Առնո Բաբաջանյան արվեստագետի 100-ամյակի առթիվ (հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստը ծնվել է 1921 թ. հունվարի 22-ին Երեւանում) տեղի են ունեցել եւ շարունակվում են տարբեր միջոցառումներ։
Դեկտեմբերի 2-ին «Երեւան ջազ ֆեստի» կազմակերպած համերգների շրջանակներում Երեւանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կայացավ համերգ՝ նվիրված հռչակավոր կոմպոզիտորի 100-ամյակին։ Բեմում՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, հանդես եկավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան)։ Մինչ համերգի սկսվելը՝ հաղորդավարը տեղեկացրեց, որ կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնց հեղինակն է դաշնակահար Վահագն Հայրապետյանը, եւ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակ Արմեն Սուքիասյանին ու բարերարներին, ովքեր օժանդակել են համերգի կայացմանը։ Տեղեկացրեց նաեւ, որ համերգին մասնակցելու համար հրավիրել են կոնտրաբասիստ Նիկոլայ Զակալովսկիին (Սանկտ Պետերբուրգ) եւ հարվածային գործիքների վարպետ Կարեն Քոչարյանին (Բոստոն)։ Համերգի ընթացքում առանձին եւ միասին հանդես եկան մենակատարներ Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրանո) եւ շեփորահար Դանիել Մելքոնյանը։ Դաշնակահար Վահագն Հայրապետյանը, ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով դահլիճում ներկա հանդիսատեսներին, գոհունակությամբ խոսեց կազմակերպիչների մասին, ովքեր աշխատել են նվիրումով. «Այս օրերին հեշտ չէ կազմակերպել նման համերգներ, բայց նվիրյալների շնորհիվ այսօր կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները»։
Առաջինը՝ «Առաջին սիրո երգի» կատարումով, հանդես եկավ Մավր Մկրտչյանը՝ մեծ ոգեւորություն առաջացնելով լեփ-լեցուն դահլիճում։ «Տղերքը, որոնք չկան» երգի անզուգական կատարումով հանդես եկան Մ. Մկրտչյանն ու Սոֆյա Սայադյանը։ Երգը հուզիչ էր, հոգեցունց։ Նաեւ այսօրվա մասին է գրված.
Չոր են դարձել աչքերը մոր,
Բայց շիրիմից անհայտ
Մեզ են նայում սիրով մի խոր
Տղերքը, որոնք չկան։
Հուզմունք ու տխրություն էր դահլիճում, մեծ արվեստագետի երգով հայրենիքի համար նահատակված տղերքը ոգեկոչվեցին։
Մեր հետքերով քայլում անտես,
Կյանքն են հսկում նրանք,
Մեզ դատավոր դարձան ասես
Տղերքը, որոնք չկան։
Հիրավի՝ այսօր մեզ դատավոր են դարձել մեր հազարավոր անմահ հերոսները, որոնք այլեւս չկան։ Դանիել Մելքոնյանին ներկայացնելիս Վ. Հայրապետյանը տեղեկացրեց՝ երիտասարդ շեփորահարը վերջերս Ռոստովում կայացած մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։ Առաջին կատարումը՝ «Սերենադ շեփորի համար»-ը, ոգեւորիչ էր, իսկ ահա «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը նորից հիշեցրեց Վիլյամ Սարոյանի հերոսին՝ հայրենի Շոտլանդիայից 5000 մղոն հեռու թափառող Ջասպր Մաք-Գրեգորիին. «1914 թվականին, երբ ես 6 տարեկան էի, մի ծերունի երեւաց մեզ մոտ Սան Բենիտո փողոցում. նա գնում էր զառամյալների տուն։ Ծերունին գնում էր փող փչելով ու մեկ էլ կանգ առավ մեր տան առաջ։ Ես բակից դուրս թռա մայթի վրա, որպեսզի ականջ դնեմ, բայց նա այլեւս չէր փչում։ Ես ասացի.
-Մի բան էլ նվագեք։ Ես շատ եմ ուզում լսել։
Իսկ նա ասաց.
-Երիտասարդ, մի բաժակ ջուր բերեք ծերուկիս, որի սիրտն այստեղ չէ, այլ լեռներում…»։
Այսօր բազում հայերի սիրտն է կորուսյալ հայրենիքի լեռներում։ Մեկ ժամից ավելի տեւեց մեծ հայի 100-ամյա հոբելյանի շրջանակներում կայացած ջազային մշակումներով համերգը, եւ նույնքան ժամանակ դահլիճում հուզմունք էր ու ոգեւորություն, ծափեր ու հիացմունքի խոսքեր։ Այսօր հայկական հեռուստաալիքները, չգիտես ինչու, քիչ են անդրադառնում նման երեւույթներին, եւ հաճելի է լինել մի դահլիճում, որը լցված է արվեստասեր հանդիսատեսով, իսկ բեմում իրական արվեստն է։ «Тополиный пух» երգը հնչեց Ս. Սայադյանի շուրթերից՝ նվագախմբի ուղեկցությամբ։ Հայ Առնոն կարողացել է ներկայացնել ռուսականը կատարյալ ձեւով։ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ավարտը հիշեցի. բոլորն շտապում էին, բայց անելիք չունեին, միայն հրաշալի երգն էր ներկայացնում իրավիճակը։ «Երեւանը»՝ սիրված կինոնկարից, Մ. Մկրտչյանի հիանալի կատարմամբ հնչեց դահլիճի ծափերի ներքո. շատերն էին երգում տասնամյակներ առաջ հարազատ քաղաքին նվիրված երգը։
Հնչեցին մեծ Առնոյի այլ ստեղծագործություններ եւս՝ «Արիա վոկալիզ», մեներգիչ՝ Ս. Սայադյան, «Верни мне музыку», «Սիրո երգ», մենակատար՝ Մ. Մկրտչյան, եւ այլն։ Համերգն ավարտվեց Առնո Բաբաջանյանին նվիրված «Հայա» ստեղծագործությամբ, որի հեղինակն է Վահագն Հայրապետյանը։ 3 մենակատար համատեղ կատարեցին այս հրաշալի ստեղծագործությունը՝ համեմված շեփորի հնչյուններով։