Արցախի դեմ ադրբեջանաթուրքական զույգի հրահրած 44-օրյա ագրեսիայի ընթացքում իրականացվել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, որոնք պետք է արժանանան համարժեք գնահատականների, հակառակ դեպքում մարդկության դեմ թուրքական պետությունների ռազմաքաղաքական ղեկավարների կատարած հերթական ոճրագործությունն անպատիժ կմնա՝ պարարտ հող նախապատրաստելով նոր ցեղասպանությունների համար:
Հայկական կողմն իր պայքարը սկսել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մայիսի 3-ին ՄԻԵԴ-ում հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Միջազգային հանրությունն սկսել է համարժեք արձագանքել պատերազմական հանցագործությունների աղաղակող փաստերին:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ գերիների սպանության փաստին: «Արցախում հրահրած պատերազմի ընթացքում Ադրբեջանը մեղավոր է մարդու իրավունքների ծանր ու կոպիտ խախտումների մեջ: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց խոշտանգումների եւ սպանությունների մասին հաղորդումները եւս վկայությունն են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի կոպիտ անտեսման»,- գրել է կոնգրեսականը: Վերջինս գրառման մեջ պնդել է, որ ԱՄՆ-ն պետք է վերջ դնի 907 բանաձեւի դադարեցմանը, որը թույլ է տվել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը հասնի Բաքվի ռեժիմին:
«Մենք չենք կարող ձեռքերս ծալած մնալ, քանի որ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի դեմ իրականացվում են մարդկության դեմ հանցագործություններ։ Այս 19 տղամարդկանց եւ կանանց, նրանց սիրելիների եւ ամբողջ հայկական համայնքի համար սիրտս ցավում է: Ես միշտ նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն եւ անկախություն ենք պահանջում Արցախի համար: Միշտ»,- գրել է Ադամ Շիֆը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ողջունել է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Սակայն իր գրառման մեջ նա կրկին հավասարության նշան է դրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Twitter»-ի իր միկրոբլոգում նա ԱՄՆ անունից կոչ է արել ամբողջությամբ եւ արագ կերպով ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների ու մնացյալ անձանց փոխանակման գործընթացը, ինչպես նաեւ հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորությունները:
Մի քանի օր առաջ էլ Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմեցին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին: ԵԽ պատգամավորներն իրենց նամակում հիշեցրել են, որ Հայաստանն ազատ է արձակել պահվող բոլոր ռազմագերիներին՝ հավատարիմ մնալով 2020 թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության ոգուն, իսկ Ադրբեջանը ոչ միայն չի ազատել, այլեւ հստակ չի նշում, թե քանի ռազմագերի է պահվում այնտեղ:
Ռազմագերիների նկատմամբ իրականացրած եւ իրականացվող անմարդկային վերաբերմունքն ադրբեջանաթուրքական զույգի հանցագործությունների մի փոքր մասն է միայն, եւ հայկական կողմը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներում վեր հանի պատերազմի իրական պատկերը, նրա հակահումանիտար երանգները: Այդ ուղղությամբ պայքարի արդյունավետությունը համաշխարհային հանրության առաջ ոչ միայն կպատռի թուրքական երկու պետությունների ցեղասպան դեմքերը, այլեւ անհերքելի փաստարկ կլինի՝ հիմնավորելու, որ Արցախի Հանրապետության ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մեջ: Միջազգային հանրությանը պետք է հասցվի այն իրողությունը, որ ցեղասպան քաղաքականություն վարող եւ մշտապես ուժի դիրքերից խոսող Ադրբեջանը չի կարող երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը, եւ այդ հանգամանքը պետք է առաջնային դիտարկվի խնդրի քաղաքական կարգավորման գործընթացում: