Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե հայ-թուրքական հարաբերությունները վերականգնելու հարց է դիտարկվելու, ապա այն պետք է լինի առանց նախապայմանների: Թուրքիայի դեպքում դա նշանակում է երկկողմ հարաբերությունները չկապել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, առավել եւս՝ Արցախի խնդրի հետ: Հայաստանի դեպքում չպետք է դիտարկվեն Հայոց ցեղասպանության եւ արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի անմիջական մասնակցության խնդիրները, սակայն սա չի նշանակելու, որ դրանք միջազգային քաղաքական գործընթացների ու բանակցությունների օրակարգերից դուրս կմնան:
Բայց պարզվում է, որ պաշտոնական Անկարան դեռ չի հրաժարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայմաններ առաջ քաշելու գայթակղությունից: Թուրքիայի ԱԳ նախարարը եռօրյա հաճախականությամբ տարբեր չափաբաժիններով շրջանառության մեջ է դնում գաղափարներ, որոնք ավելի շատ դրանց արձագանքների միջոցով Հայաստանի եւ տարածաշրջանի շահագրգիռ երկրների տրամադրությունների ու դիրքորոշումների «գույքագրման» նպատակ են հետապնդում, քան գործնական, թիրախային քայլեր են: Նախորդ շաբաթվա ընթացքում Մեւլութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանդես եկավ միանգամից երկու հայտարարությամբ: Առաջինի դեպքում նշեց, որ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քննարկվող հարցերի վերաբերյալ մշտապես խորհրդակցելու է Ադրբեջանի հետ, իսկ երկրորդ հայտարարությամբ ավելի հեռուն գնաց՝ ասելով. «Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի: Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն, Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։
Դժվար է ասելը, թե ենթադրյալ առաջարկի «համընդգրկուն խաղաղության պայմանագրի» տակ ինչ է հասկանում Թուրքիան: Եթե դա ենթադրում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ դրա տակ նկատի ունենալով Արցախի կարգավիճակի հարցի փակում, ապա կնշանակի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցությունները չսկսած միանգամից փակուղի տանել: Մյուս կողմից՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն Ադրբեջանի հետ մի քանի համատեղ պայմանագրեր է ստորագրել, որոնք ենթադրում են Ադրբեջանի սուվերենության ընդունում, բայց դրան զուգահեռ հայկական կողմերը հայտարարել են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի կապ չունի Արցախի Հանրապետության հետ, քանի որ վերջինս Ադրբեջանից ավելի շուտ է անկախացել Խորհրդային Միությունից, այն նույն ընթացակարգով, որով հետագայում անկախացավ Ադրբեջանը, եւ այս 30 տարիներին միակ խնդիրը եղել է Բաքվի կողմից այդ՝ միջազգային իրավունքի եւ ժամանակին գործող ԽՍՀՄ օրենսդրության ու Սահմանադրության ոգուն համապատասխան արցախցու իրականացրած ինքնորոշման ակտի ճանաչումը:
Վերջին հաշվով, այս բացարձակ իրողությունը հիմք ընդունելով, երկու երկրների ինքնիշխանությունը ճանաչելը ոչ մի բան չի փոխում տարածաշրջանի ընդհանուր համայնապատկերում: Եթե Արցախի ժողովրդին կրկին վտանգ սպառնա, այդ դեպքում ընդամենը ժամերի հարց կլինեն ՀՀ խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը եւ պաշտպանության ու անվտանգության ապահովման ուղղությամբ գործողություններ սկսելը:
Ծավալվող գործընթացներում պետք է միշտ գիտակցել, որ տարածաշրջանի հիմնահարցը Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է՝ նրա կարգավիճակի հարցի լուծումը: Այս խնդիրը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը վաղուց իրար հետ կապ չունեն եւ տարբեր հարթությունների վրա են: Արցախի ժողովուրդն իր օրինական ձեւավորած իշխանության կառույցների միջոցով աշխարհին բազմիցս հայտնել ու շարունակում է հայտնել, որ երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: Իրողությունների այս համայնապատկերում, եթե Ադրբեջանը ցանկանում է Արցախի կարգավիճակի հարցը քննարկել բացառապես Արցախի Հանրապետության իշխանությունների հետ եւ այդ նպատակով ՀՀ-ին պարտադրում է ճանաչել միմյանց սուվերենությունը, ապա մեր երկիրը միայն կարող է ողջունել Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ բանակցությունները:
Վերոնշյալի համատեքստում սահմանների բացումը Արցախի խնդրի հետ կապելու ադրբեջանաթուրքական կողմի համառությունը դժվար է գնահատել որպես ծանրակշիռ դիվանագիտական քայլ, այն էլ՝ որոշակի հեռանկարային արդյունքներով: Հայաստանը հայտարարել է, որ եղել ու կմնա Արցախի անվտանգության երաշխավորը, բայց ոչ նրա ճակատագրի որոշողը, այն Արցախի ժողովրդի ձեռքում է, որը նա արդեն արել է եւ չի խուսափում այդ աստվածահաճո քայլը եւս մեկ անգամ անելուց: Հետեւաբար՝ թյուրքական կողմը սթափ մտածելու դեպքում կարող է հասկանալ, որ, ամեն կերպ անտեսելով եւ փորձելով օրակարգից դուրս թողնել Արցախի կարգավիճակի հարցը, ավելի է բարդացնելու իրավիճակը: Տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ համագործակցության մթնոլորտ ձեւավորելու համար ուղղակի պետք է բացել փակ սահմանները, իրավապայմանագրային հիմնավոր բազայի վրա սահմանագծման ու սահմանազատման գործընթաց սկսել եւ անցնել Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական բանակցությունների փուլին: