Հայոց երկրի ցանկացած տարածք հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնք ստեղծվել են վաղնջական ժամանակներից, գոյատեւել դարեր, հազարամյակներ եւ հասել մեր օրերը։
Հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Լեւոն Մկրտչյանի հետ մի քանի տարի շարունակ շրջել ենք Արցախի տարբեր տարածքներում, hատկապես՝ Քաշաթաղի շրջանում եւ ուսումնասիրել հայոց պատմամշակութային հուշարձանները, հնավայրերը, ամրոցներն ու ամրոցատեղիները, բնակատեղիները, դամբարանադաշտերը։ Այդ ընթացքում հայտնաբերել ենք նաեւ նոր ամրոցներ ու այլ հուշարձաններ։ Ցավոք, եղավ արցախյան վերջին պատերազմը, եւ այսօր անհնար է դարձել շարունակել մեր հնագիտական աշխատանքները Քաշաթաղում ու Քարվաճառում, Հադրութում… Այժմ հնագետներն աշխատում են ՀՀ տարածքում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հուշարձանների պահպանության բաժնի ավագ մասնագետ, հնագետ Լեւոն Մկրտչյանն այժմ շարունակում է իրականացնել ՀՀ պատմության ու անշարժ հուշարձանների ցանկում առկա եւ նորահայտ հուշարձանների քարտեզագրումը (աշխարհագրական տեղեկատվական համակարգով՝ GIS), թվայնացումը եւ եռաչափ մոդելավորումը։ Վերոնշյալ ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետի տեղակալ Տարոն Մանուկյանի ուղեկցությամբ օրերս եղանք այս մարզում։ Լեւոնը դրոնով նկարահանումներ կատարեց Ոսկեհատի եւ Լեռնամերձի գյուղական համայնքների միջնամասում գտնվող տարածքում պահպանված «Սրբազան լանդշաֆտում»։ Այստեղ մի քանի տասնյակ հեկտար տարածք ծածկված է բրոնզ-երկաթ դարաշրջանների բնակատեղիներով, աշտարակներով, դամբարաններով, այլ հուշարձաններով։ Նկարահանումներից հետո Լեւոնն ասաց. «Սրբազան լանդշաֆտի յուրօրինակ դրսեւորում է Ոսկեհատի եւ Լեռնամերձի միջնամասում գտնվող տարածքը, որը վաղուց առանձնակի ուշադրության եւ առավել մանրամասն ուսումնասիրության առարկա է Հայաստանի բրոնզ-երկաթ դարաշրջանների աշտարակատիպ շինությունների, համընդհանուր ուսումնասիրության թեմայի շրջանակներում, որն իրականացվում է իմ կողմից։ Այն բազմաթիվ մեգալիթյան աշտարակների եւ դոլմենատիպ կառույցների, առանձին կանգնած դամբանաթմբերի եւ դամբանախմբերի մի մեծ համալիր է, որոնց ստորոտները ծածկված են ժայռապատկերներով։ Գ. Սարգսյանի եւ Տ. Մանուկյանի հետ միասին տարածքում կատարեցինք հուշարձանների թվայնացման եւ եռաչափ մոդելավորման աշխատանքներ։ Կատարված աշխատանքը վերաբերեց հսկայական համալիրի միայն մի մասին, որոնք նորից կշարունակվեն առաջիկայում»։
Մեգալիթյան աշտարակները պահպանվել են արդեն քանդված վիճակում, սակայն դեռ պատմում են։ Դրանք, ըստ հնագետների, կապված են թաղման հնագույն ծեսի եւ պատկերացումների հետ։ Հավանաբար, ծառայել են որպես հարթակ՝ մահացածներին վերակենդանացնելու նպատակով։ «Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի են ավելի քան 200 նմանատիպ շինություններ, որոնք տեղադրված են ամենատարբեր լանդշաֆտային գոտիներում, սակայն հիմնականում՝ նախալեռնային եւ լեռնային գոտիներում: Ժողովրդական հավատալիքներում աշտարակներն ու աշտարակատիպ կառույցները հաճախ կապվում են հսկաների, հերոսների կամ հերոսացված նախնիների հետ։ Հատկանշական է, որ նույն մեկնաբանությունը ստանում են նաեւ այլ երկրներում գտնվող աշտարակատիպ կառույցները»։ Այս մասին հետաքրքիր հիշատակություն է թողել 5-րդ դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդը «Հայոց պատմություն» գրքում. «Երբ Մուշեղ սպարապետի մարմինն իր տունը, իր ընտանիքի մոտ տարան՝ ընտանիքը նրա մահվանը չէին հավատում, թեպետ եւ տեսնում էին գլուխը մարմնից զատված։ Նրանք ասում էին. «Սա անթիվ անգամ կռիվների մեջ էր, ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ սրան չէր դիպել եւ ոչ մի ուրիշ զենքով սա չէր խոցվել»։ Իսկ ոմանք էլ հույս ունեին, թե նա կկենդանանա. ուստի գլուխը կարելով կցեցին իրանին եւ հանեցին մի աշտարակի երդիկը դրեցին` ասելով. «Որովհետեւ քաջ մարդ էր՝ առլեզները կիջնեն ու սրան կկենդանացնեն»։ Պահապան դրին եւ սպասում էին նրա հարությանը, մինչեւ որ մարմինն սկսեց նեխվել։ Ապա աշտարակից վար իջեցրին, լացին ու թաղեցին, ինչպես կարգն էր»։
Գագիկ Սարգսյանի հետ շրջեցինք հնավայրի տարածքում, ուսումնասիրեցինք նաեւ այսպես կոչված սրբացված ժայռերը, որոնք լայն դաշտում առանձնակի ուշադրություն են գրավում։ Վաղ ժամանակներում մարդիկ այս ժայռերն օգտագործել են պաշտամունքային նպատակներով։ Թեպետ դրանք բնական ժայռեր են՝ հրաբխի արդյունք, բայց ունեն կառուցապատումներ, աստիճանաձեւ հարթակների մնացորդներ եւ քարաշարերով կապված են նույն տարածքի աշտարակների եւ խոշոր դամբարանների հետ։ «Սրբացված ժայռ-հարթակները, լինելով բնական ելուստներ (որոշները` թեթեւ միջամտությամբ ձեւափոխված), ըստ էության, կարող են հեռավոր կապ ունենալ նաեւ պորտաքարերի հետ։ Նմանատիպ հուշարձանները, որպես տեսակ, կարող ենք ասել, որ նորություն են եւ չեն տարանջատվել դասական աշտարակներից, որոնք սնամեջ են, ունեն խցեր։ Այս հուշարձաններից, բացի Լեռնակերտ-Ոսկեհատ տարածքից, հավաստվել են Այգեշատում, Ոսկեթասում, Կաքավաձորում եւ այլուր։ Առաջիկայում առանձին հոդվածով անդրադառնալու եմ այս եզակի հուշարձանի ենթատեսակին»,- ասաց Լ. Մկրտչյանը։
Այստեղ՝ Լեռնամերձի տարածքում, որի բարձրությունը ծովի մակերեւույթից չի անցնում 1000 մետրը, կան բազում ժայռապատկերներ, որոնք հիմնականում կենդանիների նկարներ են։ Տարբեր չափերի քարերի վրա են պատկերները։ Սրբացած ժայռաբլրակի վրա է ժայռապատկերներից մեկը՝ կլորավուն վերնամասով։ Բարձրությունը՝ մոտ 90 սմ, լայնությունը՝ 110 սմ։ Մեկ այլ քարի վրա եղջերու է պատկերված՝ այլ կենդանիների հարեւանությամբ։ Անցել է 4000 եւ ավելի տարի, պատկերը մնացել է… Քարերից մեկը, հնարավոր է, տեղեկատվական նպատակով է պատկերվել։ Եթե եղած բոլոր ժայռապատկերները թեթեւակի խազերով են քարերի փայլուն երեսներին, սա ունի խոր փոսորակներ, գծապատկերներ։ Մեկ այլ քարի վրա կարծես գազանանոց են պատկերել՝ գալարուն օձ, այծեր, այլ կենդանիներ։ Կարծում եմ՝ հնագետները պետք է առավել մեծ ուշադրության արժանացնեն նաեւ ժայռապատկերները, գրանցեն, կազմեն տարածքի քարտեզը։ Եվ ամենակարեւորը՝ նույն հնավայրի տարածքում գործում են քարհանքեր եւ ավազի ու խճաքարի արտադրամասեր, որոնք չպետք է խաթարեն հնավայրերը։