Առանց նախապայմանների հարաբերությունների վերսկսման Հայաստանի առաջարկը կարծես թե ընկալվել է Թուրքիայի ներկայիս ղեկավարության կողմից: Վերջին կես տարում Հայաստանի հետ տնտեսական-քաղաքական փոխգործակցություն վերսկսելու մասին Էրդողանի եւ Չավուշօղլուի նախապայմաններով համեմված հայտարարություններին օրերս հետեւեց, թերեւս, նման ոչ կառուցողական տարրեր չպարունակող առաջին հայտարարությունը: Թուրքիայի խորհրդարանում երկրի ԱԳ նախարարության բյուջեի քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայաստանն ու Թուրքիան հատուկ բանագնացներ կնշանակեն, որոնք կքննարկեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Վերջինս նաեւ չանտեսեց իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին՝ ասելով, որ Անկարան Բաքվի հետ կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իր քայլերը։ Նա խորհրդարանին նաեւ տեղեկացրել է, որ երկրները կվերսկսեն չարտերային թռիչքները Ստամբուլի եւ Երեւանի միջեւ։
Հայ-թուրքական վերսկսվող հարաբերություններում Ադրբեջանի գործոնի հիշատակումը, թերեւս, կարող է մեկ բացասական միտում ունենալ, այն է՝ որպես հարաբերությունների վերսկսման պայման բանակցային սեղանին Թուրքիայի կողմից ադրբեջանական շահերի լոբբինգը: Եթե Անկարան նման քաղաքականություն որդեգրի, ապա դա կնշանակի նույն նախապայմաններով երկխոսելու տարբերակը, իսկ այդ տրամաբանության ներքո Թուրքիային ուղղված հայկական կողմերի նախապայմաններն անհամեմատ ավելի ծանրակշիռ ու հիմնավոր կլինեն: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ Հայաստանը մեծ խանդավառությամբ է բացում իր տնտեսության դռները Թուրքիայի բազմապատիկ մեծ տնտեսական շուկայի առաջ: Այստեղ հավանականությունը մեծ է, որ այն շատ արագ կկլանի հայկական տնտեսությունը, եթե մեր կողմից մինչեւ սահմանների բացումը համապատասխան մեխանիզմներ չներդրվեն: Մեր աչքի առաջ են Սիրիայի եւ Լիբանանի օրինակները, երբ Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների սերտացման հետեւանքով այդ երկրներում որոշ արտադրություններ կանգ առան՝ չկարողանալով դիմակայել թուրքական էժան, թեկուզ եւ անորակ արտադրանքի ներխուժմանը: Սրանք հարցեր են, որոնք այսօր հուզում են հայ տնտեսավարողներին եւ քաղաքացիներին:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերսկսման տնտեսական բաղադրիչի խնդիրների շուրջ «ՀՀ»-ի հետ զրույցում իր կարծիքն արտահայտեց ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը:
-Կա ըմբռնում, գիտակցում, ընկալում այն բոլոր հարցերի շուրջ,- ասաց նա,- որոնք վերջին տարում եւ մի քիչ ավելի երկար ժամանակահատվածում հասարակության բուռն քննարկման առարկա են դարձել: Կան նաեւ աքսիոմատիկ ճշմարտություններ, որ ավելի լավ է ապրել բաց, ազատ, քան փակ, կաղապարված, քանի որ այսօր ընդհանրապես աշխարհը թույլ չի տալիս ունենալ փակ տնտեսություններ: Մեր պարագայում տնտեսության կեսն արտահանման ու ներմուծման վրա է կառուցված, եւ մենք պետք է կարողանանք ՀՆԱ-ի՝ փաստորեն, կեսի չափով այդ չափաբաժինն իրականացնել հնարավորինս փոքր ծախսերով: Տվյալ նպատակադրումն ակներեւ վկայում է այն մասին, որ լոգիստիկ խնդիրների լավագույն լուծումը, տարբեր հաղորդակցությունները, բաց հնարավորությունները միայն նպաստավոր են լինելու: Այս հարցում առարկություն չկա: Բայց կարեւոր է դրա գինը՝ այսպես կոչված բաց հաղորդակցությունների գործարկումն ի՞նչ ձեւով է իրականացվելու, ի՞նչ հնարավոր զիջումների վրա է կառուցվելու, արդյունքում մենք այդ բալանսում ի՞նչ ենք ունենալու: Տնտեսությունում, հասարակությունում պետք է մի քիչ ավելի լայն կաղապարով նայել այս ամեն ինչին, որովհետեւ պարփակվել միայն բեռնափոխադրումների ծախսումներով, ըստ իս, ընդունելի չէ: Խնդրի լուծումը շատ խորքային է, ինչպես ես պնդեցի, պետք է «բացվել», բայց պետք է գտնել հնարավոր այլընտրանքային այն ճանապարհները, որոնք քիչ կորուստներ կբերեն մասնավորապես արտաքին առեւտրաշրջանառության եւ այլ խնդիրների առումով:
-Պետությունն արդյոք պե՞տք է օրենսդրական գործիքակազմով համապատասխան մեխանիզմներ ներդնի՝ հայկական արտադրությունը պաշտպանելու համար:
-Բնականաբար, ազատական տնտեսական կողմնորոշում ունեցող սուբյեկտի համար հարիր չէ հովանավորչական քաղաքականության ողջ գործիքակազմի կիրառումը, բայց այստեղ պետք է գտնել օպտիմալ համակցությունն այն արգելքների համար, որոնք հնարավորություն կտան, որ այսօր արտաքինը չներխուժի՝ դուրս շպրտելով այն ավանդական առավելությունները, որոնք ունեցել ենք, օրինակ՝ արտահանման առումով: Ես կոնկրետ օրինակ բերեմ՝ գյուղատնտեսության, անասնապահության բնագավառում շատ զգայուն պետք է լինենք, կարողանանք չափել, հավասարակշռել էժան լոլիկի, բաճկոնի արտադրությունները, թե ինչպես պետք է կարողանանք այն փոխհատուցել մեր արտադրողականության բարձրացմամբ, նոր տեխնոլոգիաների ներդրմամբ եւ այլն: Եթե դրանք հավասարակշռվեն, ապա խնդիր չեմ տեսնում:
-Իսկ Հայաստանի տնտեսությունն ունի՞ հավասարակշռելու այդ ներուժը:
-Միանշանակ այդ ներուժն ունենք, միայն պետք է դա գործադրել: Ես ինքս եղել եւ մնում եմ մեր երկրում ու տարածաշրջանում տնտեսական հեղափոխության գործարկման գաղափարախոսներից մեկը, բայց այդ հարցերի քննարկումը չպետք է պարփակվի զուտ տնտեսագիտական պարկուճում: Այն եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքագիտական, եւ՛ իրավական ու այլ առումներ ունի, ինչը պետք է ամբողջության մեջ դիտարկել: