Հարափոփոխ ժամանակներն անզոր են ջնջելու պատմական իրողություններն այնպես, ինչպես անհնարին է թաքցնել լույսը՝ ինչ-որ խավարչտին խորշերում:
Մեր ասելիքի առանցքում արյունոտ բռնակալի վերափոխված նախկին կինտոյի՝ ստալինյան բռնարարքների շրջանում հայրենիքի դավաճանի պիտակով դատապարտվածների եւ նույն բախտին արժանացած նրանց անմեղ կանանց հիշատակին նվիրված վավերագրական ֆիլմն է: Ասելիքի առումով նախադեպը չունեցող մի ժապավեն, որն սկսվում է նախորդ դարի 30-ականներին սկիզբ առած կուլակաթափության բուն նպատակի բացահայտումով, համընդհանուր բռնարարքների ենթարկվածների հարազատների ու թոռների դառն վերհուշերով:
Այդ ժամանակների դժոխավայր ճամբարները սփռված էին միության անծայրածիր տարածքով մեկ: Իսկ հատուկ կանանց համար ստեղծվածները երեքն էին, որոնցից մեկը՝ «Ալժիր» անվանումով՝ Ղազախստանում: Ֆիլմը հենց այս աքսորավայրում կմախքացած կանանց մասին է: Իսկ ովքեր էին նրանք՝ այդ անմեղ-մեղավորները. արվեստագետներ, գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, պարուհիներ, դերասաններ, ինժեներներ, գրողներ, որոնց թվում էին նաեւ աշխարհահռչակ Մայա Պլիսեցկայայի մայրը՝ Մայա Պլիսեցկայան, բանաստեղծ-երգիչ Բուլատ Օգուջավայի մայր Աշխեն Նալբանդյանը, մարշալ Տուխաչեւսկու քույրը, կոմունիզմի նվիրյալ հարյուրավոր այլ գործիչների կանայք: Նրանց հասցեագրված մեղադրանքը գրեթե նույնն էր՝ եթե դավաճան է ամուսինդ, ուրեմն դու չես կարող նրա համախոհն ու գաղափարակիցը չլինել: Եվ վե՜րջ, այլ ապացույցների կարիքը չկա: Եվ այդ փխրուն արարածները մաշվելու էին իրենց իսկ ձեռամբ կառուցած մահահոտ բարաքներում, կարի արտադրամասերում, քաղցից ու սովից: Կարմիր դահիճների համար միեւնույն է եղել, թե նրանք նոր ծննդկաններ են կամ մանկահասակ երեխաներին սնուցող մայրեր, որոնց հարազատ զավակներից բաժանում էին երեք տարին լրանալուց անմիջապես հետո՝ տանելով հատուկ մանկատներ: Իսկ շրջապատում կրկնակի փշալարեր են, կատաղի շներ, սովամահ մարմիններ… Ֆիլմում այս ամենի մասին խոսում են մահվան որջերից հրաշքով փրկված հատուկենտները՝ ասես չհավատալով իրենց վերաապրումին: Նրանք սեւ գերեզման են անվանում Ակմոլինսկը՝ «Ալժիր» ճամբարը՝ դժոխքված 1936-ին եւ գոյատեւած մինչեւ մեծ հրեշի սատակելը՝ 1953 թ.:
Այս իրողությունների ֆոնին հաճախակի են հայտնվում երկիրն ու կոմունիզմը գովաբանող վավերագիր հատվածներ՝ երջանիկ կյանքի փառաբանման տեսարաններով: Այս իրողությունների համադրում-հակադրումով է նաեւ ամբողջանում կինոժապավենը:
Բարեբախտաբար, անցնելու էին սեւ հրեշի ժամանակները, եւ բարեգութ ու ազնվարյուն մարդիկ իրականացնելու էին բռնադատված կանանց հիշատակն հավերժացնող ձեռնարկումներ: Մեծարժեք այս ֆիլմն ստեղծվել է պատվարժան մեր հայրենակից, սանկտբետերբուրգաբնակ համբավավոր Հրաչյա Պողոսյանի բարեգործական ֆոնդի միջոցներով: Եվ ոչ միայն սա: Նրա առատաձեռնության արդյունք են աշխարհի 14 երկրներում նոր կառուցված կամ հիմնովին վերակառուցված պատմական ու հոգեւոր ժառանգության հուշակոթողները, անվանի զորավարների, գրողների, բժիշկների, Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող շուրջ 150 հուշարձանները: Նա չէր կարող անմասն մնալ նաեւ «Ալժիր» ճամբարի տարածքում կառուցված հուշահամալիրի վերխոյացմանը: Այս ֆիլմում Հրաչյա Պողոսյան բարեգործի մասին անթաքույց հիացմունքով են խոսում օտարները. «Նա ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի քաղաքացի է, այլեւ՝ աշխարհի…»: Այսպես արտահայտվողները մեկը չէ, երկուսը չեն… Միայն Ղազախստանում 10-ից ավելի նախագծեր է իրականացրել մեզ հպարտություն ներշնչող մեր հայրենակիցը: Ֆիլմում ցուցադրվում է հուշահամալիրում տեղադրված նաեւ այն խաչքարը, որին փորագրված է. «Ի հիշատակ «Ալժիր» ճամբարի հայ կին բանտարկյալների»: Սա նույնպես Հրաչյայի նախաձեռնությունն է: Բարեգործ մեր հայրենակիցը մարմարակերտ եւս մեկ գեղաշուք խաչքար է հառնեցրել Աստանայում՝ տիրամոր խճանկարի ոսկեզօծ լուծումներով, իր անուրանալի ներդրումն ունեցել Քրիստոսի տառապանքները կրած հավատացյալ այն տասներկու կանանց հիշատակը խնկարկող եկեղեցու կառուցմանը՝ շքեղ ու հավատաշունչ:
Ասենք, որ ղազախական պետությունը բարձր է գնահատել Հրաչյա Պողոսյանի անշահախնդիր նվիրաբերումներն ու վաստակը: Գնահատել է նաեւ նրանց պատրիարքը՝ անվանի հայորդուն արժանացնելով «Աշխատանքի համար» շքանշանի: Նա հովանավորել է նաեւ Գալինա Սեմյոնովայի «Պատիժ՝ առանց հանցանքի» ստվարածավալ գիրքը: Իսկ թե էլ ինչ ձեռնարկումներ կհեղինակի բարեգութ ու առատաձեռն սիրված մեր հայրենակիցը՝ կապրենք, կտեսնենք:
Իսկ դուք նայեք ներկայացված այս ֆիլմը. այն ձեզ ասելիք ունի…