Սոչիի եռակողմ հանդիպումից հետո հնչած հայտարարություններից ակնհայտ էր, որ կողմերի միջեւ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Սակայն փոխվարչապետների մակարդակով մոսկովյան հանդիպման անավարտ մնալը փաստեց, որ դրանք խախտել է ադրբեջանական կողմը՝ կրկին առավելապաշտական պահանջներ ներկայացնելով: Սա է ապացուցում Իլհամ Ալիեւի վարքը: Սոչիում վերջինս տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը որակեց «տրանսպորտային երակներ» եզրույթով եւ ընդամենը երեք օր անց Աշխաբադում՝ Տնտեսական համագործակցության երկրների գագաթնաժողովում հնչեցրեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը:
Սոչիում հայտարարվեց նաեւ մեկ շաբաթ անց Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, որը չկայացավ Ադրբեջանի դիրքորոշման պատճառով՝ մոսկովյան հանդիպման արդյունքները չամրագրելու հետեւանքով: Հինգշաբթի օրն արդեն ռուսական կողմը հանդես եկավ դիվանագիտության խոսույթում հազվադեպ կիրառվող կտրուկ հայտարարությամբ: «Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում՝ հետագայում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով»,- իր ավանդական ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա շեշտեց, որ Սոչիում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ,եւ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել քայլեր կատարել կարգավորման ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց, որ քննարկումներն ընթացել են սահմանային վեճերի կարգավորման եւ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ:
Սոչիի հանդիպման եւ բանակցությունների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտության ֆոնին Ադրբեջանն սկսեց ՀՀ սահմանին հրադադարի խախտման ցուցադրական քայլերը: Վերջինիս զինված ուժերը հրադադարը խախտել են հայ-ադրբեջանական սահմանի միանգամից երկու ուղղությամբ՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի եւ Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի դիրքերի ուղղությամբ: Հայկական զինուժը պատասխան գործողություններով լռեցրել է հակառակորդին:
Միանշանակ է, որ Ադրբեջանն իր այս քայլերով փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա բանակցություններում իր համար շահեկան լուծումներ պարտադրելու նպատակով: Բաքուն 44-օրյա պատերազմից հետո շարունակում է զենքի ուժի դիրքերից խոսելու իր մարտավարությունը, որը, բնականաբար, չի կարելի կառուցողական որակել: Համաշխարհային դիվանագիտության առողջ տրամաբանությունը փաստում է, որ բանակցությունները հաջորդում են ռազմական գործողությունների դադարին, եւ դրանց ժամանակ քաղաքական գործիքակազմն է օգտագործվում, ոչ թե ռազմական:
Ադրբեջանը փորձում է քաղաքական բանակցությունների վրա ազդել ռազմական գործողությունների սպառնալիքով: Ակնհայտ է, որ սահմանային ապակայունացման դեպքերն ուղեկցվելու են ադրբեջանական զինուժի հերթական կորուստներով, բայց կարծես թե դա վերջինիս չի էլ հետաքրքրում: Դա, անշուշտ, սպասելի էր, քանի որ այս գործողությունների հետեւում «երեւում» են Թուրքիայի ականջները, իսկ վերջինիս համար 4-րդ սորտի թուրք որակված ադրբեջանցիների կյանքերը գրոշի արժեք չունեն՝ սեփական խնդիրները լուծելու համար: Այստեղ խնդիրն այն է, որ տվյալ բացարձակ ճշմարտությունը պետք է կարողանա գիտակցել պաշտոնական Բաքուն, եթե սուվերենության որեւէ նշույլ դեռ ունի:
Եթե Ադրբեջանը փորձում է սահմանազատումը եւ սահմանագծումը կապել երկու երկրների ինքնիշխան տարածքների ճանաչման հետ, ապա ծայրահեղական, ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերում, քանի որ տարածաշրջանում հակամարտության բուն հիմքը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը, լուծված չէ, ինչի մասին, բացի շահագրգիռ պետություններից, հայտարարել է նաեւ ողջ աշխարհը: Ավելին՝ 44-օրյա պատերազմից հետո արցախյան խնդիրն ավելի խորացավ, առաջ եկավ Արցախի օկուպացված տարածքների եւ բռնագաղթած 60 հազար արցախցիների հիմնահարցը:
Եթե Ադրբեջանը փորձում է Սյունիքում այսպես կոչված միջանցք պարտադրել, ապա դա նույնպես հնարավոր չէ, քանի որ դա Հայաստանի սուվերեն տարածքի եւ սահմանների խախտում կնշանակի: Հայաստանը հայտնել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մեջ շահագրգռված լինելու մասին, բայց դրանք պետք է լինեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում՝ մաքսակետերի միջոցով: Վերջին հաշվով՝ Ադրբեջանն արդեն մաքսակետեր է տեղադրել Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում: Եթե Բաքվին մտահոգում է մաքսատուրքերի հարցը, ապա երկկողմ համաձայնությամբ կարելի է դրանք նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես զրոյացնել:
Տարածաշրջանում միջնորդության կարեւոր առաքելություն ստանձնած Ռուսաստանը հորդորում է արագացնել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների իրականացման համար Սոչիում համաձայնեցված երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, ինչին խոստանում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ոչ մի տեղ չտանող սահմանային լարումներից խուսափելու համար Ադրբեջանը պետք է վերադառնա կառուցողական դաշտ, սթափ նայի իրականությանը, թոթափի իր վրայից Թուրքիայի եւ մյուս դաշնակիցների կողմից նվիրված «հաղթանակի» զգացողության բարդույթը՝ տարածաշրջանը ռազմական հերթական պայթյունից զերծ պահելու համար: