Խորհրդանշական անուն ունի Ավանեսյանների ընտանիքը Շեխերում՝ «հատուկ ջոկատ»: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, եւ բառակապակցությունն արդեն իսկ հուշում է, թե ինչու են նման պիտակ կպցրել մարդկանց: Բանն այն է, որ օջախում բոլոր տղամարդիկ զինվորականներ են, եւ, ավանդույթի համաձայն, նրանք ոչ միայն ծառայել են ԱՀ պաշտպանության բանակում, այլեւ կամավորագրվել ու մասնակցել են արցախյան պատերազմներին եւ միշտ էլ առաջնագծի զինվորներ են եղել: Ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Ավանեսյանը, արցախյան երեք պատերազմների, միջնեկ որդին՝ Միքայելը, 2016 թ. ապրիլյան, իսկ կրտսերը՝ Սամվելը, առաջին իսկ օրից (հոր եւ եղբոր հետ) կամավորագրվել է 44-օրյա պատերազմին՝ հայտնվելով ամենաթեժ կետերում: Սա արցախցու, հայի ճակատագիր է, որից խուսափել հնարավոր չէ:
Երբ թշնամին 2020 թ. հոկտեմբերի 27-ին բոլոր ուղղություններով լայնածավալ հարձակում էր սանձազերծել Արցախի դեմ, գյուղի տղերքի հետ երեքով անմիջապես մեկնել են ռազմաճակատ: «Երբ հայրենիքը վտանգված է, ինչպե՞ս կարող եմ տանը մնալ»,-ասել է Վ. Ավանեսյանը՝ ի պատասխան որդիների այն հորդորին, թե «տարիքդ առած մարդ ես արդեն, դու երեխեքին տիրություն արա, մենք կգնանք»… Եղել են պահեր, երբ երեք հոգով մի ուղղությունում են կռվել: Դա պատերազմի առաջին օրերին էր: Հետո, երբ «վերադասավորվեցին ուժերը», հրամանատարության պահանջով հայտնվեցին տարբեր ճակատներում, եւ նրանցից յուրաքանչյուրը մարտական իր առաջադրանքն էր կատարում:
Հադրութի անկումը շատ ծանր էր անդրադարձել հատկապես ընտանիքի կրտսեր որդու՝ Սամվելի վրա, ով պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել էր Ասկերանի գնդում, իսկ հետագայում, որպես պայմանագրային զինծառայող, իր առաքելությունն էր իրականացնում Հադրութի դիվիզիայում: Իր համար, ինչպես ասում են, երկրորդ հարազատ օջախն էր դարձել այն, որտեղ բազում հիշողություններ ուներ՝ Դիզակի հետ կապված, եւ մարտական ընկերներով ռազմագործողությունների ժամանակ վերջինն էր հեռացել քաղաքից: Հաշտվել չէր լինում այն մտքի հետ, որ զորամասի լեգենդար հրամանատարն ու էլի մի շարք քաջարի մարտիկներ զոհվել են դաժան եւ անհավասար մարտում:
Հակառակորդը կենդանի նոր ուժեր էր կենտրոնացնում հարավարեւելյան ուղղություններում՝ ռազմաճակատում կրկնապատկելով թուրքական անօդաչուների, հեռահար հրթիռների եւ մյուս սպառազինությունների թիվը: Հայկական բանակը շարունակում էր դիմադրություն ցույց տալ եւ իրական վնասներ պատճառել ադրբեջանցիներին, որ ընդհուպ մոտեցել էին Մարտունու արվարձաններին: Սամվելը նորից հոր եւ եղբոր հետ տեղափոխվել էր առաջնագիծ, որտեղ կենաց-մահու կռիվ էր մղվում Շեխերի եւ հարեւան մյուս բնակավայրերի համար: Ծննդավայրն անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում, սակայն մեր զինվորներին մի քանի անգամ գերազանցող թշնամուն հաջողվեց մեծաթիվ կորուստներով տիրել Շեխերին ու այնտեղ ամրանալ: Բնականաբար, քիչ չէին նաեւ մեր կորուստները:
Ռազմական գործողությունները գրեթե տեղափոխվել էին Ննգի գյուղի շրջակա տարածքները: Ջոկատի տղաների հետ Սամվելը, վտանգելով կյանքը, հաճախ էր հայտնվում թուրքերի թիրախում ու ենթարկվում գնդակոծության: Հերթական ռազմագործողության ժամանակ, երբ մոտեցել է խրամատում ծանր վիրավորված ընկերոջը փրկելու՝ թշնամու անօդաչուի հարվածից նոյեմբերի 7-ին մահացու վիրավորվել է եւ Ս. Ավանեսյանը: Իսկ հրադադարին ընդամենը երկու օր էր մնացել…
Տղան կարծես կանխագուշակում էր իր մոտալուտ մահը: Ընկերներից Աշոտն ու Արմենը պատմում են, թե երազում հանդիպել է հարազատներին, գրկախառնվել նրանց հետ եւ հրաժեշտ տվել՝ բարձրաձայնելով, որ բաժանվելու պահը եկելէ. «Ինձ բաց թողեք, թող գնամ»,-Համո Սահյանի խոսքերն է հիշել Սամվելը:
Հայրենիքի համար նահատակված խիզախ զինվորը հետմահու արժանացելէ «Արիության համար» մեդալի: Բոլորը խոր ցավ են ապրում անդառնալի կորստի համար: Ծնողները, քույրերն ու եղբայրը, երիտասարդ կինը՝ Գայանեն, ով երկրորդ զավակին՝ Մերիին, լույս աշխարհ է բերել ամուսնու մահից ամիսներ անց՝ մարտի 8-ին… «Թեկուզեւ վիշտը խորն է անչափ, միանգամից որդուս եւ հարազատ ծննդավայրս եմ կորցրել, բայց, միեւնույն է, պիտի դիմանանք, գոտեպնդվենք, արժանապատվորեն շարունակենք ազատության համար պայքարը, համախմբելով ուժերը՝ հասնենք մեր նպատակին, հայրենիքն ազատագրենք թշնամուց»,-վստահ է որդեկորույս հայրը: Ընտանիքի անդամներով, հարազատներով եւ մտերիմներով մահվան տարելիցի կապակցությամբ այցի է գնում «Եռաբլուրում» մարտական ընկերների հետ ննջող որդու շիրիմին, ով կարծես թե խոնարհված ծաղիների միջից շշնջում է.
Հարազատներս, դե, մի արտասվեք,
Սպասեք դուք հաստատ գալիք իմ դարձին,
Խավարում երբեք ինձ մի որոնեք,
Ձեզ այցի կգամ ես լուսաբացին…