Մեր մի քանի հազարամյա պատմության ընթացքում միշտ էլ ստիպված ենք եղել պայքարել ոսոխի դեմ ու պաշտպանել մեր տունը, հողը, հայրենիքը, ինքնությունը, պատիվը։ 20-րդ դարավերջին հասանք հաղթանակի ու ազատագրեցինք մեր հայրենիքի Արցախ հատվածը եւ հարակից տարածքներ՝ պատմական Սյունիք ու Արցախ աշխարհներից։ Սակայն 2020 թ. սեպտեմբերին սկսված պատերազմում պարտվեցինք՝ կորցնելով հայրենիքի մի մասը ու հազարավոր կյանքեր՝ լույս հերոս-տղաների, որոնց մեծ մասը 21-րդ դարասկզբի սերունդն էր, ովքեր դարձան Անմահ հերոս ու ՈՍԿԵ ՍԵՐՄ։
Հաճախ եմ հիշատակել Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի մի դրվագ. «Մի տեղ պատրաստվում էին թաղել եկեղեցում մեռած երիտասարդին: Նրա պատկառելի հայրը՝ միշտ նույն հանգիստ կեցվածքով, նստած էր մեռածի կողքին: Նրա մոտ չոքած էր մայրը եւ մի ձեռը դրած սպանվածի սրտին՝ շարունակ նայում էր նրան: …Նրանք հողին հանձնեցին իրենց զավակը, կարծես բարեկամի պահ տվին մի թանկագին ավանդ. մի բարեկամի, որի վրա կատարելապես վստահ են, որ կամեցած պահին կվերադարձնի ավանդը։ …Նրանք զոհվում են առանց աղմուկի եւ պահանջի: Նրանք քաջարի են…»։ Սա մեր ժողովրդի հարատեւության մասին է խոսում։ Արցախյան վերջին պատերազմում էլ թշնամու դեմ մարտերում «Վարդանանքի» հերոսի նման հազարավոր հայ զինվորներ մարտիրոսվեցին՝ պաշտպանելով հայրենի հողը, եւ նրանց հայրենի հողն ընդունել է որպես թանկագին գանձ, ոսկե սերմ, եւ հավատում ենք՝ վերածնվելու են։
Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնում դեկտեմբերի 9-ին հուշ- երեկո էր։ Զեյթունի «Հուսո տուն» ՀԿ տնօրեն Մովսես Պողոսյանի հետ մասնակցեցինք երեկոյին։ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն այս տարվա ապրիլից սկսել է «Հարգանքի եւ երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը՝ համագործակցելով Երեւանի պետական համալսարանի հետ։ Որոշվել է կրթամրցանակ սահմանել մայր բուհի նահատակ տղաների անուններով եւ շնորհել այն ուսանողներին, ովքեր կհամապատասխանեն միացյալ հանձնախմբի (դեկան, դասախոսներ, փորձագետներ, նահատակ տղաների ծնողներ, հարազատներ եւ այլք) որոշած չափորոշիչներին՝ առաջադիմություն, նորարար միտք, քաղաքացիական հանձնառություն եւ այլն։ Մրցույթն անցկացվել է արեւելագիտության, հայ բանասիրության, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի ու պատմության ֆակուլտետների ուսանողների միջեւ: Մինչ մրցանակակիրներին որոշելը՝ նախապես ընտրվել են ԵՊՀ այն անմահ հերոսները, որոնց անուններով կսահմանվեն կրթամրցանակները։
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը տեղեկացրեցմ, որ այս ծրագրի նպատակն է ոչ միայն արձանագրել Արցախյան գոյամարտի ընթացքում զոհված հերոսների սխրանքները, այլեւ իրենց կյանքը հայրենիքին նվիրած քաջորդիների անունները շաղկապել հայոց երկրի կրթության եւ գիտության առաջընթացի գաղափարին, հաճախակի անդրադառնալ նրանց կենսագրությանը։ Եվ այս նպատակով համագործակցում են ՀՀ տարբեր բուհերի հետ՝ իմանալու Արցախյան վերջին պատերազմում մարտիրոսված ուսանողների մասին, փառաբանելու նրանց սխրանքները։ ԵՊՀ 5 ֆակուլտետներից կրթամրցանակ է տրվելու պատմության, հայ բանասիրության, կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ արեւելագիտության ֆակուլտետներից անմահացած հերոսների, համապատասխանաբար՝ Վահագն Թումասյանի, Վարդան Ամալյանի, Ռուբեն Համբարձումյանի, Էրիկ Գեւորգյանի եւ եզդի հերոսների հիշատակներին։ Ա․ Պետրոսյանն առանձնակի նշեց եզդի հերոսների մասին, ովքեր մարտնչել են Արցախի համար, եւ կան նահատակներ։ Հույս հայտնեց, որ յուրաքանչյուր կիսամյակ կհնչեն հերոսների անունները, եւ նրանց անվամբ կրթամրցանակները կտրվեն արժանավորներին։
Երեկոն սկսվեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության գնդերեց տեր Վարազդատ քահանա Նաջարյանի ելույթով, ով նշեց, որ Արցախյան վերջին պատերազմը շատ բան է փոխել մեր կյանքում։ «Եթե դեռ մեկ տարի առաջ, երբ չկար պատուհասը՝ պատերազմը, եւ այսքան տղաներ իրենց կյանքը չէին խոնարհել հանուն հայրենիքի, մենք շատ-շատ բաների համար էինք աղոթում, հիմա աղոթում ենք այն փխրուն խաղաղության համար, որն այսօր կա Հայոց աշխարհում։ Աղոթում ենք մեր անմահ հերոսների հոգիների հանգստության, մեր բանակի հզորացման, սահմանի զինվորի անփորձանք ծառայության համար։ Այսօր էլ՝ Աստվածամոր տոնին, եկեղեցում ընդհանրական աղոթք արեցինք նույն նպատակով։ «Ավետարանում» ասված է՝ մինչեւ ցորենի հասկերը չընկնեն հողի մեջ ու չմեռնեն, նոր ծիլեր ու հասկեր դուրս չեն գա»։ Այս պատգամն ուղիղ համեմատական է մեր տղաների հետ,- ասաց հոգեւոր հայրը՝ հավելելով,- Մենք պարտավորություն ունենք հերոսների հանդեպ՝ գոնե այժմ իրար չդավաճանենք, լինենք միասնական, սիրենք մեր երկիրը։ Նրանք մեզ բարոյալքություն չեն կտակել։ Եռաբլուրից նրանց հայացքները մեզ են ուղղված եւ մեզանից պահանջում են՝ ամեն մեկս ամուր կանգնենք հայրենի հողի վրա եւ իրենց արյամբ սրբացած հողը շենացնենք, երկիրը հզորացնենք»։ Խոսքը Տերունական աղոթքով ավարտեց հայ եկեղեցու ներկայացուցիչը։
ՀՀ եւ ԵՊՀ օրհներգերի կատարումով հանդես եկավ ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան, գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան)։ Եղավ լռության րոպե։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց նման միջոցառումները, որոնք առիթ են միշտ հիշելու այն տղաներին, ովքեր անմահացան, որ մենք ապրենք։ «Ես մեր ուսանողներից պահանջում եմ՝ տղերքը զոհվեցին՝ պաշտպանելով հայրենիքը, իսկ դուք պետք է լավ սովորեք, կրթվեք, ամեն օր նորն ուսանեք»,- ասաց Հովհ. Հովհաննիսյանը եւ կարեւորեց մեր միասնությունը, որ միասնաբար պետք է շենացնենք երկիրը։ «Այժմ գտնվում ենք մայր համալսարանում, որն ամենամեծն է ուսանողների թվով, որն ամենօրյա ռեժիմով տալիս է կրթություն։ Սակայն առանց բարեկրթության կրթությունը ոչինչ է։ Երկուսը մեկ տեղում պետք է լինեն»,- խոսքը շարունակեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը եւ գոհունակություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին։ Կարեւորեց, որ կրթաթոշակներից մեկը տրվում է մեր եղբայր եզդի հերոսների անուններով։ Առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանին, ով 2 կրթաթոշակ կրկնապատկել է։ Դիմելով այդ կրթամրցանակն ստացող ուսանողներին՝ Հովհ. Հովհաննիսյանն ասաց. «Դուք ամենօրյա ռեժիմով պետք է հիշեք, որ կրում եք տվյալ մարդու, տվյալ հերոսի անվան կրթաթոշակի բարձր կոչումը եւ էլ ավելի բազմապատկեք ձեր ջանքերը սովորելու ուղղությամբ: Միայն դրանով կկարողանաք վերադարձնել այն, ինչ ձեզ տրվել է»։
Իր ելույթում «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը տեղեկացրեց, որ բացի 4 հերոսների եւ եզդիների ծնողներից, հարազատներից, դահլիճում են անմահ հերոս այլ տղաների ծնողներ եւս, որոնց հետ նույնպես համագործակցում են։ Անդրադարձավ ծրագրի սկզբին. կրթամրցանակների գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնադրամի կամավոր աշխատող Էրիկ Գեւորգյանի զոհվելուց հետո, որի անվամբ կրթամրցանակ է շնորհվել ֆիզիկայի ֆակուլտետում: Իսկ մրցանակը ենթադրում է յուրաքանչյուր կիսամյակ 200 հազար դրամի չափով աջակցություն տրամադրել ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի այն բակալավրին կամ մագիստրոս ասպիրանտին, որի տվյալները կհամապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Այնուհետեւ ծրագիրն ընդլայնվել է։ «Չի կարելի այս պայքարի երիտասարդների անունները սեւ սգով հիշել. նրանք պայծառ, լուսավոր աստղեր են, եւ ուրիշ ի՞նչ, եթե ոչ կրթամրցանակներ: Իսկ նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում եղել է պարզապես փայլուն մասնագետ: Անվերջ կարելի է թվարկել յուրաքանչյուրի սխրանքը: Նրանք հենց այն սերմերն են, որոնցից ծլարձակելու են մեր հավատը, հույսը, սերը, եւ փոխադարձ հարգանքը: Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»,- Էրիկ Գեւորգյանի խոսքով ելույթը եզրափակեց Ա. Պետրոսյանը։
Հետախույզ, փոխգնդապետ Վահագն Թումասյանը Ջրականում (Ջաբրայիլ) փրկել է 82 զինվորականի կյանք: Մարտական բարձր պատրաստվածությամբ ու առանց մեկ րոպե հետ նայելու ճեղքել է թշնամու զորքն ու շրջափակումից հերթով հանել նրանց, նստեցրել «Ուրալն» ու դուրս բերել: Հերոսական արարքից օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, Վահագնն իր ջոկատին թողել է ու մենակ գնացել հերթական կարեւոր առաջադրանքը կատարելու, որտեղ զոհվել է թշնամու հրթիռակոծության հետեւանքով: Նրա հետ միասին ընկել է նաեւ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Վահագն Ասատրյանը: Երեկոյի ավարտից հետո զրուցեցի Վահագնի հոր՝ Արամի հետ։ Ասաց՝ թշնամու լեզուներին տիրապետող որդին առաջինն է հայտնաբերել, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կռվում են նաեւ Սիրիայից վարձկաններ. նրանցից վերցրել է բոլոր փաստաթղթերն ու ապացույցներ հավաքել: Վահագն Թումասյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի: Ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, որտեղ հերոսի անունով լսարան է բացվել։ Վահագնը ծնունդով Աբովյանից է: Տեղի դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, համատեղ ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Սովորել է նաեւ Հունաստանի, Չինաստանի, Ռուսաստանի ռազմական ակադեմիաներում։ Հերոսի հայրը ասաց, որ իրենց զավակները նահատակվեցին հանուն հայրենիքի փրկության եւ դարձան անմահ հերոսներ, իսկ իրենք ամեն օր են «մեռնում» զավակների կարոտից:
Վարդան Ամալյանը ծնվել է 2001 թ. հունվարի 18-ին, Երեւանում։ Երգիչներ Դավիթ եւ Արմինե Ամալյանների անդրանիկ որդին էր: Ժամկետային զինծառայող Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր 2020 թ. նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում: Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի: Դավիթ Ամալյանն ինքն էլ Արցախյան ազատամարտի մասնակից է։ 1990-1994 թթ. ծառայել է «Ազգային լեգեոն» ջոկատում։ 11-12 տարեկանում Վարդանն ստեղծագործել է։ Բանակ է մեկնել ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսից։ «Անըմբռնելի է ու առեղծվածային, թե 11 տարեկան տղուկն ինչպես կարող էր այսքան հասուն գրիչ ունենալ, միտքը չափ գցել՝ հասկանալու արարչագործության հրաշքը, լինել անաչառ-ինքնաքննադատ, տիրապետել հումորի հասունության նրբերանգներին, թրծված սցենարիստի հմտությամբ կադրային մտածողություն դնել պատմվածքների մեջ, լինել խոհուն փիլիսոփա ու քննախույզ հոգեբան… Գրել այս պատմվածքներն ու կարճ շալվարով իջնել բակ՝ գնդակ տշելու։ Եվ կատարյալ լինել ֆուտբոլում ու մյուս սպորտաձեւերում էլ, հավասարապես նաեւ՝ քուչի հարաբերություններում, ընկերների հետ, բանակում, մարտում ու նույնիսկ մահվան պահին՝ իր պաշտելի Շուշին ազատագրելիս…»,-այսպես ներկայացրեց Վարդանին Ա. Պետրոսյանը։ Վարդան Ամալյանի մայրը՝ Արմինե Ամալյանը, որդու անմահանալուց հետո առաջին անգամ բեմ բարձրացավ եւ երգեց «Կարոտ» երգը:
Էրիկը, ով եղել է ֆիզիկայի ֆակուլտետի լավագույն ուսանողներից մեկը, պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո եւ իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։ Էրիկը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսանելուն զուգընթաց, սովորել է նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ա. Պետրոսյանի խոսքերով՝ Էրիկն ԱՄՆ մեկնելու, տարկետումից օգտվելու հնարավորություն է ունեցել, կարող էր բանակ ավելի ուշ գնալ, սակայն իր հետ զրույցներից մեկում ասել է՝ «ուրիշ ով, եթե ոչ ես»: Էրիկի ընկեր Նարեկ Ավագյանի խոսքերով` նա մեծ գիտնական կարող էր դառնալ, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ, եւ այսօր նրա հրամանատարության տակ եղած զինվորները մշտապես կապի մեջ են ծնողների հետ, նրա նահատակվելու տեղում հուշարձան են կանգնեցրել։ «Նա երբեք հետ քայլ չէր անում, ամեն ինչ ճիշտ էր անում»,- խոսքն ավարտեց Նարեկը։
Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող, Արիության մեդալի ասպետ, ավագ հետախույզ Ռուբեն Համբարձումյանը ծնվել է 2001 թ. Երեւանում։ Բանակ է մեկնել ԵՊՀ-ում ուսանելիս։ Հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ դարձել է հետեւակային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող, եւ նրա օգնությամբ ոչնչացվել են թշնամու կենդանի ու տեխնիկական ուժեր։ Զորամասի հրամանատարի կողմից ստացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանը։ Մարտերի ընթացքում ստացել է կոնտուզիա, սակայն ապաքինվելուց հետո վերադարձել է ճակատ եւ շարունակել իր ծառայությունը հայրենիքին։ 2020 թ. հոկտեմբերի 22-ին հերոսաբար զոհվել է Արցախի Մարտունու շրջանում։ Ռուբենի մայրը՝ Աննա Բարսեղյանը, ասաց, որ իրենք ազգակցական կապ ունեն Վիկտոր Համբարձումյանի հետ, եւ պատահական չէ, որ Ռուբենը լավ բնագետ էր։ Մայրը մարտական ընկերներից է իմացել, որ որդին հերոս է, բազում մարտերի է մասնակցել, փրկել ընկերներին։ «Բոլորի համար հերոս է, բայց ինձ համար որդի, ում կորցրեցի ես»,- ասում է հերոսի մայրը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր՝ նվիրված հերոսներին, եզդի համայնքի կամավորներին։ «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ նախագահ Սայիդ Ավդալյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան բոլոր պատերազմներում եզդիների մասնակցությանը՝ նշելով, որ հայերն ու եզդիները եղբայր ազգեր են, եւ Հայաստանի, Արցախի պաշտպանությունը նաեւ եզդիների պարտքն է։ Նշեց՝ Արցախյան առաջին պատերազմին մասնակցել են մոտ 500 եզդի, 45-ը նահատակվել են։ 2016-ին 3 նահատակ եզդիներից Քյարամ Սլոյանը կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորներից էր, ով Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի հետ չենթարկվեց հրամանատարի նահանջի հրամանին եւ մնաց հրամանատարի հետ, ու միասին անմահացան նույն խրամատում։ 44-օրյա պատերազմում եզդիները մոտ 100 կամավորականներ ուղարկեցին առաջնագիծ։ Ջոկատը կոչվում էր Քյարամ Սլոյանի անունով։
Անմահ հերոսների մասին խոսեց նաեւ Գուրգեն Մելիքյանը, քրդերեն մի խոսք ասաց եւ թարգմանեց. «Ես այն չեմ, որ պատերազմի մեջ կտեսնես իմ մեջքը, ես այն եմ, որ հողի մեջ կտեսնես իմ արյունն ու գլուխը»։ Այսինքն՝ տղաները չփախան կռվի դաշտից, մնացին, կռվեցին հերոսաբար, ու շատերն անմահացան։ Եվ նրանց մասունքները մեզ ուժ են տալիս եւ հետագայում ավելի են օգնելու։ Այս առումով անդրադարձավ Աղձքի դամբարանին, որտեղ թաղված են հայ արքաների մասունքները։ Շնորհակալություն հայտնեց հերոսների ծնողներին, որ ազգին նման տղաներ են պարգեւել։ Ընթացքում իրենց մրցանակներն ստացան մրցույթում հաղթած ուսանողները։ Ֆինանսական հարցում կազմակերպիչներին օժանդակել են սփյուռքի մեր հայրենակիցները, այլ բարերարներ։ Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց ԵՊՀ մշակութային խմբերի ելույթներով եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի խոսքով.«44-օրյա պատերազմում նահատակցած հերոսներից մենք պետք է սովորենք ապրել եւ ամուր պահել մեր հողն ու հայրենիքը»: