Ադրբեջանում նոյեմբերի 8-ին տոնական օր էր։ «Հաղթանակի օրն» էին նշում, եւ ինչպես հատուկ է նրանց հանցագործ, վայրագ էությանը, տոնը «նշանավորել» են հայի արյամբ։ Թշնամին հերթական անգամ ապացուցել է, որ Արցախը չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, որը կենթադրի ենթակայություն Ադրբեջանին։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին հայտնել էր, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մերձակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների վրա: Կրակոցների հետեւանքով նրանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս երեքը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Վերջիններս վիրավորումը ստացել են կրծքավանդակի եւ պարանոցի հատվածում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքները պարզելու, իրական պատճառները բացահայտելու եւ իրավական գնահատական տալու համար ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության օպերատիվ խմբերի ու քննչական կոմիտեի քննիչների կողմից տեղում կատարվում են անհետաձգելի հետախուզական, քննչական ու դատավարական այլ գործողություններ:
Պետք է հստակ արձանագրել, որ կրակոցն արձակվել է քաղաքացիական անձանց վրա, նրանք զինծառայողներ չեն, հետեւաբար, ի սկզբանե հիմնազուրկ է լինելու մեղքը հայկական կողմի վրա բարդելը: Սա թուրքական անփոփոխ ձեռագիրն է, որի դեմն առնելու միակ տարբերակն արյունոտ ձեռքը բռնելն է: Քաղաքական առումով այս կրակոցն ուղղված է Ռուսաստանին, քանի որ դեպքը տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Դրանով Ադրբեջանը ցանկանում է ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության խոցելիությունը։ Որքան էլ մեծացվի խաղաղապահ առաքելություն իրականացնողների թվաքանակը, միեւնույն է, այն չի կարող ապահովագրել իր առօրյայով ապրող յուրաքանչյուր շարքային արցախցուն, քանի դեռ վերջինիս ձեռքին նույնպես զենք չկա։ Նման դեպքերը, ցավոք, սպասելի էին։ Քանի դեռ Ադրբեջանի զինված ուժերը հայ մարդուց ընդամենը մեկ կրակոցի հեռավորության վրա են եւ պատասխանատվություն չեն կրել իրենց գործած հանցագործությունների համար, շարունակելու են անպատիժ կերպով հայի կյանք խլել։ Այս վարքագիծը նոր չէ, այդ վտանգն առկա է եղել նաեւ խորհրդային տարիներին, երբ Արցախը, մասնատվելով եւ ձեւախեղվելով որպես ԼՂԻՄ, բռնակցվեց Խորհրդային Ադրբեջանին։
Այս համատեքստում պարզապես զավեշտ է, երբ նույն օրը Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածում, թե պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խոսում է «կայուն խաղաղության, զարգացման ու առաջընթացի ապահովման» մասին, իսկ մյուս կողմից խախտում այդ նույն պայմանները։ Նկատենք, որ հայտարարության մեջ ադրբեջանական կողմը շրջանցում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ հարաբերությունների կարգավորումը պայմանավորելով միայն միջազգային իրավունքի սկզբունքներից «ինքնիշխանությամբ, տարածքային ամբողջականությամբ եւ միջազգային սահմանների անխախտելիությամբ»։ Սա հստակ ցուցիչ է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն առավել հետեւողականորեն պետք է բարձրաձայնվի՝ դրա համատեքստում մատնանշելով Ադրբեջանի հայատյաց եւ անմարդկայնության բոլոր սահմանները հատող վարքագիծը։
Ադրբեջանի քայլը խստորեն դատապարտել է ՀՀ ԱԳՆ-ն` ընդգծելով, որ միջադեպը տեղի է ունեցել եռակողմ հայտարարության ստորագրման մեկամյակի նախօրեին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Շուշի այցի օրը, որտեղ վերջինս իր ելույթում հանդես է եկել հերթական հայատյաց հռետորաբանությամբ լի հայտարարությամբ եւ ուժի կիրառման սպառնալիքներով։ «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության շարունակական հայատյաց հռետորաբանությունը եւ հրադադարի ռեժիմի խախտմամբ կրկնվող միջադեպերը բացահայտորեն ի ցույց են դնում Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի կողմից հնչող հայտարարությունների սին բնույթը։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից սա վերջին մեկ ամսվա ընթացքում խաղաղ բնակիչների վրա հարձակման երկրորդ դեպքն է, որի արդյունքում արձանագրվում են մարդկային զոհեր։ Վստահ ենք, որ այս եւ նման հանցագործությունների պատշաճ հետաքննությունը եւ բոլոր պատասխանատուների՝ արդարադատության առջեւ կանգնելը կարող են կանխել քաղաքացիական բնակչության նկատմամբ հետագա հարձակումները»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես անդրադարձել է տեղի ունեցածին` նշելով, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները կեղծ են. «Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզն ավելի են խորանում, դրանք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի բնակչության իրավունքների խախտումների հիմքում են եւ ունեն 2 հենասյուն՝ էթնիկ ու կրոնական: Ադրբեջանական այս քաղաքականությունը սպառնալիք է նաեւ այն երկրների ժողովրդավարությունների ու մարդու իրավունքների համար, որտեղ ապրում են հայեր ու ադրբեջանցիներ: Դա երկու ժողովուրդների միջեւ թշնամանքն ակտիվ պահելու քաղաքականություն է ողջ աշխարհում»,- գրել է Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ զգուշացնելով, որ չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: