ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստան-Թուրքիա. հայացք ներսից» խորագրով միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետության եւ հայության համար հայ-թուրքական հարաբերությունների հավանական ձեւավորման ու զարգացման հնարավոր հետեւանքների հաշվարկմանն ու պարզաբանմանը։
Զկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, հայաստանյան ու միջազգային փորձագետներ Իրանի Իսլամական Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Թուրքիայից, Լիբանանից։ Միջազգային գիտաժողովը կազմակերպվել էր «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական հասարակական կազմակերպության կողմից, պատմության ինստիտուտի աջակցությամբ։
Գիտական տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներն անդրադարձել են Հայաստանին եւ մեր տարածաշրջանին սպասվող հավանական զարգացումներին՝ վերլուծելով ու համադրելով առկա իրավիճակը։ Այդ համատեքստում փորձ է արվել ներկայացնել նաեւ տարածաշրջանային զարգացումներում աշխարհաքաղաքականություն թելադրող գերպետությունների եւ այլ դերակատարների վարած քաղաքականությունը։ Ներկա իրողությունները դիտարկվեցին պատմական զարգացումների համատեքստում, ներկայացվեց նաեւ Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ անկախության առաջին տարիներից սկսած։
«Հայաստանի ժողովրդական շարժում» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի համակարգող, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական եւ այլ նկատառումներով թույլ դիրքերում է։ Այդ իրողությունների պայմաններում հայ-թուրքական հարաբերությունները շատ լուրջ խնդիրներ են պարունակում, հետեւաբար, ցանկացած քայլ պետք է ճշգրիտ հաշվարկված լինի։ «Ի վերջո անհրաժեշտ է մեկընդմիշտ գիտակցել, որ ցանկացած ազգի, հասարակության, պետության ինքնիշխանության տերը հենց այդ ազգը պետք է լինի»,- ընդգծեց նա։ Ուժեղ Հայաստանի Հանրապետության գոյությամբ է պայմանավորված նաեւ սփյուռքի գոյությունը, հակառակ դեպքում հայապահպանության խնդրի առջեւ կկանգնեն։
Ելույթներ ունեցան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռուբեն Սաֆրաստյանն ու Աշոտ Մելքոնյանը, պատմաբան, պ. գ. դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Վարդազարյանը, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագետ, քարտեզագետ, բանասեր Ժիրայր Քոչարյանը (ԳԴՀ), «Զարթօնք» թերթի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը (Լիբանան), ԻԻՀ ազատ համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, ԻԻՀ գիտության նախարարության իրանագետների միության վարչության անդամ Անդրանիկ Սիմոնյանը (Իրան), քաղաքական գործիչ, «Ժողովուրդների դեմոգրաֆիա կուսակցության» (HDP) անդամ Գայուշ Չալըքման-Գավիլովը (Թուրքիա), ՀՊԿՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Աննա Փախլյանը։