4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Նրանք ընդգրկվել են այս ցուցակում 2021 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Նաեւ՝ որ ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաեւ անկանխիկ եղանակով:
Ըստ ԱՍՀՆ-ի՝ ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը. 1. Անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, 2. ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք, 3. ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում), 4. տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին եւ 5. ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։ Եվ եթե ավանդատուն ուզում է ավանդի փոխհատուցումն անկանխիկ ստանալ, ապա այս փաստաթղթերի հետ պետք է ներկայացնի հայտարարություն՝ ընտրելով այն բանկը, որի միջոցով ցանկանում է ստանալ գումարը։
Ի դեպ, «ՀՀ»-ին քաղաքացիները շատ են դիմում ավանդների հետ կապված տարբեր հարցերով եւ դրանց գերակշիռ մասը վերաբերում է ավանդի փոխհատուցման իրավունքին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ընդհանրապես ավանդի փխհատուցման իրավունք ունեն հետեւյալ խմբերի անձինք.
1. Մինչեւ 1938 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։
2. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։
3. Սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թ. օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։
4. ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք: