Հայաստանի սպառողական շուկայում պաշտոնական տվյալներով 12-ամսյա գնաճը կազմել է 9.1 տոկոս (2021 թ. հոկտեմբերը 2020 թ. հոկտեմբերի նկատմամբ), իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7 տոկոս։ Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների մասով ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 16 եւ 1.4 տոկոս, ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների մասով ցուցանիշները 9.7 եւ 0.5 տոկոս են, հագուստի եւ կոշիկի մասով՝ 11.7 եւ 2.8 տոկոս։
Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են՝ արդեն տեւական ժամանակ մեր երկրում գնաճը շարունակական է։ Օրինակ՝ Հայաստանի սպառողական շուկայում 2021 թ. հունիսին 2020 թ. հունիսի նկատմամբ արձանագրված գնաճը 6.5 տոկոս է։ 2021 թ. ապրիլին 2020 թ. ապրիլի նկատմամբ գնաճի համապատասխան ցուցանիշը 6.2 տոկոս է։ Հաշվի առնելով մեր երկրի տնտեսության վիճակը՝ գնաճային այս տեմպը խիստ բացասական ազդեցություն է գործում բնակչության լայն խավերի սոցիալական վիճակի վրա։ Ինչքա՞ն է պահպանվելու այս տեմպը։
Համենայնդեպս, ըստ կենտրոնական բանկի վերլուծության, ինչպես դեռ օգոստոսին հրավիրած մամլո ասուլիսում նշել էր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանում բարձր գնաճը կպահպանվի մինչեւ 2021 թ. տարեվերջ եւ միայն հաջորդ տարեսկզբից աստիճանաբար կթուլանա՝ հասնելով թիրախային 4 տոկոսին։
Մասնագետները գնաճային այս ճնշումներին հիմնականում տալիս են «շատ մեծ», «աննախադեպ», «կանխատեսումներից բարձր» որակումները։ Շեշտում են այդ ճնշումների՝ իբրեւ պատճառ, նաեւ արտաքին գործոնները։ ԿԲ նախագահը, օրինակ, նույն ասուլիսում հայտարարել էր, թե «աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայնամասշտաբ կիրառման պայմաններում համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումներով պայմանավորված՝ հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում է բարձր գնաճային միջավայր: Նշված զարգացումների, ինչպես նաեւ մի շարք ժամանակավոր գործոնների պայմաններում գործընկեր երկրներում դիտարկվում են սպասվածի համեմատ գնաճի ավելի բարձր մակարդակներ։ Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է ակնկալել հիմնականում գնաճային ազդեցություն»։
Գնաճի բազմաթիվ պատճառներ է նշել տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։ Ըստ նրա՝ անբարենպաստ են արտաքին գործոնները վառելիքահումքային շուկաներում զարգացումների հետ կապված։ Բացի դա՝ արտաքին շուկաներում թանկացել են պարենի գներն անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով։ Սրան հավելյալ՝ ներմուծվող ապրանքների գների վրա էլ ազդում է բեռնափոխադրումների վրա կատարվող ծախսերի աճը։ Հետեւանքը տեսնում ենք՝ պարենային զամբյուղը խիստ թանկացել է։
Այս ամենին էլ եթե գումարենք մեր ներքին պատճառները՝ Արցախի մեծ մասի կորստի հետեւանքով գյուղատնտեսական հողերի, արոտավայրերի, խոտհարքների, ջրային պաշարների կորուստներ, ՀՀ-ի սահմանամերձ հատվածներում գյուղատնտեսության վարման փաստացի անհնարինություն եւ այլն, իրավիճակի նկարագիրը կամփոփվի։ Եթե հակիրճ, ապա, ըստ տնտեսագետ Կարեն Սարգսյանի, Հայաստանի սպառողական շուկայի գնաճն ամենաբարձրներից է աշխարհում։ Սա ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ ներկրող երկիր ենք, եւ արտաքին շուկաներում գնաճն ինքնաբերաբար փոխանցվում է մեզ, իսկ ներքին սուբյեկտիվ գործոնները կապված են մի շարք ներքին շուկաներում գնագոյացման ոչ մրցակցային պայմանների առկայության հետ:
Իրավիճակը շտկելու մեկ ձեւ կա. տնտեսության արագ վերականգնումը։ Թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ արագ վերականգնման համար եւ որ ոլորտներում, «ՀՀ»-ն մեկ անգամ չէ, որ խոսել է։ Բայց եւ պետք է հասկանալ, որ ներկայիս աշխարհաքաղաքական բարդ վիճակում, երբ սահմանային նոր լարվածության աճ կա, ունենք փաստացի չկարգավորված հակամարտություն, ասենք՝ մեծածավալ օտարերկրյա ներդրումների հոսքեր ակնկալել չենք կարող:
Ուրեմն՝ տնտեսության արագ վերականգնման համար նախ եւ առաջ պետք է լուծենք անվտանգության հետ կապված խնդիրները։ Դրան զուգահեռ պետությունը պետք է եկամտային շատ լուրջ քաղաքականություն վարի իրական եկամուտներին ու շահույթներին հետեւելու տեսանկյունից։ Ներուժ ունեցող ոլորտները զարգացնելու համար պետք է գործի դրվեն մասնագիտորեն մշակված, հստակ հաշվարկված, արտաքին շուկաներն ու ռիսկերն ուսումնասիրած ռազմավարություններ ու գործողությունների ծրագրեր։
Եվ ամենակարեւորը՝ պետք է բարձրացնենք արտաքին շոկերի, ռիսկերի ու ազդեցությունների նկատմամբ մեր տնտեսության դիմադրողունակության աստիճանը, պետք է փոխենք տնտեսության որակը, մոդելը, հանդես գանք առաջարկի ձեւաչափով, զարգացման ուղիներ մտածենք-գործարկենք։ Հենց այս քայլերն էլ կնպաստեն տնտեսության ամենատարբեր ոլորտների շղթայական զարգացմանը։ Ու ամենագլխավորը՝ պետք է շտապել։