Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները վերջինիս անկախության 30 տարիներին ընթացել են լուրջ ելեւէջներով։ Դրանցում առկա անթեղ կրակը մերթընդմերթ բռնկվում է, ինչը պայմանավորված է երկու երկրների միջեւ փոխադարձ անվստահության մթնոլորտով։
Ադրբեջանն Իրանի հյուսիսարեւմտյան թուրքախոս նահանգների նկատմամբ տարածքային հավակնություններ ունի, ինչի մասին Բաքուն երբեմն մեղմ եւ երբեմն հարձակողական տոնով է արտահայտվում։ Մյուս կողմից, Բաքուն խիստ մտահոգված է այդ երկրում հնարավոր իսլամական հեղափոխությամբ կամ էլ Իրանի ազդեցության ներքո ուժերի ձեւավորմամբ, ինչը պայմանավորված է այդ երկրի բնակչության շուրջ 80 տոկոսի շիա ուղղության իրանյան աղանդի դավանումով։ Թեեւ Բաքվի իշխանությունները Թուրքիայի հետ համագործակցությամբ լուրջ ջանքեր են գործադրում՝ ի հաշիվ շիականության տարածել սունի ուղղությունը, մասնավորապես՝ Թուրքիայի դավանած հանաֆի աղանդը, սակայն, ըստ երեւույթին, ձեռքբերումները մեծ չեն։
Թեհրան-Բաքու փոխհարաբերությունների աննախադեպ լարվածություն առաջացավ ընթացիկ տարվա մայիսից, երբ Բաքուն զավթեց Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը՝ ավելի ուշ այստեղով անցնող իրանական մարդատար ու բեռնատար ավտոմեքնաներից մաքսատուրք պահանջելու, ինչպեսեւ Ալիեւի «Զանգեզուրի միջանցքի» մասին բարբաջանքների պատճառով։ Թեեւ Իրանը նշում էր, թե այդ երկրի սահմանամերձ շրջաններում Իսրայելի ներկայությունն ու իրանցի վարորդների ձերբակալությունն է Թեհրանի դժգոհության պատճառը, սակայն, ըստ ամենայնի, Թեհրանին առավելապես մտահոգում էր հենց այդ չարաբաստիկ «միջանցք» կոչվածը։ Դեռեւս մայիսի 26-ին աշխարհաքաղաքականագետ Միր Մեհրդադ Միր Սանջարին «Շարղ» օրաթերթում հրապարակած «Սյունիքի զավթումը դատապարտված ու մերժված է» հոդվածում շատ վտանգավոր էր գնահատել Ալիեւի ելույթներն այս թեմայով։ Նա, վկայակոչելով երկրի ռազմաքաղաքական առաջին դեմքի՝ հեղափոխության առաջնորդի խոսքերը միջազգային սահմանների խախտման առնչությամբ, ընդգծել էր, թե անհրաժեշտ է շուտափույթ կերպով ստորագրել հայ-իրանական ռազմական համագործակցության պայմանագիր, որպեսզի իրանցի ու հայ զինվորականները կողք կողքի պաշտպանեն Սյունիքը՝ Իրանը Սեւ ծովին ու Եվրոպային կապող միակ ճանապարհը։
Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում լարվածությունն իր գագաթնակետին հասավ հոկտեմբերի 1-ին՝ Ադրբեջանի սահմանների երկայնքով Իրանի ցամաքային ուժերի լայնածավալ զորավարժությամբ պայմանավորված, որին մասնակցում էին անօդաչուներ եւ ուղղաթիռներ։ Այնուհետեւ, ինչպես ենթադրվում էր, լարվածությունն սկսեց մարել։ Ըստ երեւույթին, Ալիեւին ասվեց, որ չափն անցնում է, եւ նա «հանուն բարիդրացիական կապերի ու մարդասիրության» ազատ արձակեց իրանցի վարորդներին՝ Իրանի ԱԳ նախարարի՝ իր ադրբեջանցի ու թուրք պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցներից հետո։
Նոյեմբերի 21-ին մեկօրյա այցով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի գլխավորած տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել էր Թեհրան, որտեղ բանակցել է Իրանի քաղաքաճանապարհաշինության, նավթարդյունաբերության եւ ԱԳ նախարարների հետ։ Նա Թեհրան-Բաքու փոխհարաբերություններում լարվածության թուլացումից հետո Իրան ացելող առաջին բարձրաստիճան պաշտոնյան է։ Մուստաֆաեւը համանախագահում է երկու երկրների առեւտրատնտեսական ու մշակույթի ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովը, իրանական կողմի համանախագահը քաղաքաճանապարհաշինության նախարար Ռոստամ Ղասեմին է։ Վերջինս Մուստաֆաեւի հետ հանդիպմանը շեշտել է, թե երկու երկրների ընդհանրություններն այնքան շատ են, որ մի ընտանիք են համարվում։ Ապա հույս է հայտնել, որ կլուծվեն երկու երկրների փոխհարաբերություններում առկա խնդիրները, որոնք արգելակում են դրանց զարգացումն ու ընդլայնումը։ Ըստ «IRNA» գործակալության, քննարկվել են տարանցիկության, ավտոմեքենաների համատեղ արտադրությանն ավելի զարկ տալու եւ այլ հարցեր։ Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտին հասցնել երկու երկրների սահմանին հոսող Ասթարա գետի վրա կառուցվող 100 մ երկարությամբ ավտոճանապարհով կամուրջը։ Գետն Իրանի Ասթարա քաղաքը բաժանում է Ադրբեջանի համանուն քաղաքից, որն Իրանում կոչվում է Ասթարառուդ իսկ Ադրբեջանում՝ Ասթարաչայ, թալիշերեն՝ Ուսթուրու ռու, կամրջի երկու կողմում ապրում են թալիշներ։ Ղասեմին շեշտել է, որ օրակարգում տեղ է գտել նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով մայրուղու հարցը, ինչն իրականում, պետք է ասել, ակտիվացել է, քանի որ այն բազմիցս տարբեր մակարդակներով քննարկվել է։ Սա թերեւս նշանակում է, որ եթե չասենք ընդհանրապես դուրս է մղվել Հայաստանով անցնելու տարբերակը, ինչն Իրանը կենսական էր համարում, ապա՝ ժամանակավորապես, քանի դեռ Թեհրանի համար անորոշության մշուշով է պատված չարաբաստիկ «միջանցքի» հարցը։ Հատկանշական է նաեւ, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը Երեւան եւս հույս էր ներշնչում, թե կարող է իրականություն դառնալ ճանապարհի կառուցումը՝ Իրանի Չաբահար նավահանգստից Հայաստանով դեպի Սեւ ծով եւ Իրանի տարածքով դեպի Աֆղանստան ու Կենտրոնական Ասիա, սակայն անորոշությունը Դելիին էլ մղել է դեպի այլ՝ Սաուդյան Արաբիա-Միջերկրական ծով տարբերակ, ինչը փաստորեն շրջանցելու է Իրանը։ Վերջինիս նավթարդյունաբերության նախարար Ջավադ Օջին էլ հայտնել է, թե Մուստաֆաեւի հետ բանակցություններում էներգետիկայի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ինչի վերաբերյալ օրերս փաստաթուղթ կստորագրվի: Ըստ ամենայնի՝ ԱԳ նախարարի հետ քննարկվել է նաեւ նոյեմբերի 28-ին Թուրքմենստանում տեղի ունենալիք ECO-ի (Տնտեսական համագործակցության կազմակերպություն) շրջանակներում երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպման հարցը։
Հիշյալ այցը որոշ ԶԼՄ-ներ շատ կարեւոր ու բարձր գնահատելով` շեշտել են, թե Ադրբեջանի ու Իրանի մշակույթը, հավատքն այնպես միահյուսված են, որ դրանք բաժանելը շատ դժվար է։ Սա այն դեպքում, երբ Բաքուն օր օրի սերտացնում է Թել Ավիվի հետ փոխառնչությունները, որին իր ռազմավարական դաշնակիցն է համարում, ինչն իրականություն է, որի զենքերով ու աջակցությամբ հասավ հաջողության։ Այլ կերպ ասած՝ անթեղված կրակն այդպես չի մնա, որքան էլ սերտ լինեն «եղբայրական կապերը»։