Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը

Նոյեմբերի 27, 2021
Սոցիում
Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
925
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի «Հյուրասրահում» այս անգամ Ավետիք Իսահակյանի եւ Մարտիրոս Սարյանի թոռներն են` ամուսիններ Ավիկ Իսահակյանը եւ Ռուզան Սարյանը: Հանդիպման թեման` հանրապետության համար այս ծանր օրերին հասկանալ, պարզել, խորհել, թե ինչով է շնչում մտավորական Հայաստանը, ինչ խնդիրներ են դրված պետության եւ անհատների առջեւ, ինչ անելիքներ կան, եւ որն է յուրաքանչյուրիս պարտականությունն ազգային մշակույթն ու հարստությունները պահպանելու, ներկայացնելու գործում։

Իսահակյանի ստեղծագործությունը՝ Ավիկի կյանքի գործ

Ավիկ Իսահակյանը կարող էր դառնալ թատերական կամ կինոգործիչ, կարող էր դառնալ գրող, սակայն, ճակատագրի բերումով նա հայ մեծ գրողի, մտածողի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Իսահակյանի ժառանգն է եւ մեծ ժառանգություն է ստացել նրանից… Ոչ, խոսքը նյութական ժառանգության մասին չէ, այլ հոգեւոր, մշակութային, մտածողական, յուրօրինակ ժառանգություն, որ քչերը կարող են գնահատել ու տեր կանգնել, ընդունել պատասխանատվությամբ եւ պարտականության խոր զգացումով. այդ ժառանգությունը նրա համար դարձավ պրոֆեսիոնալ աշխատանք, լուրջ ու հետեւողական, նպատակային… Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի գործունեության մասին հակիրճ տեղեկանում ենք էլեկտրոնային հանրագիտարանի էջում. «Ուսումնասիրությունների շրջանակում Ա. Իսահակյանի ստեղծագործություններն են: Գիտական շրջանառության մեջ է դրել Ա. Իսահակյանի գրական ժառանգության նորահայտ էջեր եւ վավերագրեր: Հեղինակել է բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրություններ, որոնք տպագրվել են Երեւանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Բեյրութում, Վենետիկում, Փարիզում, Լոս Անջելեսում: Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների: Դասախոսությունների շարքով հանդես է եկել Սորբոնի, Լոս Անջելեսի եւ այլ համալսարաններում»:

Աշխատանքային գործունեության համար արժանացել է բազմաթիվ պարգեւների, այդ թվում Մովսես Խորենացու մեդալին եւ ՌԴ «Ալեքսանդր Պուշկին» պետական շքանշանի: Նա ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ է եւ Գյումրիի պատվավոր քաղաքացի: Ավիկ Իսահակյանը շուրջ 20 գրքերի եւ 200 գիտական ուսումնասիրությունների հեղինակ է:

2025 թվականին լրանում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը, որը սոսկ տարեթիվ չէ, այն պետք է հանրագումարի բերի Ավետիք Իսահակյանի երկերի 18 հատորով ակադեմիական հրատարակությունը, ինչը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի շուրջ 20 տարվա ժրաջան աշխատանքի արդյունքը կլինի: Ակադեմիականը իրագործող գիտական խմբի ղեկավարն է Ավիկ Իսահակյանը: Հոբելյանին ընդառաջ Իսահակյանի Երեւանյան տուն-թանգարանը կհրատարակի «Ավետիք Իսահակյանը ժամանակակիցների հուշերում» երկհատոր ժողովածուն, կավարտվի Իսահակյանի անձնական գրադարանի (որը պահվում է տուն-թանգարանում) լիակատար մատենագիտական ցանկի հրատարակությունը, ինչպես նաեւ պոետի մի շարք երկերի հրատարակությունն անգլերենով: Կնկարահանվի նոր վավերագրական ֆիլմ Իսահակյանի կյանքի եւ ստեղծագործության մասին: 

Այս առնչությամբ զրուցեցինք մեր հյուրերի հետ, ովքեր պարզ ու անմիջական ներկայացրին հիշյալ խնդիրները, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին…

-Դուք, փաստորեն, Ձեր կյանքը նվիրել եք Ձեր պապի կենսագրության եւ ստեղծագործությունների լուսաբանմանը, ներկայացմանը. ինչքանո՞վ եք բավարարված Ձեր աշխատանքից եւ ինչքա՞ն անելիքներ դեռ ունեք, որ ծրագրել եք ու պիտի անեք, ի՞նչն է բաց մնացել։

Ավ. Իսահակյան.– Ամեն մարդ իր ճակատագիրն ունի. մեկը վատնում է անունը, չարաշահում, ընկնում կեղտոտ պատմությունների մեջ, պարտքերի մեջ կամ էլ` չարաշահելով, փորձում է կարիերա անել, տգեղ մի բան է, եւ, վերջին հաշվով, որ նայում ես` ասում ես` էսինչ մարդու զավակը սա՞ էր, սա էր ուրեմն, հա, ու հիշում ես էն մեծին, ասում ես` նա ո՜ւր, սա ո՜ւր… Եվ ցավում է սիրտդ, էլի, թե ինչո՞ւ այդպես պիտի լինի… Որովհետեւ, առաջին հերթին, մեծ մարդու զավակը պիտի իր օրինակով արժանի լինի ազգային մեծի հիշատակին ու եթե ինչ-որ բանի չի հասել, գոնե չի վարկաբեկել իր նախորդի անունը: Պատմեմ, թե ինչու եմ որոշել դառնալ իսահակյանագետ:  Վաղ երիտասարդության տարիներին ես շատ էի սիրում կինոարվեստը: Հայրս՝ Վիգեն Ավետիքովիչը, կինոռեժիսոր էր, սակայն նա իր կյանքի վերջին տարիներին շրջվեց դեպի գրականություն` պատկառելի հասակում գրելով «Հայրս» եւ «Փարիզ: Քոչար» հուշագրությունները: Եվ հարկ է ասել, որ հորս անունը կմնա պատմության մեջ ոչ թե իր կինոգործունեությամբ, այլ երկու գրքերով: Մայրս՝ տիկին Բելլան, դերասանուհի էր, գեղեցկության եւ բարիության տիպար: Նա ծագումով պոլսահայ էր, երկու տարեկան էր, երբ Թուրքիայից արտագաղթեցին: Նա Համո Բեկնազարյանի սիրելի դերասանուհին էր, խաղացել էր «Զանգեզուր», «Անահիտ» եւ «Հայկական կինոհամերգ» ֆիլմերում: Շատ էր սիրում արվեստ, գրականություն եւ թատրոն. հայրս ինձ կինո էր տանում, մայրս` թատրոն: Սունդուկյանի անվան թատրոնի բեմում մայրս խաղացել է շուրջ 15 տարի: Նա ինձ ծանոթացրել էր մեր թատերական արվեստի մեծերի հետ՝ Հրաչյա Ներսիսյան, Վահրամ Փափազյան, Վարդան Աճեմյան, Վաղարշ Վաղարշյան, որոնք նաեւ հաճախ լինում էին պապիկիս հյուրը: 1962 թ. ես ընդունվեցի Երեւանի թատերական ինստիտուտ՝ երազելով դառնալ կինոբեմադրիչ: Մեկ տարի սովորելուց հետո փորձեցի փոխադրվել ՎԳԻԿ` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտ: Բնական է, որ դա պետք է շատ դժվար լիներ. հայկական կրթություն ունեի, ավարտել էի Չայկովսկու անվան դպրոցը, տանը հայերեն էին խոսում, ամենուրեք հայերեն, բայց դժվարություններից չէի վախենում: Մամայի հետ հասանք Մոսկվա, փաստաթղթերը բերել էինք, որ փոխադրվեի: Ես մի ընկեր ունեի` Լեւոն Փիրուզյան, մեր նշանավոր Արամ Փիրուզյանի որդին, ակադեմիկոս, շատ պայծառ անձնավորություն. հանդիպեցինք նրան, եւ երբ իմացավ գալուս նպատակը, ասաց. «Այ տղա ջան, դու ի՞նչ գործ ունես, կինո-կինո լսել ես, բայց սովետական կինոն ոչ մի կապ չունի այն կինոյի հետ, որ դու սիրում ես` իտալական, իսպանական, դու կարո՞ղ ես զավոդի, աշխատանքի հերոսի, կոլխոզնիկի, պարտիականի մասին կինո նկարել, քեզնից հեռու բաներ են դրանք, քո գործը դրան է վերաբերելու, իսկ դու… Պապիկդ նոր է մահացել, հինգ տարի է անցել, հսկայական արխիվ կա` նստիր, ուսումնասիրիր, հետազոտիր, նոր բաներ գտիր, տպագրիր…»: Ասացի. «Գիտես, մամաս էլ նույնն էր ասում, տատիկս էլ, պապան թե` կինոն լավ բան է, բայց դու ոչ մի բան չգիտես դրա մասին…»: Ես էլ մտածեցի եւ որոշեցի չփոխադրվել կինոինստիտուտ, ընդհակառակը, թատերական ինստիտուտի առաջին կուրսից դուրս եկա, տեղափոխվեցի մեր պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետ` Մկրտիչ Մկրյանի մոտ: Նա ինձ հարցրեց. «Բա էս մի տարին որտե՞ղ էիր»: Բացատրեցի, որ ընդունվել էի թատերական ինստիտուտի կինոֆակուլտետ, հետո ուզում էի ՎԳԻԿ տեղափոխվել… «Կինոն ինչ է որ, Վարպետի գործերը թողած, ինչ խելոք բան ես արել, որ հետ ես եկել, մոռացիր էդ կինոն, զբաղվիր լուրջ Իսահակյանով…»: Եվ այդպես ես ընտրեցի իմ ապագա մասնագիտությունը: Ես հիշում եմ, տարիներ անց, երբ մենք ամուսնացանք, Ռուզանը սովորում էր պետհամալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության բաժնում  (ի դեպ` ավարտել էր 114 անգլիական թեքումով հայկական դպրոցը) եւ երբ որ ավարտելու վրա էր, ինձ հայտնեց. «Ուզում եմ գրել իմ կուրսային աշխատանքը Տյուտչեւի մասին, հետո մտնեմ ասպիրանտուրա, դառնամ ռուս գրականության մասնագետ»: Ասացի. «Լա՛վ, աղջիկ ջան, ռուս գրականությամբ հազարավոր մարդիկ կզբաղվեն, Տյուտչեւով էլ, Ֆետով էլ, դու զբաղվիր քո հանճարեղ պապով. այ, ես էլ էի քեզ նման տարիներ առաջ մոլորվել»:

-Ի դեպ, երկուսդ էլ տասներեք տարեկան էիք, երբ ձեր պապերը մահացան…

Ավ. Իս.- Այո, եւ մենք շատ լավ ենք հիշում իրենց, եւ նրանց կողքին անցկացրած յուրաքանչյուր օր մեզ համար մեծ երջանկություն էր: Եվ այսօր էլ մենք զգում ենք նրանց կենդանի ներկայությունը: Իմ առաջին գրականագիտական աշխատանքը եղավ «Ավետիք Իսահակյանի հրապարակախոսությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին»։ Իսահակյանի պատերազմական տարիների հոդվածները բացահայտում էին կայսերական Գերմանիայի հակահայկական քաղաքականության  էությունը: Թուրքերի թիկունքին կանգնած` նա կազմակերպեց հայոց Մեծ եղեռնը: Հասկանալով, որ պատերազմը հաջող առիթ է եւ կարելի է խոսել (այն ժամանակ եղեռնի մասին խոսելն արգելված էր), ես  գրեցի «Էությունը նույնն» է կուրսային աշխատանքս, այսինքն` ֆաշիզմի եւ թուրք-գերմանական ջարդարարների էությունը նույնն է, որի հիման վրա գրածս հոդվածը տպագրեցի  համալսարանի «Երիտասարդ գիտաշխատող» ամսագրում: Ջոն Կիրակոսյանը մեր հարեւանն էր եւ շատ հայրենասեր մարդ: Մի օր տուն էի գալիս, երբ ավտոյից նա դուրս եկավ, դեմ-դիմաց եկանք, բռնեց` ինձ համբուրեց ու ասաց. «Հոյակապ ես գրել: Ինչպե՞ս դու տեսար, հասկացար Վարպետի խոր ատելությունը դրանց հանդեպ, շարունակիր այդ ոգով աշխատել…Գրել, գրել, գրել…»:  Ափսոս, որ Կիրակոսյանը շուտ հեռացավ կյանքից… Այսօր հիշում եւ գնահատում ենք նրան… Ասպիրանտուրան ավարտեցի Մոսկվայում` Գորկու անվան համաշխարհային  գրականության ինստիտուտում, պաշտպանեցի թեկնածուական թեզս՝ «Ավետիք Իսահակյանի արձակը», հետո անցա աշխատանքի Երեւանում, պաշտպանեցի դոկտորականս՝ «Ավետիք Իսահակյանը եւ ռուս գրականությունը» եւ վերջապես  ձեռնամուխ եղա Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հատորների պատրաստմանն ու տպագրությանը: Ի դեպ, արդեն հրատարակվել է 14-րդ հատորը, սակայն անելիքներ դեռ շատ կան…

«Մարդուն ծնում է իր ժամանակը…»

«Սարյանը գիտակցաբար եւ խոր հասկացությամբ մոտեցավ արվեստին։ Տարիների համառ աշխատանքի օգնությամբ նա սովորեց Հայաստանի եւ Հարավի գույները եւ գծերը եւ հատկապես մեր նախնիների անգին ժառանգությունը… ահա այս փաստերով նա ստեղծեց իր արվեստը՝ ամբողջությամբ ազգային».

Ավետիք Իսահակյան

Ինչպես Ավիկ Իսահակյանը, այնպես էլ բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը մի կողմ դրեց «կողմնակի» հետաքրքրություններն ու սկսեց զբաղվել Մեծ պապի ժառանգությամբ` բանասիրական կրթությունը լրացնելով արվեստաբանականով, որի առաջին դասերն ստացել էր պապից` գծի, լույսի ու ստվերի, գույնի, քամու ուղղության ընկալման ու արտահայտման նուրբ տեխնիկան եւ այլն… Ու թեեւ Մարտիրոս Սարյանի 150-ամյա հոբելյանին համեմատաբար ավելի երկար ժամանակ է մնում, քան Ավետիք Իսահակյանի, խնդիրներն այստեղ ավելի բարդ են ու առավել ժամանակատար: Չնայած որ Ռուզան Սարյանը բազմաթիվ ու բազմապիսի, բազմաբովանդակ աշխատանք է կատարել մինչեւ օրս Վարպետի գործերի լուսաբանման, ներկայացման, տարածման ուղղությամբ, դեռ ահռելի աշխատանք էլ մնում է կատարելու, հատկապես` արխիվների լիարժեք ուսումնասիրման ու հրապարակման ուղղությամբ, եւ ինչպես այս կապակցությամբ Ավիկ Իսահակյանին, այնպես էլ նույն հարցը տվեցինք Ռուզան Սարյանին, ու ինչպես որ հատուկ է ամուսիններին, նրանք էլ, գրեթե միմյանց ընդմիջելով ու լրացնելով, հաճույքով ու նաեւ մտահոգ ներկայացրին խնդիրները…

Ռուզան Սարյան.– Ի դեպ, Ավիկը հարցին լրիվ չպատասխանեց, որովհետեւ իր անելիքը այնքան շատ է, նախ` Ավետիք Իսահակյանի լիակատար ակադեմիական հրատարակության տասնչորս հատորը դարձավ տասնութ հատոր, որոնցից չորսը միայն «Ուստա Կարո» վեպն  է, մեկը արդեն տպված է, առաջին տարբերակը, եւ երկրորդ տարբերակը` չորս հատորով դեռ պետք է տպագրվի:

Ես, իհարկե, բարի նախանձով եմ նայում Իսահակյանին, որովհետեւ գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնում նրա ղեկավարությամբ աշխատում է գիտնականների մի հրաշալի խումբ, որն իրականացնում է Ավետիք Իսահակյանի լիակատար ակադեմիական հրատարակության հատորների նախապատրաստման վիթխարի աշխատանքը: Ինչ վերաբերում է Մարտիրոս Սարյանի ժառանգությանը, ամբողջապես ընկած է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ուսերին. ես եմ, քույրս` թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆիկ Սարյանը, չորս գիտաշխատող, բոլորս էլ գիտական գործի վրա դժվարանում ենք կենտրոնանալ, որովհետեւ թանգարանի այցելուների հոսքը բավական մեծ է, պետք է դպրոցականներին ապահովել կրթական ծրագրերով, կազմակերպել միջոցառումներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ամառային դպրոց (Ռիմա Գալստյանի ղեկավարությամբ) եւ այլն: Սոֆյան ֆոնդային դժվարին աշխատանքի հետ մեկտեղ կարողացավ նախապատրաստել եւ 2020 թվականին տպագրել Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուի կատալոգը: Վարդուհի Ադամյանի, Օֆելյա Գյուլումյանի եւ Նարինե Մարյանյանի աշխատասիրությամբ կազմվեց  «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» ժողովածուն, որը լույս տեսավ դարձյալ 2020 թվականին: Կոլեկտիվում ունենք շատ լավ ներուժ, երիտասարդ կադրեր, որոնք կարող են նաեւ գիտական աշխատանք ծավալել, մասնակցում են գիտական կոնֆերանսներին (Քնար Կատվալյանը), բայց անձնակազմը փոքր է, թանգարանային գործը` շատ: Իսկ գիտական աշխատանքը կենտրոնացում է պահանջում: Վերջերս խոսակցություն ունեցա իմ հարազատ արվեստի ինստիտուտի տնօրինության եւ կերպարվեստի բաժնի իմ կոլեգաների հետ խնդրելով իրենց, որ մասնակից դառնան թանգարանում իրականացվող գիտական ծրագրերին: Ասացի, որ Մարտիրոս Սարյանը այն արվեստագետը չէ, որ այսքան քիչ մարդկանցով կարելի լինի պատշաճ կերպով նախապատրաստվել նրա 150-ամյակին, ինչքան էլ որ ժամանակ դեռ ունենանք` 9 տարի, անելիքները շատ-շատ են, եւ չգիտեմ, թե ինչպես ենք հասցնելու բոլոր ծրագրերը կյանքի կոչել:

Այսօր Սարյանի մասին գրող արվեստաբաններ չունենք. Ռուբեն Դրամբյանից, Ալեքսանդր Կամենսկուց, Վիլհելմ Մաթեւոսյանից, Շահեն Խաչատրյանից հետո պետք է սերնդափոխություն կատարվի, նոր ուժեր պետք է ի հայտ գան եւ լրջորեն զբաղվեն Սարյանով: Արվեստագիտության դոկտոր, ակադեմիայի թղթակից անդամ Արարատ Աղասյանը հրաշալի աշխատություն գրեց «Սիմվոլիզմը Մարտիրոս Սարյանի արվեստում» թեմայով, բայց իմ բոլոր հորդերներին` շարունակել գրել Սարյանի մասին, մնում է անհաղորդ: Վիթխարի արխիվ կա, վիթխարի գրական ժառանգություն, որի մի մասը ես հրատարակել եմ՝ նամականու առաջին եւ երկրորդ հատորները, շուտով լույս կտեսնեն երրորդն ու չորրորդը: Ռուս ընթերցողն անհամբեր սպասում է դրանց ռուսերեն հրատարակմանը: Դեռեւս անտիպ են Սարյանի օրագրերը, որոնք վիթխարի նյութ են պարունակում նրա կյանքի լիարժեք ուսումնասիրման, տարեգրության նոր հրատարակման համար: Առաջին տարեգրությունը տպագրվեց Սարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի աշխատակիցներ Մանյա Ղազարյանի եւ Արարատ Աղասյանի աշխատասիրությամբ: Այն ժամանակ դեռ հավաքագրված եւ տպագրված չէին նկարչի նամակները, օրագրերը, նրա ժամանակակիցների հուշերը, եւ հասկանալի է, որ այսօր դրանք պետք է դառնան այն կարեւորագույն  վավերագրական նյութը, որի հիման վրա կարող է ստեղծվել Մարտիրոս Սարյանի լիարժեք տարեգրությունը, այնուհետեւ նրա գիտական կենսագրությունը: Բացի զուտ Սարյանին վերաբերող արխիվային նյութերից, պետք է ուսումնասիրվեն նրա ժամանակակիցների արխիվները, օրագրերը, հուշերը: Վերջերս հրաշալի գիրք հրատարակեց նկարիչ Եվգենի Լանսերեի ծոռը՝ Պավել Պավլինովը, «Եվգենի Լանսերե: Կովկաս», որը գրված է օրագրային հարուստ նյութի հիման վրա: Եվ այս գրքում այնպիսի հետաքրքիր տեղեկություններ կան Սարյանի մասին, որոնք մեզ մինչ օրս անհայտ էին: Օրինակ` 1919 թ. Լանսերեն Ռոստովում ապրել է Սարյանի տանը, ընդ որում` ոչ միայն ինքը, այլեւ հայտնի նկաչիչ Բիլիբինը: Նրանք միասին դասավանդել են Վրուբելի անվան գեղարվեստի ուսումնարանում: Սարյանի շրջապատը շատ մեծ է եղել. ռուսական արվեստի ամենահետաքրքիր, կարկառուն գործիչների հետ է շփվել եւ նաեւ նրանց կենսագրության մաս է կազմել: Ուրեմն պետք է ուսումնասիրվի նաեւ Սարյանի այդ շրջապատի հետ կապված նյութը, արխիվները: Մի խոսքով` անելիքը շատ է, ժամանակը` քիչ, կյանքը` կարճ: Հիշեցնեմ մեկ անգամ եւս. 2030 թվականին տոնելու ենք Մարտիրոս Սարյանի 150-ամյակը:

Իսկ ես պետք է թանգարանի ադմինիստրատիվ աշխատանքը (2003-ից` Սարյանի տուն-թանգարանի փոխտնօրեն, իսկ 2004-ից՝ տնօրեն) տանեմ, ինչը զգում եմ, որ խանգարում եւ կաշկանդում է իմ գիտական գործունեությանը, քանզի այն պահանջում է գլխովին լծվել գործին եւ հնարավորինս քիչ շեղվել: Բացի այդ, ունեմ մի ամուսին (ժպտում է), որ ազգային հարստություն է, պետք է նրան խնամել եւ նրա համար ստեղծել այնպիսի աշխատանքային պայմաններ, որ նա կարողանա իրականացնել իր հանճարեղ պապիկի ակադեմիական հատորների հրատարակումը եւ ավարտին հասցնել նրա գիտական կենսագրության երկրորդ եւ երրորդ հատորները:

-Դուք ասացիք, որ չեք հասցնում մենակ. ի՞նչ պետք է անել, որ գործն առաջ գնա…

Ռ. Սարյան.- Ես ցանկանում էի, որ ակադեմիայի արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնի գիտաշխատողները հետաքրքրվեն Սարյանի արվեստով եւ սատարեն Սարյանի տուն-թանգարանի գիտական ծրագրերի իրականացմանը: Բայց բոլոր խոսակցությունները գալիս հանգում են մի մեծ խնդրի՝ գիտաշխատողների ցածր վարձատրությանը: Դա իսկապես խնդիր է, քանզի գիտաշխատողի եւ հավաքարարի աշխատավարձը համարյա նույնն է…

-Բայց նույն գրականության ինստիտուտում անում են նույն ցածր վարձատրությամբ եւ անո՛ւմ են. եթե աշխատանքը փոխանցեք գրականության ինստիտուտ, իրենք չե՞ն անի. այդտեղ կոնկրետ բանասիրական աշխատանք է, ես դա նկատի ունեմ։

Ավ. Իս.– Չէ, ինքը գլուխ կհանի. երրորդ հատորն արդեն պատրաստ է։

Ռ. Սարյան.- Շատ գործ կա անելու, շատ գործ: Մենք հիմա ունենք Վարդուհուն, իմ աշխատակիցը, որ էլի գիտաշխատող է, անընդհատ շեղում են` էքսկուրսիա պետք է վարի եւ շատ հրաշալի է վարում, շատ գոհ են իրենից: Հա, բայց ասում եմ` կենտրոնացում է պետք. ես էլ անձամբ հյուրեր եմ ընդունում, էքսկուրսիա վարում, եւ Սոֆիան, եւ բոլոր մյուս գիտաշխատողները, ինչ անենք, եթե պետք է:

-Ու հիմա՞ էլ, այսինքն` այս ժամանա՞կ էլ շատ են այցելուները։

Ռ. Սարյան.– Լավագույն` 2019 թվականին 31 000 այցելու ենք ունեցել, իսկ այսօր՝ հասկանալի պատճառներով, ուրախ ենք, որ տարին կփակենք 20 000-ով: Իհարկե, մեր թանգարանի պոտենցիալը շատ մեծ է, եւ մենք կարող ենք շատ ավելի՛ այցելու ընդունել, եթե ունենանք բավարար քանակով աշխատակազմ. դա առանձին թեմա  է: Կա եւս մի խնդիր. դա մեր երկրի տուրիստական քաղաքականության շեղվածությունն է, որ բեւեռված է հիմնականում մեր եկեղեցիներ եւ հուշարձաններ այցելության վրա… Թանգարանները շատ են կորցնում այդ շեղվածությունից: Եվ դա գալիս է նաեւ կադրերի պատրաստման քաղաքականությունից: Մեր համալսարանի արվեստաբանության ֆակուլտետը պատրաստում է միմիայն միջնադարագետներ, ժամանակակից արվեստը գրեթե անտեսված է: Թողարկվում են մասնագետներ, ովքեր հետո պետք է նաեւ գիդեր դառնան եւ սպասարկեն մեր միջնադարյան ճարտարապետական կոթողների եւ հուշարձանների այցելություններն ապահովող երթուղիները: Ժամանակակից արվեստով զբաղվող արվեստաբաններ չկան. իմիջիայլոց, մեզ մոտ աշխատանքի են ընդունվում համալսարանի արվեստաբանական ֆակուլտետ ավարտածները եւ ասում են`եթե չգայինք Սարյանի թանգարան աշխատելու, չէինք իմանա, թե ինչ վիթխարի մեծություն ունենք, միայն Սարյանի ազգանունը գիտեինք, իրական պատկերացում չունեինք նրա արվեստի եւ նշանակության մասին…

-Երբ ուզում ենք որեւէ մեկի մասին կամ որեւէ խնդրի շուրջ գրել, շատ դժվարությունների ենք հանդիպում. էլեկտրոնային նյութերը քիչ են կամ չկան, թվայնացած չեն շատ բաներ, ինչ հղում էլ որ, ասենք, կա, շատ դեպքերում անհասանելի է։ Խնդիրն այն է, որ էլեկտրոնային նյութերի հասանելիության դեպքում մեկ կամ երկու օրում հնարավո՛ր է հոդված գրել, իսկ բազմաթիվ նյութերի ետեւից գնալ գրադարան, ուսումնասիրել այդ ամբողջը, բավականին ժամանակ է պահանջում… Հետաքրքիր է` նոր լույս տեսնող գրքերը կամ 150-ամյակի առթիվ նախապատրաստվող գործերը, արդյոք, թվայնացվելո՞ւ են, լինելո՞ւ է էլեկտրոնային տարբերակ, քանի որ ընթերցողները հիմա մեծ մասամբ էլեկտրոնային տարբերակից են օգտվում. ամեն դեպքում` ոնց որ մարդիկ սովորել են արագին. արագ գտնում են, արագ տեղեկանում…

Ռ. Սարյան.- Հիմա այդ գործի մեջ եմ, անդրադարձա իմ համակարգչի արխիվին եւ տեսա, որ թվայնացված չորս գիրք ունեմ, բայց չեմ տեղադրել համացանցում. ես հասկանում եմ ձեր ասածը եւ գիտեմ, որ դա պետք է արվի…

Թեգեր: Ավիկ ԻսահակյանմշակույթՌուսան Սարյան
Կիսվել4Tweet2Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք

Բախտավոր մանկագիրը, որ ժառանգեց 130 գիրք

Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից

Նրա ձայնը արձագանքում է մեր բարձրաբերձ լեռների պատերից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist