Ավարտվեց դեռ անցյալ տարվա ապրիլին ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Մինի այգի» մրցույթը: ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ ՀՀ մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից մասնակցության հայտ էր ներկայացրել 82 դպրոց: Այդ դպրոցները մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը պետք է ներկայացնեին նախագծային փաթեթներ՝ անհրաժեշտ փաստաթղթերով եւ լուսանկարներով: Ներկայացվել է 33 փաթեթ: Հաղթող ճանաչվեցին Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան թիվ 3 (առաջին տեղ), Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցները (բոլորն էլ` Լոռու մարզից): Առաջին տեղը նվաճած դպրոցը կստանա 3000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ, երկրորդ տեղ զբաղեցրած դպրոցը՝ չորանոց, երրորդին կտրամադրվի սառցարան: Իսկ այն դպրոցների համար, որոնք չեն հաղթել, սակայն ունեցել են նկատելի արդյունք, ավելացվել է 2 անվանակարգ: «Լավ ձեւավորում» անվանակարգում խրախուսվել է Կոտայքի մարզի Բջնի համայնքի Հովհ. Թումանյանի անվան միջն. դպրոցը, իսկ «Լավագույն բերք» անվանակարգում նախապատվությունը տրվել է Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջն. դպրոցին:
Հաղթող՝ Վանաձորի թիվ 3 դպրոցի տնօրեն Հեղինե Կոստանյանի, ծրագրի ղեկավար Ռուզաննա Վարդանյանի, փոխտնօրեն, քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհի Ռուզաննա Անտոնյանի տեղեկացմամբ, հողատարածքի հատկացումից հետո իրենց սաները խանդավառությամբ եւ ոգեւորությամբ են գործի անցել: Արագ լուծվել է հողի եւ կենսահումուսի խնդիրը: Հողի հարցում օգնեցին այն աշակերտները, ովքեր տնամերձ այգիներ ունեին. ամեն մեկը բերել է մեկ պարկ հող: Այգին հիմնադրվեց մայիսին, տեր Վահան քահանա Ազարյանը օրհնեց նախաձեռնությունը: Հիմնադրման պահից մինչեւ նախագծի ավարտը իր խորհուրդներով օգնության է շտապել մարզի հայտնի էկոգյուղատնտես Կարինե Ղարիբյանը: Այցելել են նրան պատկանող Արջուտ գյուղի հողամաս, կազմակերպել են այց «Էյ Թի Փի» բնապահպանական կենտրոն, երեխաները ծանոթացել են տեղի մշակաբույսերին, սերմերի տեսակներին, ցանքսի եւ խնամքի կանոններին:
Միասին ընտրել են այնպիսի մշակաբույսեր, որոնք հարմարված են մեր կլիմայական պայմաններին եւ մեր առօրյա սննդի մաս են կազմում (լոլիկ, վարունգ, պղպեղ, գազար, լոբի, դդմիկ, բազուկ, կաղամբի տարբեր տեսակներ՝ ծաղկակաղամբ, գունավոր կաղամբ, բրոկոլի): Փորձնական դրվեցին նաեւ դեկորատիվ դդմիկի՝ պատիսոնի սերմեր, բամիայի սածիլներ: Ողջ ամառ այգին եղել է երեխաների մշտական հոգածության եւ խնամքի ներքո: Ստացված մշակաբույսերի մի մասը սառեցվեց եւ տեղադրվեց սառցախցիկներում, մի մասն էլ պահածոյացվել է, որը կօգտագործվի դպրոցի ճաշարանում՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում: Սերտորեն համագործակցել են «Էյ Թի Փի» կենտրոնի, դպրոցի էկոակումբի ավագ տարիքի աշակերտների եւ էկոակումբի ղեկավար, կենսաբանության ուսուցիչ Ռ. Անտոնյանի հետ: Անցկացվել են համատեղ սեմինար-քննարկումներ, բաց դասեր, այցեր եւ ուսումնական էքսկուրսիաներ, ինչից հետո կազմակերպվել են գործնական աշխատանքներ դպրոցամերձ հողամասում:
Որպես ակտիվ բնապահպաններ հրավեր են ստացել Վանաձորում գործող գիտելիքների նորարարական ՀԱԲ-ի կողմից, ծանոթացել են այլ դպրոցների էկոակումբների փորձին, ներկայացրել են իրենց աշխատանքը: Հետաքրքիր եւ կարեւոր է այն, որ նոր հիմնված այգու հարեւանությամբ նույն ժամանակահատվածում մշակվել է եւս մեկ այգի՝ դպրոցի էկոակումբի ավագ սաների մասնակցությամբ: Նախագիծն իրականացվում էր «Էյ Թի Փի» կենտրոնի «Իմ կանաչ համայնքը» ծրագրով: Էկոակումբի առաջնորդները կազմակերպել եւ անցկացրել են «բաց դասեր» փոքրիկ բնապահպանների հետ տարբեր թեմաներով՝ շեշտը դնելով առողջ սննդի կարեւորության եւ մշակաբույսերի խնամքի, բնապահպանական ճիշտ վարքագիծ ձեւավորելու վրա: Հանդիպումներում քննարկվել են «Ի՞նչ է հողը», «Սերմերից բույս», «Վիտամինային դեղատուն», «Ինչպե՞ս պայքարել վնասատուների դեմ» եւ այլ թեմաներ, պատրաստել են սահիկաշար եւ ակտիվ ուսուցման մեջ ներգրավել փոքրիկներին, երեխաները ծանոթացել են սերմերի տեսակներին, ցանքսի պայմաններին, մշակաբույսերի խնամքի կանոններին, դասեր են անցկացվել համակարգչային սենյակում, «սմարթ» գրատախտակին ցուցադրվել են վիտամինները եւ նրանցով հարուստ սննդամթերքները: Հիշյալ կենտրոնում, Գայանե Մարգարյանի ղեկավարությամբ, երեխաները սովորել են կոմպոստ եւ կենսահումուս պարտաստելու ձեւը:
Նախագիծը տեւել է 5 ամիս, որի ընթացքում եւ՛ ծնողական համայնքը, եւ՛ աշակերտները ջանասիրաբար աշխատել եւ տեսական գիտելիքներ ու գործնական հմտություններ են ձեռք բերել: Ծրագիրը լինելու է շարունակական, հնարավորության դեպքում նախատեսվում է ընդլայնել տարածքը, ցանկապատել, ձեռք բերել կարկտապաշտպան ցանցեր, հնարավոր է նաեւ ջերմոցային տնտեսության հիմնում: Վերջում ասվածն էլ այն հարցի պատասխանն է, թե դպրոցի հանրույթն ինչ նպատակով է ցանկանում օգտագործել 3000 դոլարի դրամաշնորհը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի