Արցախի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այսպիսին է հայկական կողմի դիրքորոշումը, որի մասին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձրաձայնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցի ժամանակ։ Վերջինս երկօրյա աշխատանքային այցով (մայիսի 5-6-ը) Երեւանում էր, իսկ մայիսի 9-10-ը կլինի Բաքվում:
Արա Այվազյանի խոսքով, հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորմանը հնարավոր է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները եւ խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին։ «Նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասել է նա։ Սա թերեւս ամենակարեւոր ուղերձն է, որի մասին հայկական կողմը բարձրաձայնում է եւ պետք է հետեւողականորեն խոսի յուրաքանչյուր հարմար առիթով։ Թե միջազգային հանրությունը, թե արցախյան հակամարտությամբ տասնյակ տարիներ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե ադրբեջանական կողմը պետք է ընդունեն դա որպես առանցքային ուղենիշ խնդրի կարգավորման գործընթացում։ Ինչպես եւ նշել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը, կարգավորման սկզբունքները մշակվել են հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, եւ հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձեւաչափի գործունեության առավել ամրապնդման ու ակտիվացման հարցում։ «Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման ձեռք բերմանը` կողմերին հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա»,- նշել է Ա. Այվազյանը:
Մինչդեռ ռազմական գործողությունների դադարեցումից անգամ կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը եւ հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց: Ավելին, Ադրբեջանի կողմից շարունակաբար արձանագրվում են Արցախի պատմամշակութային ժառանգությանն ուղղված ոտնձգություններ, հետեւաբար դրանց պահպանման եւ պաշտպանության հարցը նույնպես դարձել է խաղաղ կարգավորման գործընթացի մաս: «Մենք սերտորեն համագործակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցը տարածաշրջան, եւ լիահույս ենք, որ գործուն քայլեր կձեռնարկվեն այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասել է Այվազյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, դրանով իսկ արհամարհում է միջազգային կառույցներին, միջազգային հանրությանն ու միջազգային իրավունքի նորմերը: «Շուշիի Մայր տաճարը, որը հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկն է, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,- նշել է նա։
ՌԴ ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է, որ ռուսական կողմը չի նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանը։ Լավրովի խոսքով, տարածաշրջանում իրավիճակի կայունացման հարցում մեծ դեր ունի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որի գործունեությունը միտված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի լուծմանը: