Մեր ժամանակներում քիչ կարելի է հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր բարոյական արժեքների կրողներ են, ունեն բարձր մարդկային որակներ ու գիտելիքներ։ Աշխատասեր, ձգտող, հզոր կամային հատկանիշներով օժտված, քաջ, դժվարություններից չվախեցող ու չխուսափող, նախաձեռնող, անսահման բարի: Թերեւս, Սարգիսը համապատասխանում է մեր ժամանակների հերոսի կերպարին:
Սարգիսը 19 տարեկան է, միաժամանակ սովորում է 3 բուհում` Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի Պոլ Սաբատիե համալսարանում (համակարգչային գիտություն եւ ինֆորմատիկա ֆակուլտետ) եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում (հրետանավոր): Դեռեւս դպրոցական տարիներից աշխատում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԱՏՁՄ)՝ Յուրի Գագարինի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբակավար։ 10-17 տարեկան երեխաները դասերից հետո «Արմաթ»-ում նրա օգնությամբ սովորում են ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում, ալգորիթմական մտածողություն, ծրագրավորման եւ ինժեներության հիմունքներ: Սարգսի խմբակի երեխաները ոգեւորությամբ են մասնակցում դասերին եւ հաճույքով ընդունում սիրելի խմբակավարի խորհուրդները: Ի դեպ, բոլորովին վերջերս Սարգիսը Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից պարգեւատրվել է ռուս մեծ գրող, հրապարակախոս եւ փիլիսոփա Ֆյոդոր Դոստոեւսկու ծննդյան 200-ամյակին նվիրված հուշամեդալով՝ կրթության գործում մեծ ավանդի, դեռահասների շրջանում բարձր մարդկային հատկանիշներ սերմանելու եւ դաստիարակության գործում ունեցած ներդրման համար։
Լինելով ԱՏՁՄ աշխատակից եւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ` Սարգիսն առանձահատուկ շեշտում է Հայաստանում ոլորտի հսկայական ներուժի ու զարգացման հեռանկարների մասին. «ՏՏ ոլորտը Հայաստանում ահռելի ներուժ ունի։ Եթե արդյունաբերական այլ արտադրանքների արտահանման համար մեզ տրանսպորտային ուղիներ, ցանցեր ու ռեսուրսներ են պետք, ինչը մեզ սահմանափակ շուկայի առաջ հասանելի կդարձնի, ապա ՏՏ ոլորտի դեպքում ունենք մի քանի միլիարդանոց շուկա, եւ կարող ենք հասանելի դարձնել մեր արտադրանքը ցանկացած մարդու, ով ունի թվային սարքավորում եւ ինտերնետ»։
Հայաստանում ՏՏ ոլորտն այնքան մեծ տեմպով է զարգանում, որ ամեն տարի մոտ 3000 թափուր հաստիք այդպես էլ չի լրացվում։ Սա, թերեւս, դանդաղեցնում է կազմակերպությունների աճը, նվազեցնում մրցունակությունը միջազգային շուկայում։ Եթե բազմակողմանի զարգացած եւ որակյալ կադրերի խնդիրը լուծում ստանա, ապա, վստահաբար, ՏՏ ոլորտը Հայաստանում ոչ թե կլինի առաջատարներից մեկը, այլ հենց առաջատարը: Այս դեպքում պետական ինստիտուտները, կրթական կենտրոնները մեծ անելիքներ կունենան։
Լինելով բազմակողմանի զարգացած ու միաժամանակ անթիվ գործեր հասցնող երիտասարդ` զարմանալի չէ, որ Սարգսի հետաքրքրությունների շրջանակն անասելի լայն է եւ միմյանցից տարբերվող: Մասնագիտությունից զատ սիրում է լուսանկարել, ստեղծագործել, գրել, երաժշտություն լսել, թատրոն հաճախել, ընթերցել` հատկապես հոգեւոր թեմաներով գրքեր, իսկ վերջերս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում է մարքեթինգ ու դիզայն։ Սրանք Սարգսի հետաքրքրությունների ու նախասիրությունների քիչ մասն են կազմում: Ի դեպ, 2014 թ., երբ Սարգիսը դեռ 12 տարեկան էր, լույս տեսավ նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Անցողիկ հավերժություն» վերնագրով։
Սարգիսը, չնայած իր տարիքին, բավական գործ է հասցրել անել, ահռելի փորձ ձեռք բերել, անթիվ հաջողությունների հասել: Վստահաբար, դա պայմանավորված է նաեւ իր ընտրած կարգախոսով՝ մեր արարքները մեր հուշարձաններն են։ Այս գիտակցումն է հոգում ծնում երախտագիտություն ու բարություն, դիմացինին օգնելու մղում, որոնք Սարգիսի համար մարդկային ամենակարեւոր հատկանիշներն են: Նրա համոզմամբ` միայն այս հատկանիշներն ունենալով ու պահպանելով մարդը յուրաքանչյուր ոլորտում կարող է արժանապատիվ հաջողության հասնել:
Սարգիսն իր գործունեությամբ, առաջին հերթին, ձգտում է արժանի լինել Հայաստանին, իսկ ապագայի պլաններն ամբողջությամբ կապված են Հայաստանի Հանրապետության հետ: