2021 թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն Ռուսաստանի Դաշնության տարածքում փաթեթավորված խմելու ջրի՝ նույնականացման միջոցներով մակնշման պահանջը եւ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքը: Օրենսդրական կարգավորումները նախատեսված են ԵՏՀ խորհրդի «Նույնականացման միջոցներով փաթեթավորված ջրի դրոշմավորում սահմանելու մասին» 2021 թ. հոկտեմբերի 29-ի թիվ 113 եւ ՌԴ կառավարության 2021 թ. մայիսի 31-ի թիվ 841 որոշումներով: Այս մասին տեղեկանում ենք պետական եկամուտների կոմիտեից։
ՊԵԿ-ը միաժամանակ հայտնում է, որ չմակնշված արտադրանքի շրջանառության արգելքն ուժի մեջ կմտնի գազավորված եւ չգազավորված բնական հանքային խմելու ջրերի մասով՝ 2021 թ. դեկտեմբերի 1-ից, իսկ այլ գազավորված եւ չգազավորված հանքային խմելու եւ խմելու այլ տեսակի ջրերի մասով՝ 2022 թ. մարտի 1-ից։
Պետական գերատեսչությունը տեղեկացնում է նաեւ, որ մինչեւ ազգային օպերատորի կողմից համակարգերի ներդրումը, հայաստանյան տնտեսավարողները Ռուսաստանի տարածք նշված ապրանքները տեղափոխելիս կարող են մակնշումն ապահովել ՌԴ ռեզիդենտ վստահված անձանց միջոցով` ի դեմս ներմուծողների: «Այսպիսով` Ռուսաստանի Դաշնության ներմուծող կազմակերպությունը կարող է համապատասխան ապրանքների համար պատվիրել մակնշման կոդեր եւ տրամադրել հայաստանյան ընկերությանը (արտահանողին): Նույնականացման միջոցներն ապրանքներին պետք է փակցվեն մինչեւ ՌԴ ներմուծելը»,- նշում են ՊԵԿ-ից:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանում դրոշմավորման ազգային օպերատոր է «Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» ընկերությունը: Ապրանքների մակնշման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությանը գործարարները կարող են ծանոթանալ «честныйзнак.рф:» կայքում։
Իբրեւ հավելյալ տեղեկություն` փոխանցենք, որ, ըստ ՊԵԿ-ի պարզաբանման, մակնշման համակարգը ներառում է ապրանքի մակնշումն ու շրջանառության ամբողջ ընթացքի վերահսկումը՝ արտադրությունից մինչեւ մանրածախ վաճառք: Համակարգը պահպանում է ապրանքի հետ կապված բոլոր գործառնությունների՝ արտադրության եւ ներմուծման, վաճառքի տարածքում տեղաբաշխման, իրացման եւ շրջանառությունից հանելու մասին բոլոր տվյալները: Ապրանքը մակնշվում է արտադրողի կամ ներմուծողի կողմից՝ պատվիրելով թվային «DataMatrix» ձեւաչափի ծածկագրեր Ռուսաստանի «Честный ЗНАК» համակարգում: Ծածկագրեր անհրաժեշտ է պահանջել նախապես` նախքան ապրանքների արտահանումը կամ ներմուծումը:
Ծածկագրերը պետք է փակցվեն արտահանվող ապրանքի վրա` նախքան սահմանը հատելը: Սա նշանակում է, որ ապրանքը պետք է մակնշվի մինչ օրինական սահմանը հատելը: Յուրաքանչյուր ապրանք պետք է ունենա իր նույնականացման համարը (նույնացուցիչ): Մատակարարման ամբողջ ընթացքում ամեն ապրանքի համար յուրաքանչյուր գործողություն գրանցվում է մակնշման համակարգում՝ ըստ զույգի նույնացուցիչի: Երբ ապրանքը վաճառվում է սպառողին, այդ ապրանքի նույնացուցիչը դուրս է հանվում համակարգից: Յուրաքանչյուր նույնացուցիչի գոյատեւումը փակ է. այն սկսվում է արտադրության փուլում եւ ավարտվում իրականացման արդյունքում, ուստի այդ ընթացքում նույնացուցիչը փոխել անհնար է:
Տեղեկացնենք նաեւ, որ «DataMatrix»-ը հավելյալ տվյալներով շտրիխ կոդ է, եւ, ի դեպ, այն կատարելապես ընթեռնելի է նույնիսկ այն դեպքում, երբ լինում է մասամբ վնասված: «DataMatrix»-ը կոմպակտ է եւ քիչ տեղ է զբաղեցնում փաթեթի վրա։ Նրա օգնությամբ կարելի է կոդավորել մեծ քանակությամբ ինֆորմացիա: Մակնշման ծածկագիրը ներառում է GTIN-ը, ապրանքի սերիական համարը եւ ստուգման ծածկագիրը: Իսկ GTIN-ը (Global Trade Item Number) 14 թվանշանային մակնշման ծածկագիր է, որը մշակվել է GS1 ասոցիացիայի կողմից: Սա վաճառողի ծածկագրի էլեկտրոնային տարբերակն է եւ ուղեկցվում է մի շարք հատկանիշներով, որոնք արտադրողը պետք է պատրաստի ապրանքը բնութագրելու համար:
Ինչ վերաբերում է անհատական սերիական համարին, ապա սա 13 նիշանոց թվային կամ այբբենական եւ թվային հաջորդականություն է ու կարող է գեներացվել շրջանառության մասնակցի հաշվառման համակարգի միջոցով: Այն հատկացվում է յուրաքանչյուր ապրանքի համար եւ GTIN-ի հետ միասին ծառայում է որպես ապրանքի եզակի նույնացուցիչ:
Ստուգման ծածկագրի մասով (գաղտնագրման հաջորդականությունը կամ ծպտյալ պոչը)․. սա էլ յուրաքանչյուր «DataMatrix»-ի համար «էլեկտրոնային ստորագրություն» է, որը թույլ է տալիս վերահսկել ապրանքի իրացումը դրամարկղի միջոցով: Այն գեներացնում է մակնշման համակարգի օպերատորը՝ ծածկագրման տեխնոլոգիաների հիման վրա: Իր օգնությամբ ստուգվում է ծածկագրի օրինականությունը:
Հիմա՝ իսկ ինչպե՞ս մակնշել ապրանքը ներմուծողի միջոցով։ ՊԵԿ-ը տալիս է քայլերի հաջորդականությունը։ 1. Արտահանողը ստանում է GTIN-ը GS1 Հայաստանի ներկայացուցչությունում: 2. Ներմուծողը գրանցվում է ՌԴ «Честный знак» համակարգում։ 3. Ապրանքը ներմուծողի մանրամասն հրահանգները հասանելի են մակնշման եւ ապրանքի շրջանառության վերահսկման պետական «Честный знак» համակարգի պաշտոնական կայքում։ 4. Ներմուծողը ներմուծվող ապրանքների համար հայտեր է ներկայացնում մակնշման ծածկագրերի (DataMatrix) գեներացման համար։ 5. Մակնշման ծածկագրերը ստանալուց հետո ներմուծողը ցանկացած մատչելի եղանակով փոխանցում է դրանք արտահանողին: 6. Արտահանողը փակցնում է մակնշման ծածկագրերը արտահանվող ապրանքի վրա՝ նախքան ՌԴ սահմանը հատելը։ Ապրանքի մակնշման ծածկագիրը փակցվում է ապրանքի տուփի, պիտակի կամ բուն ապրանքի վրա (շրջանառության մասնակցի ընտրությամբ): Մակնշման ծածկագիրը փակցվում է հատուկ սարքավորումների միջոցով կամ ձեռքով՝ կախված շրջանառության մասնակցի ունեցած սարքավորումներից: 7. Այնուհետեւ ապրանքն ուղարկվում է ՌԴ: 8. Ներմուծողը ապրանքները դնում է շրջանառության մեջ՝ ՌԴ «Честный знак» մակնշման համակարգում: