Հոկտեմբերի 26-ին ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ ԵՄ-ն միջուկային էներգիան անհրաժեշտ է համարում` էներգետիկ անկախությունը երաշխավորելու համար։ Լյուքսեմբուրգում այդ մասին հայտարարել էր Սլովենիայի ենթակառուցվածքների նախարար Եռնեյ Վրտովեցը։ Նա նախագահում էր էներգետիկայի նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի արտահերթ նիստը, որը գումարվել էր՝ քննարկելու էներգետիկ ճգնաժամը։ Վրտովեցի ելույթը առցանց հեռարձակել էր ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ «ԵՄ-ն պետք է օգտագործի միջուկային էներգիան` էներգետիկ անկախությունն ապահովելու համար, միայն այլընտրանքային աղբյուրները բավարար չեն լինի»,- շեշտել էր նա։
«ՀՀ»-ն այս հաղորդագրությանը գուցե վերաբերվեր իբրեւ հերթական լուրի, եթե չլիներ Հայաստանի հետ կապված խորքային նախապատմություն՝ քաղաքական ու տնտեսական հարցերով լեցուն։
Դեռ 1999 թ. ՀՀ-ն սկսել էր բանակցություններ ԵՄ-ի հետ հայկական ատոմակայանի ապագայի վերաբերյալ: «Ապագա» ասվածը ենթադրում էր հետեւյալը. ԵՄ-ն առաջարկում էր Հայաստանում ներդնել մոտ 150 մլն եվրո՝ այլընտրանքային էներգիայի արտադրությունը զարգացնելու նպատակով` ատոմային կայանի գործող բլոկը փակելու պայմանով: Եվրոպական տարբեր փորձագետների մասնակցությամբ կատարվեցին հետազոտություններ, ու մշակվեցին ամենատարբեր փաստաթղթեր: Ի պատիվ Հայաստանի՝ պետք է ասենք, որ այդ եւ հաջորդող տարիներին պետական քաղաքականությունը ոտքերի վրա պինդ մնաց՝ միջազգային հարթակներում ապացուցելով, որ ատոմային էներգետիկան մեզ համար այլընտրանք չունի՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ անվտանգության ու անկախության եւ թե՛ սոցիալական առումներով։ Այդ ժամանակ եվրոպական փորձագետների ու մասնագետների հետազոտությունների շարքում շատերի աչքից վրիպեց մի փաստաթուղթ։ Բանն այն է, որ այդ փաստաթղթերի շարքում մասնավորապես պատրաստվել էր հայեցակարգ (Strategy Paper), որը մեծ արձագանք էր ունեցել Բրյուսելում:
Այդ զեկույցի գլխավոր եզրակացությունն այն էր, որ Հայաստանում ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Եվ այդ փաստաթղթում թվերով դա ապացուցվում էր: Իսկ արդեն 2006 թ. մեկ այլ խորհրդատվական ընկերություն՝ «PA Consulting»-ը, մշակեց նվազագույն ծախսերով զարգացման ծրագիր, որում հստակ ցույց տվեց, որ ատոմային էներգետիկան տնտեսապես երկարաժամկետ առումով ավելի շահավետ է, քան ջերմայինը: Այդ տարիներին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը միջազգային հանրությանը հստակ ուղերձներ էր հղում առ այն, որ մենք չենք կարող մեր պահանջարկը բավարարել միայն վերականգնվող էներգետիկայի հաշվին, քանի որ այն սեզոնային բնույթ է կրում: «Անհրաժեշտ է ունենալ բազիսային էլեկտրաէներգիա գեներացնող հզորություններ, որոնք արտադրում են անկախ տարվա եղանակից: Նման աղբյուրներ կարող են հանդիսանալ ատոմային, ջերմային բլոկները կամ գեոթերմալ էլեկտրակայանը:Այս բոլոր փաստարկները ներկայացնելով եվրոպական կառույցներին` մենք կարողացանք հիմնավորել, որ ինչպես անվտանգության, այնպես էլ ֆինանսատնտեսական առումներով Հայաստանում ատոմային էներգետիկային այլընտրանք չկա: Իհարկե, զարգացնում ենք վերականգնվող էներգետիկան, եւ մեր երկրի ռազմավարական փաստաթղթերում ու պլաններում ամրագրված է, որ պաշարների ամբողջ ողջամիտ պոտենցիալն օգտագործելու ենք: Նախատեսվում է մոտավորապես 2030 թ. Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի 35 տոկոսը բավարարել վերականգնվող էներգիայի աղբյուրներից, իսկ մնացածը` ատոմային էներգետիկայի հաշվին: Հայաստանը կմտնի այն երկրների շարքը, որոնք էլեկտրաէներգիա արտադրելիս շրջակա միջավայրի վրա պրակտիկորեն բացասական ազդեցություն չեն գործում: Նմանատիպ երկրներից են Նորվեգիան, Կանադան»,- ուղերձներից հետո լրագրողներին պարզաբանումներ էր տալիս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը:
Միջազգային քաղաքական ու մասնագիտական հարթակում Հայաստանի Հանրապետության տարիների աշխատանքն ու ձայնը համոզիչ լսելի եղավ: ՀՀ-ն նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետ կապված մանրազնին ու հսկայածավալ փաստաթուղթ մշակեց՝ տեխնիկատնտեսական հիմնավորումներով, բնապահպանական ու սոցիալական դիտարկումներով հանդերձ: Հանրության լայն շերտերի համար տեղեկատվական շրջան սկսվեց՝ նոր բլոկի անհրաժեշտության հետ կապված: Այդ ժամանակ Թուրքիան հաճախակի, ամիսներ կային, որ գրեթե ամեն օր արշավ էր սկսում Հայաստանի դեմ: Զավեշտը հասել էր նրան, որ Թուրքիան բողոքում էր՝ իբր, Մեծամորի ատոմակայանը ուր որ է «կպայթի՝ վտանգելով ամբողջ տարածաշրջանն ու երկրագունդը», եւ թե ո՞վ է իրավունք տվել Հայաստանին մտածել նոր ատոմակայանի մասին, երբ աշխարհը հրաժարվում է դրանից: Հասկանալի է՝ ՀՀ-ի եւ նաեւ միջազգային մասնագիտական հանրույթը այդ զավեշտին չէր պատասխանի:
Եվ, ի դեպ, աշխարհն ամենեւին էլ չէր հրաժարվում ատոմային էներգետիկայից ոչ այդ ժամանակ եւ ոչ էլ այսօր: Ավելին՝ մենք նկատել էինք, որ Եվրոպան, իր էներգետիկ կառուցվածքից ու կախվածության «կազմից» ելնելով, չի հրաժարվի միջուկային էներգետիկայից, եւ կգա մի օր, երբ հենց ինքը հետքայլ կանի՝ խոստովանելով, որ, այսպես ասենք, կարեւոր հարցում (միջուկային էներգետիկայից հրաժարվելու,- Ա.Մ.) կարեւոր սխալ է թույլ տվել: Ինչպես հենց նյութի սկզբում տեսանք, այդ օրը եկավ…
Ինչեւէ, այն ժամանակ, երբ աշխարհը (հասկանալ՝ Եվրոպա, քանզի, օրինակ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը լրիվ այլ դիրքորոշում ունեին) քայլեր էր անում՝ հրաժարվելու միջուկային էներգետիկայից, 2011 թ. ապրիլի 20-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Յուկիո Ամանոն, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ միասին հանդես գալով Չեռնոբիլում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել էր, թե «Չեռնոբիլի աղետը եւ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարը չեն նվազեցնում ատոմային էներգիայի նշանակությունը… Եվ որ աշխարհը չի հրաժարվի միջուկային էներգիայի օգտագործումից, բայց անհրաժեշտ է ամեն ինչ անել միջուկային օբյեկտների առավելագույն անվտանգությունն ապահովելու համար»:
Այ, սա էր եւ ցայսօր սա է հարցը՝ ապահովել միջուկային օբյեկտների առավելագույն անվտանգությունը: Իսկ հայկական ատոմակայանը միջազգային գործընկերների հետ միշտ բաց է աշխատում, անվտանգության միջոցառումները շարունակական ձեռնարկում է, սթրես-թեսթերի միջոցով ստուգվել է կայանի անվտանգությունը, գործընկերները մտահոգություն չեն հայտնել: Եվ այս տարի էլ երկարատեւ պլանային նախազգուշական վերանորոգման կանգնեց՝ էլ ավելի բարձրացնելով անվտանգության աստիճանը: Ավելին՝ միջազգային գործընկերները խնդիր չեն տեսել նաեւ այն հարցում, որ հայկական ատոմակայանն արդեն կարող է մտածել շահագործման կրկնակի երկարաձգման մասին:
Ի միջի այլոց, ատոմակայան ունենալու քաղաքական ու տնտեսական մեր պատճառաբանությունը երիցս արդարացվեց. աշխարհի՝ ատոմակայաններից հրաժարվելու միտումները ճիշտ համարող Թուրքիան այսօր ինքն է ռուսական կողմի ֆինանսավորման ու տեխնիկական եւ մասնագիտական աջակցությամբ հզոր ատոմային բլոկներ կառուցում…
Ուշագրավ մեկ փաստ էլ նշենք. մասնագետները նշում են, որ բնապահպանական տեսակետից ատոմակայաններն ավելի անվտանգ են, քան ջերմային կայանները: Շատ երկրներ (Ճապոնիա, Չինաստան, Հարավային Կորեա), միջազգային կազմակերպություններ (ատոմային էներգիայի Եվրոպայի գործակալություն, միջուկային համաշխարհային ընկերակցություն, ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն), իբրեւ էլեկտրաէներգետիկ պահանջարկի բավարարման միակ եւ հուսալի աղբյուր, ատոմային էներգետիկան են դիտարկում: 1999-ից, երբ մեզ պարտադրում էին փակել ատոմակայանը՝ նշելով, որ աշխարհն էլ հրաժարվելու է այդ կայաններից, բոլորովին այլ իրականություն էին ցույց տալիս: Եթե 1990-1998 թթ. աշխարհում 20 միջուկային էներգաբլոկներ էին թողարկվել, ապա 1999-2002 թթ. այդ թիվն արդեն 17-ի է հասել: Այսինքն՝ 8 տարում 20 բլոկի եւ ընդամենը 3 տարում 17 բլոկի համեմատության մասին էր խոսքը: Միջուկային էներգետիկայի ոլորտը զգալի տեմպերով է առաջ գնում Չինաստանում, Հնդկաստանում եւ Իրանում, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները վառելիքի սեփական աղբյուրներ ունեն: Գերմանիան, օրինակ, այդ տարիներին բացասական դիրքորոշում ուներ միջուկային էներգետիկայի զարգացման վերաբերյալ, բայց, ինչպես երեւաց, դա ժամանակավոր էր: Այսօր արդեն «Bild»-ը գրում է, որ «էներգետիկ ռեսուրսների գների կտրուկ աճի համապատկերում ակնհայտ է դառնում, որ Գերմանիայի՝ միջուկային էներգետիկայից հրաժարումը սխալ էր»…
Իբրեւ ամփոփում՝ գանք նյութի սկզբին. Վրտովեցը նույն ելույթի ժամանակ շեշտել էր. «Եթե մենք ուզում ենք հասնել մեր երկարաժամկետ նպատակին՝ կառուցելու էներգետիկ անկախ Եվրոպա եւ կլիմայական չեզոքություն (խոսքն ածխածնային զրոյական արտանետումներով տնտեսություն ունենալու մասին է՝ մինչեւ 2050 թ.), ապա պետք է ավելի ու ավելի շատ պետական եւ մասնավոր ներդրումներ կատարենք վերականգնվող էներգիայի մեջ։ Սակայն, ցավոք, վերականգնվող աղբյուրները բավարար չեն լինի, մենք պետք է օգտագործենք միջուկային տեխնոլոգիաները»:
Աշխարհի զարգացման տրամաբանությունն այս ուղղությամբ է ընթանում, եւ Հայաստանն այդ տրամաբանությունից դուրս մնալ չի կարող: