Էրդողանը Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կրկին պայմանավորում է Բաքվի հետ Երեւանի ունեցած խնդիրների հարթմամբ: Պաշտոնական Անկարայի այս պահվածքը նոր չէ: Վերջինս Հայաստանի հետ իր սահմանները փակեց 1993 թ., երբ հայկական զինված ուժերն ազատագրեցին Շուշին, Քարվաճառը, Ակնան, Ջրականը, Վարանդան եւ այլ շրջաններ: Իր «կրտսեր եղբորն» աջակցելու վերջին հայտնի գործողությունը եղավ Թուրքիայի կողմից Արցախի Հանրապետության դեմ հրահրված 44-օրյա ագրեսիան:
Այսօր արդեն Թուրքիայի առաջնորդի ինքնաթիռը միանգամից վայրէջք է կատարում օկուպացված Վարանդայի նորակառույց օդանավակայանում՝ մասնակցելու նույն այդ կառույցի բացմանը: Արցախի օկուպացված տարածքներից էրդողանը հայտարարում է, թե «Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսեւորի Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար, եթե դա անի, ապա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որեւէ խոչընդոտ չի լինի»:
Էրդողանն օկուպացված տարածքներում մասնակցել է նաեւ դեպի Արաքսի հովիտ տանող մայրուղու շինարարության մեկնարկին եւ Թուրքիայի աջակցությամբ Կովսականում «խելացի գյուղատնտեսական այգու» ստեղծման արարողությանը։ Թուրքիան այսօր արդեն չի էլ թաքցնում, որ ինքն է ֆինանսավորում զավթած տարածքներում իրականացվող բոլոր ծրագրերը: Այլ կերպ ասած՝ իր անմիջական մասնակցությամբ Արցախի զավթված տարածքներում տնտեսական գործունեություն ծավալելու իրավունքը հենց իրեն է վերապահում: Հիշեցնենք, որ թուրքական ընկերություններն արդեն սկսել են շահագործել օկուպացված տարածքների պղնձի եւ ոսկու հանքավայրերը: Այս ծավալի տնտեսական գործունեության համար աշխատուժ ապահովելու քողի տակ Թուրքիան կարող է ցանկացած քանակի ջիհադիստ զինյալների տեղակայել օկուպացված տարածքներում, ինչը եւ անում է, եւ այդ միտումը փաստող տեղեկությունների հայկական ու տարածաշրջանի մյուս պետությունների հետախուզական ծառայությունները տիրապետում են:
Թայիփ Էրդողանի՝ Վարանդայում արած հայտարարության համաձայն՝ այս տարածքներում Թուրքիայի մասնակցությամբ իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը՝ մայրուղիներ եւ երկաթուղիներ, տնտեսական ու առեւտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների, նաեւ՝ Իրանի, Վրաստանի ու Հայաստանի համար: Այս խոսքերով Թուրքիայի առաջնորդը փորձում է հանգստացնել Իրանին՝ վստահեցնելով, որ ճանապարհների բացումը չի վտանգի վերջինիս շահերը: «Օրը կգա, եւ մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչեւ Ստամբուլ, Իգդիր ու Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն»,- հայտարարել է Էրդողանը։ Հիշարժան է այն փաստը, որ, ի տարբերություն նախկին հայտարարությունների, էրդողանն այս անգամ չհնչեցրեց «միջանցք» եզրույթը, եւ դա հանդիպման ամենաէական ուղերձն էր:
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը եւ խաղաղության ամրապնդմանը, սակայն Էրդողանի հորդորները, եթե դրանք անկեղծ են, պետք է ուղղված լինեն Ադրբեջանին: Այսօր պաշտոնական Բաքուն է պարբերաբար խախտում տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորող փաստաթղթի՝ նոյեմբերի 7-ի եռակողմ հայտարարության դրույթները:
Ենթադրել, որ այդ պայմաններում հնարավոր են հարաբերությունների կարգավորում եւ համագործակցության հաստատում, իրատեսական չեն: Անհնար է նաեւ Մեղրիով «միջանցք» հասկացության իրագործումը, այդ մասին մի քանի անգամ հայտարարել են ՀՀ իշխանությունները՝ շեշտելով, որ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը կարող է շահագործվել միայն Հայաստանի վերահսկողության ներքո սահմանային, մաքսային ընթացակարգերի բոլոր կանոններով, որոնք առկա են նաեւ ԱՊՀ երկրների միջեւ կնքված միջպետական հաղորդակցությունները կարգավորող պայմանագրերով: Հայկական կողմը կերաշխավորի հաղորդակցության ուղիների անվտանգությունն այնպես, ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց տարածքներով անցնող ենթակառուցվածքների անվտանգությունն են երաշխավորելու:
Էրդողանը նաեւ հայտարարեց, թե ամուր խաղաղություն կառուցելու պայմաններն այժմ բարենպաստ են, առավել քան երբեւէ: Սակայն հայկական կողմը միշտ շեշտել է, որ անհնար է տարածաշրջանում խաղաղության մասին խոսել առանց իրավիճակի հիմնական հարցի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդրի լուծման: Այս փուլում գոնե պետք է վերսկսվեն Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք թույլ կտան նախնական որոշակի երաշխիքներ ունենալ, որ արմատական հիմնախնդիրը դուրս կգա փակուղուց եւ լուծում կստանա: Տարածաշրջանում կայուն եւ երկարատեւ խաղաղության միակ գործոնն Արցախի կարգավիճակի հարցն է, դա հանրահայտ ճշմարտություն է, եւ դրա համար է պայքարում Արցախի ժողովուրդը, դրա մասին է խոսում առաջադեմ քաղաքակիրթ աշխարհը, ինչը երաշխավորվում է նաեւ գործող միջազգային իրավունքի նորմերով: