հավատարիմ մնալով զինղեկի եւ մանկավարժի կոչմանը՝ նա առաջիններից մեկն էր, որ մեկնեց առաջնագիծ։ Զոհվեց հանուն այն գաղափարների, որոնցով տարիներ շարունակ դաստիարակել էր իր աշակերտներին։ Հանուն հայրենիքի ու հայ ազգի հարատեւման եւ վերածննդի»։
Արցախյան վերջին պատերազմում միայն Ուռեկան գյուղից զոհվեցին 4 քաջորդի՝ Գեւորգը, Վարդան Վաչիկի Առաքելյանը (40 տարեկան), եղբայրներ Սամվել (32 տարեկան) եւ Սեյրան (37 տարեկան) Սուրիկի Միքայելյանները։ Մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեին Ուռեկանի կայացման գործում ու ընկան նույն բնաշխարհի պաշտպանության համար։ Ցավ է՝ 1993 թ. ազատագրված հայոց պատմական գյուղը մնաց թուրքին…