Պատմական իրադարձությունների խեղաթյուրումները, ճշմարտացի շարադրմանն ուղղված ոտնձգությունները, ինչպես նաեւ պատմամշակութային հուշարձանների պահպանությունը պակաս խոցելի չեն նաեւ մեր օրերում: Հաճախ միջազգային կոնվենցիաներն ու համապատասխան կառույցները ի զորու չեն տեր կանգնելու պատմության նկատմամբ անաչառության ապահովմանը։ Այս մասով ամենամեծ հարվածը զգացել եւ շարունակում է զգալ հայ ժողովուրդը, որի պատմությունը բազմիցս խեղաթյուրվում է, վերաշարադրվում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, վերագրվում այլ ազգերի եւ ժողովուրդների։
Պատմության, մշակույթի եւ արժեքների պահպանությանն ուղղված մարտահրավերները քննարկվել են օրերս՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 5-րդ նախարարական հանդիպման շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն իր ելույթում կարեւորել է հին քաղաքակրթությունների մշակութային ժառանգության պաշտպանությունը եւ այն ապագա սերունդներին հաղորդակցության ու համագործակցության միջոցով փոխանցելու հնարավորությունը։ «Էթնիկ կամ կրոնական անհանդուրժողականության պատճառով մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտների միտումնավոր ոչնչացման դեպքերն աստիճանաբար ավելանում են, եւ հնագույն քաղաքակրթությունները ներկայացնող մշակութային արժեքները հատկապես վտանգված են նրանց կողմից, ովքեր այդ արտեֆակտներն ու դրանց հետեւում գտնվող պատմությունը համարում են սպառնալիք»,- ասել է Գեւորգյանը՝ նշելով, որ հատկապես խոցելի է հայկական հնագույն մշակութային եւ կրոնական ժառանգությունը, որն Արցախում է: Հենց այդ մտահոգությունն է, որ ստիպում է Հայաստանին՝ համախմբելու միջազգային տարբեր դերակատարներին՝ պատմամշակութային արժեքների 1500 օբյեկտներ, այդ թվում՝ հնագույն վանքեր, պատմական թաղամասեր, գերեզմանատներ եւ հնագիտական վայրեր փրկելու նպատակով:
Նկատենք, որ ոչ միայն պատերազմի օրերին, այլեւ դրանից հետո պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանի կողմից ոչնչացվել կամ պղծվել է Արցախի բռնազավթված տարածքներում գտնվող այս կամ այն պատմամշակութային հուշարձանը։ Թեպետ վերջերս Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության, այդ թվում՝ եկեղեցիների եւ այլ աղոթատեղիների, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների եւ արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի եւ պղծման գործողությունները», սակայն գործուն քայլեր կամ որեւէ դրական արձագանք այդ երկրի իշխանությունների կողմից չի արձանագրվել։ Ընդհակառակը, Ադրբեջանը մինչ օրս շարունակում է արհեստական խոչընդոտներ ստեղծելով թույլ չտալ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից անկախ փորձագիտական առաքելություն ուղարկվի Արցախ։
Հայկական շահին կարող է ծառայեցվել նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում նախօրեին ընդունված նացիզմի եւ նեոնացիզմի հերոսացման դեմ պայքարի վերաբերյալ ռուսական բանաձեւը։ Նշենք, որ փաստաթղթին կողմ էին քվեարկել 130 պետություն, 49-ը՝ ձեռնպահ (որոնց թվում՝ Թուրքիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը եւ այլն), երկուսը՝ դեմ (ԱՄՆ, Ուկրաինա)։ Փաստաթղթում խոսվում է նաեւ նեոնացիզմի եւ այլ պրակտիկաների անթույլատրելիության մասին, որոնք նպաստում են «ռասիզմի ժամանակակից ձեւերի, ռասայական խտրականության, այլատյացության եւ դրա հետ կապված անհանդուրժողականության» սրմանը։
Բանաձեւը խորհուրդ է տալիս կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ի թիվս այլոց, կանխելու «մարդկության դեմ հանցագործությունների եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված ռազմական հանցագործությունների ժխտումը»։ Փաստաթղթի հեղինակները, ի թիվս այլ բաների, դատապարտում են այս պատերազմի զոհերի հուշարձանների վրա գծանկարներ նկարելը։ Անընդունելի է համարվում ցանկացած ուսումնական նյութի օգտագործումը, որը քարոզում է ռասիզմը, խտրականությունը եւ բռնությունը էթնիկ պատկանելության հիմքով:
Վերջին ժամանակներում Ռուսաստանն ամեն տարի նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից նացիզմի հերոսացման եւ նեոնացիզմի դեմ պայքարի անթույլատրելիության մասին բանաձեւի ընդունումը։ Այստեղ էականն այն է, որ ռասայական խտարականության, էթնիկ անհանդուրժողականության, վանդալիզմի եւ այլ հակահումանիստական դրեւորումների հետ կապված ձեւակերպումներն անմիջականորեն առնչվում են Թուրքիային եւ Ադրբեջանին։ Այս երկու պետություններն այս առումով «օրինակելի» են եւ կարող են հիմք լինել մեզ համար, որպեսզի բանակցային սեղանի շուրջ թուրք-ադրբեջանական սահմաններ չճանաչող պահանջներն ուղղվեն հարաբերությունների կառուցման իրատեսական ուղի։ Հակառակ դեպքում նրանք չեն հրաժարվի թե մեր պատմությունը վերաշարադրելու արատավոր պրակտիկայից, թե մեր կենսական շահերը ոտնահարելուց։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ