Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում եւ հարմարվողական հատկանիշների մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար: Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում, որն ուղղված է մարդկության առաջընթացի եւ համընդհանուր բարգավաճման համատեղ գործողություններին:
ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից «ՀՀ»-ն տեղեկանում է, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը ծրագիրն իրականացնում է Չինաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի հետ: Ծրագրի երրորդ գործընկերն է Ֆրանսիայի լավագույն գիտահետազոտական ինստիտուտներից ISVV-ն, որի հետ պլանավորված է 2022-ից սկսել ՀՀ-ում խաղողի ֆիլոքսերայի լայնածավալ ուսումնասիրություններ՝ վնասատուի գենոտիպավորումից մինչեւ մասնագետների վերապատրաստում։ Ծրագիրը կիրառական բնույթ է կրում եւ միտված է Հայաստանի խաղողի գենետիկական ռեսուրսների համապարփակ ուսումնասիրմանը, մասնավորապես՝ հարմարվողական հատկանիշների վերլուծությանը։ Հիմնական նպատակը տեղածին սորտերում եւ վայրի խաղողի գենոմում չորադիմացկունությունը պայմանավորող գեների հայտնաբերումն է, որը չափազանց կարեւոր է կլիմայի գլոբալ փոփոխության համատեքստում։
Ի դեպ, նկատենք, որ Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների ուսումնասիրության մեկնարկը տրվել է դեռեւս 2011 թ.՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Երեւանի պետական համալսարանի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանի նախաձեռնությամբ։ Ուսումնասիրություններն իրականացվել են մոլեկուլային-գենետիկական, այնուհետեւ՝ գենոմային մակարդակով։
Համաշխարհային խաղողի քարտեզին Հայաստանը, որպես խաղողի ծագման բնօրրանի, ճանաչելի դարձնելու նպատակով 2018 թ. ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ համատեղ ստեղծվեց ՀՀ խաղողի գենետիկական ռեսուրսների տվյալների առաջին բազան՝ «VITIS» (vitis.am) կայքը, որը կցված է եվրոպական «vivc.de» եւ չինական «vitisgdb. ynau.edu.cn» տվյալների բազաներին: Առաջին անգամ Հայաստանում ֆրագմենտային սեկվենավորման միջոցով գենոտիպավորվեցին 400-ից ավելի խաղողի նմուշներ, որոնց գերակշիռ մասը պահպանվում է ՀՀ խաղողի ազգային կոլեկցիոն այգում։ Այս արդյունքներն ստացվել են «Հայաստանի խաղողի գենետիկական ելանյութի բազմակողմանի բնութագրումը սելեկցիոն ներուժի բացահայտման նպատակով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի եւ Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի մասնակցությամբ։ Այժմ արդեն գենոտիպավորված են խաղողի շուրջ 1300 գենոտիպեր՝ ներառյալ վայրի խաղողի ավելի քան 200 նմուշ։
Ըստ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության՝ 2019 թ. Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միացավ «Whole genome sequencing of global Vitis accessions» (4K) (Vitis-ի գլոբալ նմուշների ամբողջական գենոմի սեկվենավորում) միջազգային մեգա-ծրագրին՝ Չինաստանի ԳԱԱ եւ Յունանի համալսարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակներում ամբողջ աշխարհից հավաքագրվել են խաղողի շուրջ 5000 տարբեր սորտեր եւ վայրի գենոտիպեր, որոնց ամբողջական գենոմն արդեն ռեսեկվենավորվել է։
Ըստ ծրագրի արդյունքների՝ ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում ընդգծեց ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինե Մարգարյանը, խաղողի հայկական պոպուլյացիայում հայտնաբերվել են գենոտիպեր, որոնք միջանկյալ ձեւեր են վայրի եւ մշակովի խաղողի միջեւ, ինչը չափազանց կարեւոր ֆենոմեն է էվոլյուցիոն տեսանկյունից կուլտուրականացման գործընթացն ուսումնասիրելու առումով։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2022 թ.։
Ո՞րն է այս ծրագրի վերջնանպատակը, ի վերջո, ի՞նչ է այն մեզ տալու։ Մեր հարցին ի պատասխան՝ ծրագրի գիտական խմբի ղեկավարը նշեց. «Մեր բոլոր նախագծերի վերջնանպատակը Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումն ու հարակայուն խաղողագործություն զարգացնելն է։ Պետք է նվազագույն մակարդակի բերել կամ բացառել թունաքիմիկատների կիրառումը եւ վերսկսել թիրախային սելեկցիոն աշխատանքները՝ ուղղված ռեզիստենտ սորտերի ստացմանը։ Վայրի խաղողը, որ հիմա կա Հայաստանում, համաձայն մեր ուսումնասիրությունների, որ գերմանական կողմի հետ ենք արել, ռեզիստենտ (կայուն) է մի շարք հիվանդությունների նկատմամբ։ Հիմա մեր խնդիրն է քարտեզագրել այն գեները, որոնք պատասխանատու են ռեզիստենտության համար»:
Գիտնականը վստահ է, որ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունն օժտված է այդ ներուժով, ինչն ունի «կարեւոր բնապահպանական եւ առողջապահական նշանակություն»։ Վայրի խաղողի ներուժն օգտագործելով՝ կարող ենք գնալ կանաչ (օրգանական) խաղողագործության ճանապարհով։