Հոգսաշատ ժամանակներ են, յուրաքանչյուր ոլորտ ունի իր խնդիրները, յուրաքանչյուր ոք ջանում է հաղթահարել դրանք, իր մտահոգությունները հասու դարձնել համապատասխան ատյաններին, գտնել լուծումներ: Այդ խնդիրների հաղթահարման նպատակով էլ երբեմն-երբեմն ստեղծվում են ընկերություններ, միություններ՝ իրենց շուրջ համախմբելով նույն մտահոգություններն ու նույն կարգավիճակն ունեցող մարդկանց:
Նման մի կառույց էլ կյանքի կոչվեց վերջերս՝ թոշակառուների միությունը: Միության նախագահ Վռամ Սարգսյանի հավաստմամբ՝ իրենց կարող են անդամակցել ցանկացող բոլոր թոշակառուները: Հասարակական հիմունքներով գործող միությունը նպատակ չունի զբաղվել քաղաքականությամբ, ջանալու է աշխատատեղեր ստեղծել կենսունակ եւ ակտիվ թոշակառուների համար, նյութական միջոցներ հայթայթելու, ինքնաֆինանսավորումն ապահովելու պարագայում՝ օգնության ձեռք մեկնել խիստ կարիքավոր ծերերին, օգնող ձեռք չունեցողներին, տնանկներին, գյուղաբնակ այն տարեցներին, ովքեր ունենալով մշակովի հողեր՝ չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսական մշակույթով եւ շահույթ ստանալ, հաջողության դեպքում՝ դրանից մաս հանել ծերանոցներին, մանկատներին, ինչու ոչ՝ հայոց բանակին:
Ըստ միության նախագահի՝ անհրաժեշտ է բարձրացնել ծերերի կենսաթոշակը, նրանց համար դեղամիջոցների գները պետք է զեղչվեն կիսով չափ, թոշակառուն պետք է կենսաթոշակն ստանա որտեղից իրեն ավելի նպատակահարմար է, չպետք է ոտնահարվեն այս խավի իրավունքները:
Միության նպատակներից մեկն էլ խորհրդարանում ազատ ունկնդրի կարգավիճակով ներկայացուցիչ ունենալն է, որպեսզի կարողանան բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին, ստանան աջակցություն:
Թոշակառուների միությունը հորդորում է կենսաթոշակի անցած արվեստագետներին, արհեստավորներին, լրագրողներին, լուսանկարիչներին՝ անդամակցել իրենց կառույցին, անկախ առաջացած տարիքից՝ վերստին լցվել կյանքով, աշխուժացնել նորաստեղծ միության առօրյան ու ծավալելիք գործունեությունը: Իսկ մինչ այդ, ինչպես նշում է կառույցի ղեկավարը, առաջնահերթ խնդիրները կարգավորելու համար իրենք կարիք ունեն հովանավորների:
Հուսանք, որ կգտնվեն այդպիսիք. չէ որ խոսքը մի ամբողջ կյանք հայրենիքին նվիրաբերած մարդկանց օգնության ձեռք մեկնելու մասին է եւ մի կազմակերպության, որի նպատակները բարի են ու ողջունելի…